Վերջին 2 տարվա ընթացքում Երեւանը հայտնվել է դրսի ներդնողների ուշադրության կենտրոնում։ Ընդունենք թե չընդունենք, հավատանք թե ոչ, Երեւանն աչքի առաջ դառնում է տարածաշրջանում չափ ու կշիռ ունեցող, զարգացող ու ծաղկող քաղաք, որի վրա հառած է նաեւ ողջ սփյուռքի հայացքը։ Կարճ ժամանակահատվածում ներդրումային առաջարկների այնպիսի տարափ տեղաց, որ հարկ եղավ վերանայել նաեւ քաղաքի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե անձեռնմխելի հատվածները։
Քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի համոզմամբ, վերջին 2 տարվա ընթացքում Երեւանի հանդեպ արթնացած ներդրումային հետաքրքրությունը նաեւ քայլ առ քայլ նպաստավոր դարձող միջավայրի հետեւանք է։ Ուշագրավ է, որ ներդրումային հոսքերը քաղաքի կենտրոնից տեղաշարժվում են դեպի ծայրամասեր։ Ամենատեսանելին ու առարկայականը, մասնավորապես, տրանսպորտային ոլորտն առողջացնող ներդրումներն են։ «Լինսի» հիմնադրամով նախատեսված է նաեւ արդեն այս տարի վերակառուցել Դավիթաշենի տրանսպորտային հանգույցը Աշտարակի խճուղի ձգվող ուղղությամբ, Արգավանդի խաչմերուկի ձախակողմյան թեւը կապել Չարբախի հետ (Շիրակի փողոցՙ ձիարշավարանի ուղղությամբ)։ Սրանք տրանսպորտային այն երթուղիներն են, որոնց կառուցումը նախատեսված է եղել քաղաքի գլխավոր հատակագծում, բայց չի իրականացվել։ Սրանք, այսպես ասած, շրջանցիկ ճանապարհների դեր են կատարելուՙ Երեւանի ներքին միջավայրը հնարավորինս բեռնաթափելով տրանսպորտից։
Մեկ ուրիշ ճանապարհՙ Իսակովի պողոտան (օդանավակայան տանող) ուղիղ գծով կկապի Լենինգրադյան փողոցի հետ։ Սրա համար ներդրումներ են արել «ԴիՍիէյ» ադամանդագործության գործարանը, տեղական արտադրության «Կիլիկիա» գարեջրի գործարանը, «Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ժամացույցների գործարանը։ Վերջինիս արտադրամասերից մեկի մի հատվածը տեղավորվելու է այստեղ, եւ ղեկավարներն արդեն դիմել են եւս 5 հեկտարի չափ հողահատկացման խնդրանքով։ Այդ խոշոր ու խոստումնալից ծրագիրն այժմ քննարկվում է կառավարությունում։
Առանձին խումբ են կազմում, այսպես ասած, առանձնատների շինարարության ծրագրերը։ Այս տարի կսկսվեն Կանադական թաղամասի հատակագծման ու բուն շինարարության աշխատանքները։ 4,5 հա տարածքով այն կտեղավորվի Մյասնիկյան պողոտային հարող բլրի վերին մասում։ Անմիջապես թաղամասի հարեւանությամբ դրսի բարեգործների միջոցներով այս տարի կսկսվի նաեւ «Դրաստամատ Կանայան» զինվորական ուսումնարանի կառուցումը։ Կանադական թաղամասը Երեւան եւ Մոնրեալ քույր քաղաքների միջեւ կնքված համագործակցության հաստատումն է լինելու։ Կանադահայ բազմաթիվ գործարարներ պարզապես ուզում են իրենց տներն ունենալ եւ հավաքվել սարալանջիՙ դեպի քաղաք նայող համայնապատկերով գեղադիր հատվածում։ Նարեկ Սարգսյանն ընդգծում է մի հետաքրքրական իրողություն. ոչ միայն սփյուռքահայերը, այլեւ շատ օտարերկրացիներ Երեւանում առանձնատներ ունենալու առաջարկներ են արելՙ մասնավորապես Ֆրանսիայի հյուպատոսը Նորք-Մարաշում արդեն կառուցել է այն, նաեւ պարսիկներ, շվեյցարացիներ, ովքեր համոզված են, որ ամենեւին պարտադիր չէ վիլլաներ կառուցել Միջերկրական ծովի ափերին։ Երեւանն էլ վատ չէ։ Այգեձորում բազմաթիվ բնակարաններ են գնել ամերիկացիները։ Նրանք իրենց ցանկությունը բացատրում են հայկական ջերմությամբ, հրապուրվել են մեր հոգեւոր արժեքներով, եւ ուշագրավ մի դիտողություն եւսՙ անվտանգ քաղաք է, իրենց ավելի ապահով են զգում, հանցագործությունները քիչ են։ Եվ բացի այդ, մեր երկիրը դեպի Եվրոպա տրանսպորտային ճամփաների համատեքստում է, կարճ ժամանակից հետո ուր ասես կարող ես հասնել։ Այդ մարդիկ, իհարկե, մեծ կամ փոքր որեւէ բիզնես եւս ձեռնարկում են կամ անպայման մտադիր են ձեռնարկել, քանի որ, ըստ իրենց, այստեղ անելիքները շատ են, իսկ հարեւան երկրների հետ տարանցիկ կապերի բացումն ու ակտիվացումը, վերջիվերջո, անխուսափելի է լինելու։
Առանձնատների համախմբեր է նախատեսվում կառուցել նաեւ Աջափնյակումՙ Շիրակի փողոցի ձախակողմյան հատվածում (Գ3 թաղամաս)։ Այս անգամ առաջարկողները տեղացիներ են։ Գլխավոր ճարտարապետի հավաստմամբ, Երեւանում առանձնատներ ունենալ ցանկացողների թիվը շատ մեծ է, եւ բազմաթիվ այլ գործոնների հետ իրողությունը բացատրվում է երկրաշարժ տեսած մարդկանց հոգեբանական շրջադարձով։
Քիչ այն կողմ ակտիվանում են Հովնանյանների «Վահագն» թաղամասի կառուցման տեմպերը։ Սրա ընդհանուր տարածքը 100 հա է, ներկա բնակիչները հիմնականում ամերիկացիներ ու բրիտանացիներ են։ Հարուստների այս տեղամասին դեմ-դիմաց սոցիալապես անապահով 200 ընտանիքների համար նախատեսվող Դիակոնյա թաղամասն է։ Այն գրավելու է 16 հա տարածք, կառուցվում է շվեյցարա-գերմանական բարեգործական միջոցներով։ Սա մի փոքրիկ ավան կլինիՙ հարմարավետ առանձնատներով, դպրոցով ու պոլիկլինիկայով։ Բնականաբար, ներդրումների աննախադեպ աշխուժացումը պիտի հանգեր Երեւանում հողի արժեքի բարձրացմանը։ Արդեն իսկ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում մշակվել է հողի ու գնային գոտիների նոր աղյուսակ, եւ առաջիկա ամիսներին արդեն հողահատկացումները կարվեն իրական արժեքին համապատասխան գներով։
Իսկ ընդհանրապես, ըստ ծավալների, ամենաակտիվ ներդնողները հաջորդաբար ռուսներն են (Հյուսիսային պողոտայի մեծ մասը կառուցվում է ռուսահայերի կապիտալով), իտալացիները, ամերիկացիները, հետոՙ ֆրանսիացիները։
«Ռենկո» իտալական ֆիրման ներկայացրել է 3 հա տարածքի վրա (Իսակովի պողոտայի հարեւանությամբ) դիվանագիտական քաղաք կառուցելու ծրագիր։ Այս ֆիրման է կառուցել նաեւ «Կոնգրես» հյուրանոցը, իտալական դեսպանատունը եւ 1 բնակելի շենք։ Այստեղի առանձնատներում կբնակվեն տարբեր երկրների դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ