Ամառվանից ԺԴԿ եւ ԱԱ կուսակցությունները սկսել են դաշինքի ձեւավորման գործընթացը։ «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության» եւ «Արժանապատիվ ապագա» կուսակցության դաշինքը, որը միավորում է ձախ եւ աջ ժողովրդավարներին, սատար է կանգնելու Հայաստանում բարենորոգումների գործընթացին։ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք», այսպես է կոչվում նոր դաշինքը, որով էլ կարեւորվում են մեր ժողովրդի համար այդ երեք արժեքները, եւ հենց այդ արժեքներով էլ դաշինքը գնում է ընտրության։ Դաշինքի ցուցակը գլխավորում են Լյուդմիլա Հարությունյանը եւ Գագիկ Ասլանյանը։
Դաշինքն ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրել է 71 թեկնածուի, 11-ըՙ կին, որոնք 15,4 տոկոս են կազմում։
Իսկ այն հարցին, թե 5 տոկոսը կհաղթահարե՞ն, պրն Ասլանյանը պատասխանեց. «Խնդիրը 5 տոկոսը հաղթահարելը չէ, մենք ուզում ենք որոշակի դեր ունենալ խորհրդարանումՙ քաղաքական այդ դաշտում, որտեղ հիմնական քաղաքական անցուդարձն է տեղի ունենում, դեր ունենանք նաեւ գործադիր իշխանությունում։ Այսինքնՙ այն ներուժը, որ մենք տեսնում ենք մեր դաշինքի անդամների մեջՙ քարը-քարի վրա դնել հանրապետությունում, փորձում ենք այդ գործընթացին ակտիվ աջակցություն ու մասնակցություն ունենալ»։
Երկու կուսակցություններով ստեղծել են կոորդինացնող, համակարգող քաղաքական խորհուրդ, որի նախագահ է ընտրվել Արմեն Դարբինյանըՙ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտորը։
Մ. Մ.