«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2003-03-08 | #46, 2003-03-11 | #47, 2003-03-12


ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՀԵՏԵՎԻ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 10-ին Փարիզում կայացած Եվրախորհրդի բյուրոյի նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ Է եղել նաեւ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին։ Ինչպես տեղեկացանք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանից, նիստի ընթացքում որեւԷ որոշում չի կայացվել, նշվել Է, որ Հայաստանը հնարավորություն ունի մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Եվրախորհրդին ապացուցելու, որ կարող Է անցկացնել ժողովրդավար ընտրություն։ «Կարծիք Է եղել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Եվրախորհուրդն ավելի մեծ պատվիրակությամբ կլինի Հայաստանումՙ ընտրությունների ընթացքը դիտարկելու համար, որպեսզի իր սեփական կարծիքն ունենա, եւ ԵԱՀԿ-ի կարծիքը գերակայող չլինի», նշեց Հովհ. Հովհաննիսյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքերով, առաջիկա վեհաժողովի ժամանակ Հայաստանի նախագահական ընտրությունների հարցը չի քննարկվի, պարզապես լորդ Ռասել Ջոնսթոնի հայտարարությունն ի գիտություն կընդունվի։ Սակայն բյուրոյի նիստում եկել են այն եզրակացության, որ հունիսին կայանալիք ԵԽ ԽՎ լիագումար նիստում Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները միասին կքննարկվեն։ «Եվրախորհուրդը կարեւորում Է մայիսի 25-ի ընտրությունները, ու նաեւ դրանից են կախված լինելու Հայաստան-Եվրախորհուրդ հարաբերությունների հետագա զարգացումները», նշեց Հովհ. Հովհաննիսյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4