«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2003-03-04 | #43, 2003-03-06 | #44, 2003-03-07


ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

2-րդ փուլում քվեարկեցին... Գեղամյանի օգտին

Նախագահական ընտրությունների ընթացքում բազմաթիվ առիթներ ունեցանք լսելու մեծ-մեծ խոստումներ, ցինիկ հայտարարություններ, «պոզով ու պոչով» սուտ լուրեր, որոնցից, ինչպես ժողովուրդն է ասում, «եփած հավի ծիծաղն էլ է գալիս»։ Լավ է, որ քաղաքական շիկացած մթնոլորտում ժողովուրդը չկորցրեց ամենագլխավորըՙ հումորի զգացումը, հորինելով զանազան անեկդոտներ ու զավեշտական պատմություններ։

Երկրորդ փուլում ամենահավատարիմը Արտաշես Գեղամյանի ընտրողներն էին։ Եթե մյուս թեկնածուների ընտրողներն արագորեն կողմնորոշվեցին, ապա Գեղամյանի որոշ ընտրողներն, անսալով իրենց թեկնածուի «արդար» խոսքին, կամ չպաշտպանեցին ոչ մեկին, կամ էլ, որ ամենազավեշտականն է, որոշեցին իրենց ձայնը տալ «փրկչին»։ Ինչպե՞ս։

Մտնելով քվեախցիկ, նրանք քվեաթերթիկի վրա մեծագույն սիրով ավելացրել էին իրենց ընտրյալի անուն-ազգանունն ու քվեարկել հօգուտ նրա։ Դեռեւս հայտնի չէ, թե որքան ձայն է ստացել պարոն Գեղամյանը, սակայն պարզ է մի բան, որ նրա ընտրողներից մի քանիսը հնարամտորեն մասնակցել են ընտրություններին, կատարել իրենց քաղաքացիական «պարտքն ու պահանջը»ՙ հավատարմության թաքուն «ցույցի» ձեւով։ Դե իհարկե, չէ որ պարոն Գեղամյանը դեմ է միտինգներին ու ցույցերին եւ նախընտրում է պայքարի սահմանադրական ձեւերը։ Այնպես որ, ընտրողն իր թեկնածուից հրաժարվողը չէ։ Մանավանդ Արտաշես Գեղամյանին ընտրողները։

Ափսոս, որ մեզանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում միայն սկիզբ առան քաղաքական բանավեճերը, իսկ քաղաքական հումորը դեռեւս տեղ չի գտել մեր եթերում։ Մինչդեռ շատ ու շատ սրամիտ պատմություններով կարելի էր մեղմել ու ավելի թեթեւ անցկացնել ընտրապայքարը։ Եթերն իսկապես որ շատ էր մռայլ ու անգույն, եթե հաշվի չառնենք մի քանի թեկնածուների գովազդային հոլովակները։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4