«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2003-03-11 | #47, 2003-03-12 | #48, 2003-03-13


«ՓԵՏՐՎԱՐԻ 22»-Ը ՄՏԱԴԻՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ

Փետրվարի 21-ի հանրահավաքից հետո, 22-ի առավոտյան ձերբակալված եւ ազատ արձակված մարդկանց մի խումբ միավորվել եւ հիմնում է «Փետրվարի 22» հասարակական կազմակերպությունը։ Երեկ «Հանրապետություն» կուսակցության շենքում նրանք ասուլիսի էին հրավիրել լրագրողներինՙ հայտնելու իրենց վիրավորանքն այդ օրվա իրադարձությունների առթիվ։ Նրանց ձերբակալել են հանրահավաքին հաջորդած երթին մասնակցելու համար, բայց, իրենց պնդմամբ, մի մասը չի մասնակցել դրան, մի մասն ընդհանրապես միտինգի չի մասնակցել, իսկ մասնակցածներին բռնելը նույնպես չի արդարացվում, «քանի որ մենք Եվրախորհուրդ մտնող երկիր ենք եւ այնտեղ խաղաղ երթերին ու ցույցերին մասնակցության համար ոչ ոքի բռնաճնշումների չեն ենթարկում»։

Հիշեցման կարգով ասենք, սակայն, որ այդ մարդկանց մի մասը ձերբակալվել էր ոչ թե ընդհանրապես երթի, այլ չարտոնված երթի մասնակցելու համար։ Նորաստեղծ կազմակերպության անդամներ Հրայր Մելքոնյանը, Ռոմիկ Մխիթարյանը (Շենգավիթի Ս. Դեմիրճյանի նախընտրական շտաբի կոորդինատոր, երկրապահ), Ժորա Սափեյանը («Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային բաժանմունք), Վլադիմիր Առաքելյանը («Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության նախագահ) համոզված են, որ իրենց կալանելու պատրվակը միջոց էրՙ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին իրենց մասնակցությունը խոչընդոտելու համար, քանի որ բոլորն ակտիվիստներ են, իրենց ընտրատեղամասերում ճանաչված անձինք։ Ի դեպ, Ռոմիկ Մխիթարյանը պատկանում էր մի անգամ արդեն դատված ձերբակալվածների շարքինՙ դատապարտել են «անզգույշ սպանության» համար։ Նա վրդովմունք հայտնեց, թե ոչ ոք բարոյական իրավունք չուներ հիշելու այդ մասին, քանի որ ինքն իր պատիժն արդեն կրել է։ Նրանք ժխտեցին նաեւ անկարգություններ արձանագրված լինելու իրողությունը։ Հրայր Մելքոնյանի ասելով, ինքը երթի ընդհանրապես չի մասնակցել, սակայն չի հասցրել անգամ ասել այդ մասին, դատավարությունը մի քանի վայրկյան է տեւել, եւ մասնակցության փաստը նրան հրամցվել է իբրեւ անժխտելի իրողություն։ Նշվեց, որ նրանց մեջ շատ են եղել ազատամարտիկներ, որոնց եւս բռնել են, առանց հաշվի առնելու նրանց վաստակը պատերազմի տարիներին, երբ կռվում էին, որպեսզի այսօր իրենց դատող երիտասարդ դատավորը (տրվեց նրա ազգանունըՙ Մարտիրոսյան, այդ ընթացքում կարողանա ուսանել։ «Փետրվարի 22» հասարակական կազմակերպության առաջին քայլը լինելու է այդ դատավորներից հաշիվ պահանջելը։ Նրանք բոլորը պիտի դատի տրվեն, քանի որ մարդկանց բռնել են առանց նրանց մեղքը կամ մեղքի բաժինը ստուգելու եւ ապացուցելու։ Հնարավոր է, որ իրենց դատը բողոքարկեն եվրոպական դատարանում, հասնեն մինչեւ Ստրասբուրգ, քանի որ դատական վճիռներում նշված է, որ դրանք բողոքարկման ենթակա չեն։

Կալանվածները պատմում էին, որ շատերին տնից հանել են իբր բաժնում զրուցելու պատրվակով։ Ձերբակալությունները պատահականություն չեն նաեւ այն առումով, որ իրենց նախապես տեսախցիկներով լուսանկարել են, եւ ընդհանրապես «միտինգներում շրջում է մատնիչների մի խումբ», որ նկարում է մարդկանց եւ ըստ պատեհության ներկայացնում ներքին գործերի եւ արդարադատության կառույցներին։ Այս ենթադրությունը, ճշմարիտ լինի թե ոչ, հենց անմիջականորեն նպաստելու է հասարակության մասնատվածության խորացմանը, կասկածների եւ ատելությանՙ վտանգավոր դարձող մթնոլորտի ամրացմանը։ Այն, ինչից իբր մտադիր են փրկել ժողովրդին նորաստեղծ կազմակերպության անդամները։

Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցին իշխանությունների ճնշումները դատապարտող հայտարարություններ։

Իսկ այն, ինչ կատարվեց իրենց հետ, խոստովանում են, որ նաեւ իրենց մեղքն է, քանի որ ժամանակին չեն պայքարել իրենց իրավունքների համարՙ խաղաղ լռությունը նախընտրելով։ Այժմ սխալը փորձում են շտկել հասարակական կազմակերպության ստեղծմամբ, որը պիտի պաշտպանի ոչ միայն իրենց, այլեւ նախկինում եւ հետո էլ ձերբակալվածների շահերը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4