«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2003-03-06 | #44, 2003-03-07 | #45, 2003-03-08


ԻԲՐ ԹԵ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ...

Մեկ էլ հանկարծ սթափվում ու զգում ես, որ կյանքի մրցավազքի մեջ տանուլ ես տվել ամենաէականը։ Ու ձեռք բերածդ այնքան անկարեւոր է թվում, երբ շուրջդ մարդկային հարաբերությունների ֆարս կարուսել է պտտվում, որի մեջ հայտնվելովՙ կարիք ես ունենում փնտրելու ամենասովորականըՙ մարդկային խիղճը։

Այսօր առավել քան բաց է հասարակության նյարդը եւ ինքըՙ ավելի խոցելի։ Ինչի՞ց է, որ երիտասարդ շատ ընտանիքներ հուսահատվում կամ օր-օրի կորցնում են հավատը։ Հարցը բարոյականություն քարոզելը չէ միայն, բայց անունն ի՞նչ դնես, երբ ծննդատներում համատարած «քրիստոնեաբար» թալան է կատարվում։ Հիմա կասենՙ ինչ մի նորություն է որ, այդ ե՞րբ, ո՞ր հիվանդանոցներում չեն «պլոկում» հիվանդինՙ խորհրդային կամ հետխորհրդային տարիներին։ Պարզապես գումարներն են շատացել։ Բայց եթե խորհրդային տարիներին բոլոր հիվանդներն ունեին պահանջվող գումարը, հիմա բոլորովին էլ այդպես չէ։ Շատերի համար բուժծառայությունն անմատչելի իրողություն է։ Եթե հիվանդ ունես, ու նա վիրահատման կարիք ունի, պետք է նախ եւ առաջ գրպանիդ պարունակությունը հաշվես, նոր «հիվանդանոցային ռիսկի» դիմես։ Իսկ եթե ծննդաբերության դեպք է, ինչ անես, տանը չես պահի հղի կնոջդ։ Եվ ծնելիության նվազման պատճառներից մեկը ֆինանսական խնդիրներն են, անշուշտ։ Երիտասարդ շատ ընտանիքներ ըստ իրենց կենսապայմանների են որոշումՙ երեխա ունենա՞ն, թե՞ ոչ։

Կեսարյան վիրահատության ճանապարհով մի ծննդաբերության արժեքը (նախապես բժշկի հետ պայմանավորված) 300 ամերիկյան դոլար է։ Այս գումարը տալովՙ հիվանդը «ձերբազատվում» է մնացած հավելյալ վճարումներից։ Իմ զրուցակիցըՙ երիտասարդ մի տղամարդ, զայրացած ու զարմացած պատմում էր մի քանի օրվա ընթացքում իր գլխին եկած «փորձանքները» Ս. Մարիամ ծննդաբերական կլինիկայում։ Բժիշկների պրոֆեսիոնալիզմից եւ վերաբերմունքից գոհ լինելով հանդերձՙ զրուցակիցս սրտնեղած էր դրամաշորթության շքերթից։ Դրանք միջին կարողությունների տեր քաղաքացու համար այսօր այնքան էլ քիչ չեն։ Թվարկենք հերթականությամբ (բացի 300 դոլարից). երեխային բուժող բժշկինՙ 10.000 դրամ, նորածնին դուրս գրելու համարՙ 7000 դրամ, արյան համարՙ 1.000 դրամ, երեխայի դուրսգրման համարՙ 1.500, ուղեկցող քույրինՙ 500 դրամ։ Իսկ հիվանդանոց ամեն անգամ մուտք գործելու համարՙ 1.000 դրամ։ Յուրաքանչյուր տղամարդ պիտի ունենա այս գումարները, այլապես «կձախողվի» կնոջ ծննդաբերությունն ու հետագա ընթացքը, կամ էլ ստիպված կլինի տանը ծննդաբերել։ Իսկ երբ հիվանդանոցում տեսնում ես արտասվող տղամարդուՙ փող չունենալու պատճառով, խոսքերն արդեն ավելորդ են։

Զրուցակցիս վրա այնքան չէին ազդել թալանի այս «գործընթացները», որքան մարդկային գթասրտությունից զերծ որոշ բուժաշխատողների վերաբերմունքը։ «Վիրահատությունից 2 օր անց ինձ բերեցին հիվանդասենյակ, փետրվարյան ցրտերը սաստկացել էին, գիտեի, որ ամուսինս անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է, բայց ամբողջ օրը ես եւ մանկիկս, չգիտես որ մեղքի համար, ստիպված էինք սառը հիվանդասենյակում դողացնել։ Մի՞թե էլեկտրական մի սալիկ տեղադրելու համար էլ փող էր նրանց պետք տալ», պատմում է կինը։ Այսպես, մինչ ուշ երեկո, մինչեւ ամուսնու հիվանդանոց գնալը, կինը եւ երեխան մնացել էին ցուրտ պատերի ներքո։ Եվ ամուսնու զայրույթից հետո է միայն բուժքույրերից մեկը հայտնվումՙ էլեկտրական սալիկը ձեռքին։ Այս ծառայության համար բուժքույրին 500 դրամ էր պետք տալ, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ։

Պարզվում է, որ խիղճը պետք չէր շատ երկար որոնել, այն թաքնված է կանաչ (եւ ոչ միայն) թղթադրամների հետեւում (ինչպես ամեն ինչ այս կյանքում)։ Այսպես մեզնից օր-օրի թալանվում է բարոյականությունըՙ ազնվությունը կամ գթասրտությունը (մգլոտած, ժամկետանց ըմբռնումներ), եւ սրանից է, որ սկսում են ավելանալ անտարբերությունը եւ ամենավտանգավորըՙ ատելությունը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4