«Երկրորդ փուլն անցել է զանգվածային խախտումներով, բռնություններով, ահաբեկչություններով եւ արդյունքները որեւէ առնչություն չունեն ժողովրդի կատարած ընտրության հետ», Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամլո ասուլիսում մարտի 5-ի գիշերը հայտարարածը կրկնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։ Նա լրագրողներին հրավիրել էր հայտնելու «սահմանադրության շրջանակներում հանուն արդարության ու հաղթանակի» մինչեւ վերջ պայքարելու իր հաստատակամության մասին։ Նա տեղեկացրեց, որ նախընտրական շտաբում հսկայական նյութեր են կուտակվել կեղծարարությունների ու խախտումների վերաբերյալ։ Իրենք արդեն դիմել են Սահմանադրական դատարան, իրենց իրավաբանները մտադիր են գործ հարուցել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանդեպ, որը նույնպես մասնակցել է խախտումներին։ Նախկին թեկնածուի համոզմամբ, ընտրությունների երկրորդ փուլն իր բնույթով աննախադեպ էր, եւ ամեն ինչ ընթացավ նախապես ծրագրված սցենարով, ըստ հրահանգների։ Նա ասաց, որ հոկտեմբերի 27-ից հետո էլ հրահանգավորում եղավ, թե մարդասպանները հինգն են, եւ ով փորձում էր այլ բան ասել, անմիջապես մեղադրվում էր շահարկում անելու մեջ։ Ս. Դեմիրճյանը նշեց, որ հանձնաժողովներում բռնություններ են իրականացվել իրենց վստահված անձանց նկատմամբ, բայց հեռուստաալիքները ցուցադրել են միայն Ս. Դեմիրճյանի կողմնակիցների խախտումները, որոնք խախտում անելուց հետո փախել են։ «Եթե այդպիսի բան է եղել, բռնեք եւ պատժեք, ոչ թե ասեք, թե փախել են», ասում է Ս. Դեմիրճյանը։
Ստեփան Դեմիրճյանն ԱՊՀ դիտորդական առաքելությանՙ ընտրությունների երկրորդ փուլի գնահատականը «թողեց իրենց խղճին»։ Նրանց հետ հասցրել էր հանդիպել միայն ընտրություններից առաջ։ Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե իրենք ինչո՞ւ են աշխատում միայն եվրոպական դիտորդների հետ, պատասխանեց, որ իրենք ոչ մեկի հետ չեն աշխատում, եւ Եվրոպայի դիտորդներն իրենք են ամեն ինչ արձանագրել։ Նրանց գնահատականները «պատիվ չեն բերում մեր երկրին», եւ ժողովրդի կամքի արհամարհումը կործանարար հետեւանքներ կունենա։ Այդ հետեւանքները նվազագույնի հասցնելու համար իրենք շարունակելու են պայքարը «հանուն լեգիտիմ իշխանության», քանի որ Հայաստանին անհրաժեշտ է լեգիտիմ նախագահ, որն այդպիսին պիտի ընկալվի ժողովրդի գիտակցության մեջ, եւ վերջինս չպետք է տուժի իր իշխանությունների պատճառով։ Ս. Դեմիրճյանը եվրոպացի դիտորդների գնահատականն օբյեկտիվ է համարում։ «Իսկ Յու. Յարովն իր ասածի մեջ թող համոզի բռնության ենթարկված անձանց»։
Այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորել է Ռ. Քոչարյանինՙ վերընտրվելու առթիվ, ՀԺԿ-ականներին չի հուզում, եւ որեւէ ազդեցություն չի ունենա նրանց սկզբունքային մոտեցումների վրա։
Հանրահավաքներին հասարակության ակտիվ մասնակցությունը նախագահի նախկին թեկնածուն բացատրում է նրա «վիրավորված արժանապատվությամբ», քանի որ օրինական ընտրություններ չեն եղել, եթե այդպիսին լինեին, ինքն առաջինը կշնորհավորեր հաղթած թեկնածուին։
Ընտրությունների գիշերը ՀՀ նախագահի արած այն արտահայտությունը, թե «ընդդիմությունը 7 երգ ունի, 7-ն էլ խախտումների մասին է», Ս. Դեմիրճյանը վերադարձրեց այս տեսքովՙ թող խախտումներ չանեն, մենք էլ չենք խոսի այդ մասին։ Այն հարցին, թե իշխանությունների հետ բանակցելու որեւէ ուղի տեսնո՞ւմ է պարոն Դեմիրճյանը եւ չի՞ գտնում, որ հասարակության երկատվածության պայմաններում համագործակցությունն անհրաժեշտություն է, Ս. Դեմիրճյանը պատասխանեց. «Իշխանությունների հետ բանակցությունների եզր կլինի այն դեպքում, երբ պատժվեն ընտրությունների կեղծարարներն ու խախտողները։ Իսկ անպատժելիության պատճառը հովանավորչությունն է»։
Խոսելով ընտրությունների օրվա մասին, Ս. Դեմիրճյանը պատմեց, որ նախընթաց օրը տեղամասային հանձնաժողովներից վտարել են ընդդիմության 100-ից ավելի ներկայացուցիչների, ընտրությունների օրը վտարել են վստահված անձանց։ Նա կասկած հայտնեց նաեւ երկրորդ փուլին մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ։
Երկրորդ փուլը չբոյկոտելու իր որոշումը Ս. Դեմիրճյանը պատճառաբանեց այն հանգամանքով, թե մտավախություն է ունեցել, որ դա կդիտվեր իբրեւ նահանջ, եւ բացի այդ, ինքը հույս ուներ, որ քիչ թե շատ տանելի ընտրությունների դեպքում կհաղթեր։ Այդուհանդերձ, չի զղջում, որ մասնակցել է երկրորդ փուլին։ Իսկ թե ինչու (եթե ընտրակեղծիքներն անխուսափելի էին) հենց առաջին փուլում Ռ. Քոչարյանն այդ ճամփով միանգամից հաղթանակի չհասավ, Ս. Դեմիրճյանը բացատրում է հասարակության ճնշմամբ եւ դիտորդների եզրակացություններով (այդ երկու գործոնն այսօր էլ կան) եւ Ռ. Քոչարյանիՙ երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ ապահովելու հեռահար ծրագրով։ Բայց ամեն ինչ միայն երկրորդ փուլով չի ավարտվում։ Իրենք շարունակելու են իրենց պայքարը։ «Մենք հեղափոխական չենք, բայց սկզբունքային եւ հետեւողական ենք լինելու», վերջում կրկին հավաստիացրեց նա։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ