ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ Սահմանադրական դատարանը շարունակեց հանրապետության նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումի քննությունը։ Այն սկսվեց դիմող կողմին ուղղված պատասխանողի հարցերով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնող Գեւորգ Ներսիսյանն իր հարցերը կառուցել էր դիմողի կողմից նշված ԸՕ խախտված հոդվածներին առանձին-առանձին անդրադառնալու տրամաբանությամբ։ Ըստ այդմ ԿԸՀ ներկայացուցիչը դիմող կողմին խնդրեց ներկայացնել այն ապացույցները, համաձայն որոնց, ասենք, խախտվել է ընտրության հավասարության սկզբունքը, կամ ընտրությունները չեն եղել ընդհանուր։
Դիմող կողմը նախՙ տարօրինակ համարեց, որ ԿԸՀ փետրվարի 20-ին ընդունած որոշման հարցը չավարտած նոր հարցադրումներ են արվում, եւ որպես պատասխան նշեց, որ իրենք հարցեր ունեն դեռեւս նախորդ խնդրի հետ կապված։
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ նախորդ նիստին սահմանվել էր գործի քննության կարգ, ըստ որի նախ պատասխանողն էր հարցեր տալիս, ապա դատարանի անդամները։ Իսկ եթե դիմող կողմը գտնում է, որ առաջին խնդրի կապակցությամբ ԿԸՀ ներկայացուցիչն ամբողջական պատասխան չի տվել, ապա այս առնչությամբ Գեւորգ Ներսիսյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ ավելացնելու ոչինչ չունի։
Դիմող կողմը, այնուամենայնիվ, խոսելով իրենց ներկայացրած դիմումի առաջին խնդրից, ավելացրեց, որ ԿԸՀ-ն խախտել է նաեւ իրավական ակտերի մասին օրենքը։ Եվ իրենք պատրաստվում են ՍԴ ներկայացրած իրենց դիմումին ավելացնել նաեւ սա։ Այնուհետեւ հարցեր սկսեց տալ դիմող կողմը։ Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչ, ԿԸՀ նախկին անդամ Ռուբեն Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե ինչու փետրվարի 20-ին նախնական արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ-ն չի նշել անճշտությունների չափը։ Այս հարցին պատասխանեց ԿԸՀ անդամ պրն Սիմոնյանը։ Ըստ վերջինիս, նշվող օրերին կային տարբեր դժվարություններՙ կապված տարածքային ընտրական հանձնաժողովներից տվյալների ստացման հետ այն առումով, որ այս հանձնաժողովների զգալի մասն իր ամփոփիչ արձանագրություններում նույնպես չի նշել անճշտությունների չափը։
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը նկատեց, որ իրենց տրամադրված տվյալներով 56 ԸԸՀ-ների նախնական ամփոփիչ բոլոր արձանագրություններում լրացված է անճշտությունների չափը։
Այն հարցին, թե երբ է ԿԸՀ-ն պատվիրել երկրորդ փուլի քվեաթերթիկները, ԿԸՀ իրավաբան Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա արվել է օրենսդրության շրջանակներում, ոչ շուտ, քան 9 օր եւ ոչ ուշ, քան երեք օր ընտրությունների օրվանից առաջ։ Ապա պատասխանող կողմի հոդված առ հոդված հարցերին դիմող կողմը պատասխանում էր ընդհանրական ձեւով։ Նմանօրինակ մի քանի հարցուպատասխանի կրկնությունից հետո ՍԴ նախագահը նկատեց, որ ըստ էության, թե ինչ փաստարկներ կան, հարցը վերաբերում է դիմումում նշված բոլոր հոդվածներին, որին ի պատասխան Արտաշես Գեղամյանին ներկայացնող կողմը պետք է փորձի առարկայացնել իր հիմնավորումները։
Դրանից հետո դիմող կողմն իր պատասխաններում նշեց, որ ունի ապացույցներ, թե դիտորդի եւ լրագրողի աշխատանքներ են խոչընդոտվել, ընտրությունների հաջորդ օրը ընտրական հանձնաժողովները մինչեւ ժ. 14։00 փակ են եղել, ցուցակներում մեկ անձի անունը եղել է 2 անգամ, նշված չի եղել հասցեն։ Խոսվեց նաեւ որպես փաստացի հիմք ունեցող այնպիսի հանգամանքների մասին, որ, օրինակ, ընտրացուցակները 40 օր առաջ փակցված չեն եղել Արագածոտնի մի քանի գյուղերում, ընտրատեղամասեր են ընտրվել առողջապահական հիմնարկները, եթերաժամանակի բաշխման խախտումներ են եղել, թերթերում հրապարակված ընտրակաշառքների մասին նյութերը չեն հերքվել։
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւս մեկ անգամ դիմող կողմին հիշեցրեց, որ պետք է հենվել այն փաստերի վրա, որոնք հիմք են հանդիսացել ՍԴ դիմում ներկայացնելու համար։
Հարցուպատասխանի մի որոշ պահի, որքան էլ տարօրինակ է, դիմող կողմն առաջարկեց, որ պատասխանողի հետ իրենք քննարկեն հարցերը, եւ եթե պատասխանները ԿԸՀ ներկայացուցչին չբավարարեն, այնուհետեւ կլինեն նոր հարցադրումներ։ Այս խոսքերը դահլիճում եւ ՍԴ անդամների մեջ ժպիտ առաջացրին։ Գագիկ Հարությունյանը նշեց, որ նման զրույց կարող է տեղի ունենալ, բայց դատարանը նույնպես պետք է լսի կողմերինՙ իր եզրակացությունը կազմելու համար։
Հարցերի շարունակվող նույն տրամաբանության եւ ստացվող պատասխանների անորոշության պատճառով Գագիկ Հարությունյանն առաջարկեց, որ դիմող կողմը պատասխանի հիմնականում բոլոր հոդվածների կապակցությամբ այն հարցին, թե դրանցից որո՞նց խախտումներն են էական, եւ որո՞նք կողմը կարող է փաստարկել։ ՍԴ նախագահն ուշադրություն հրավիրեց ԿԸՀ կողմից ընտրական հանձնաժողովների մասին դիմում-բողոքները քննարկելու, դրանք վերացնելու կամ ճշմարիտ համարելու հարցին, ընդգծելով, որ այս խնդրին դատարանը կանդրադառնա։
Հարցուպատասխանը շարունակվեց այնքան, մինչեւ դիմող կողմը ցանկություն հայտնեց ստանալ տեղամասային տեղական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունները։ Այս կապակցությամբ ՍԴ նախագահը բացատրեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքների հետ կապված բողոքները դիմող կողմը պետք է ներկայացներ ընտրատարածքային հանձնաժողովներ, եւ ՍԴ-ն կարող է վերականգնել ընտրատարածքների հանձնաժողովների կողմից ոտնահարված իրավունքները։ Ինչ վերաբերում է տեղամասայիններին, ապա դրանց տվյալները եւ սեփական տվյալները դիմող կողմը պետք է համեմատեր մինչ այդ։ Չնայած դրան, ՍԴ-ն որոշեց բավարարել դիմող կողմի խնդրանքը նշված համեմատությունը կատարելու համար։ Նիստը հետաձգվեց մինչեւ այսօր։