Նրանք նույնիսկ չմասնակցեցին նախագահական ընտրություններին
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աշնանը Խարբերդի այգիները բեռնվում են բերք ու բարիքով։ Ինչ ասես չի աճում այստեղՙ խաղող, թուզ, նուռ, խնձոր, նույնիսկ հոն ու խուրմա։ Այգեգործական ընկերությունները հիմնվել են 1967 թվականին։ Այսօր դրանց անդամների թիվն անցել է 6 հազարից։ Սակայն ընտանիքների ընդամենը 10 տոկոսն է այգեգործությամբ զբաղվում, այսինքնՙ ձմռանը մնում է քաղաքում, ամռանը գալիս այստեղ։ Խարբերդի այգեգործական տարածքները մնացածների համար մշտական բնակավայր են դարձել։ Եվ ոչ միայն նրանց համար։ Եթե մեկ-մեկ ուսումնասիրես այստեղ հայտնվածների ճակատագրերը, ապա վերջին 15 տարում մեր ապրած փոփոխությունների, մեծ ու փոքր աղետների պատկերը լիակատար կլինի։ Շատերն այստեղ են հայտնվել ոչ իրենց կամքով։ Սոցիալական հոգսերը, պարտքերի բեռը, օրինակ, արցախյան պատերազմի վետերան Սերոբ Ամիրխանյանին հարկադրել են վաճառել քաղաքի տունը եւ բնավորվել այստեղ։ Հիմա էլ սառը բետոնի վրա են քայլում, փող չունի հատակը սարքելու համար։ Ասյա Հովսեփյանին 1996 թ. այստեղ բերեց երկրաշարժը, գյումրեցի է։ Բողոքում է, որ տանիքի թիթեղները գողացել են, ու ոչ ոքի չեն կարող դիմել։
Սամվել Սարգսյանը դարձյալ վաճառել է քաղաքի բնակարանը եւ 4 երեխայով ապաստանել այստեղՙ բարեկամի տանը։ Իրենց ասելով, այստեղ բնակվողների 70 տոկոսը ոչ անձնագիր, ոչ գրանցում ունի։ Նույնիսկ եթե գնել են տնակ կամ մի փոքրիկ առանձնատուն, դրանց մեծ մասը սեփականաշնորհված չէ։
Սամվել Սարգսյանը ոչ միայն ինքն անձնագիր ու գրանցում չունի, տղան էլ, որ այս տարի արդեն չափահաս է դառնում, բանակային տարիքի է։ Նրանց նման հարյուրավորները դուրս են ամեն տեսակ հաշվառումից։ Նույնիսկ քարոզարշավի ու ընտրությունների ժամանակ այս մարդկանց ոչ մի թեկնածու չհիշեց։ Սակայն «թյուրիմացաբար» հայտնվել էին մարդահամարի ցուցակներում, եւ պարզվեց, որ այստեղ 15 հազար մարդ է բնակվում։ Իսկ այգեգործական կոոպերատիվների ներկայացրած տվյալներով, նրանցից 2800-ը պիտի մասնակցեր ընտրություններին։ Բայց, իհարկե, չմասնակցեցին։ Մեծ մասն օդում կախված է, իսկ նրանք, ովքեր գրանցում ու անձնագիր ունեն, հարեւան Խարբերդ գյուղի ոչ մի ընտրացուցակում չգտան իրենց անունը։
Այգեգործական ընկերությունների տարածքում որեւէ ընտրատեղամաս, բնականաբար, չէր էլ բացվել։ Խնդիրների խնդիրը, թերեւս, այն է, որ բնակատեղին բնակավայրի կարգավիճակ չունի։ Եվ, իհարկե, վարչական որեւէ կառույց, սոցիալական որեւէ ենթակառուցվածք չի գործում այստեղ։ Տարածքը թմրամոլների համար սիրված ապաստան է դարձել։ Ասում են, այստեղ նույնիսկ մարդասպանություններ են եղել։ Գողություններին թիվ ու հաշիվ չկա։ Բերքահավաքի շրջանում այգիների թալանը սովորական երեւույթ է։ Հենց վերջերս, մեկի վրա դուռը փակել, հավերը տարել էին։ Ոստիկանական որեւէ հենակետ չկա, վեճ ու կռիվ թե սպանություն լինի, չես կարող մեկին դիմել։ Իսկ գիշերներն այստեղ մութ են ու անլույս։ Բնակիչների մեծ մասը խմելու ջուրը սայլերով է բերում։ Ձմռանը ջրի խողովակը ճաքեց, եւ հիմա ջուրը առու կազմած հոսում է գյուղի փողոցներում։ Իսկ ոռոգման ջրի վիճակն ուղղակի աղետալի է։ Բնակիչների վկայությամբ, Արտաշատի ջրանցքի մեջ են լցվում շրջակա գործարաններից մեկի կեղտաջրերը, եւ ջուրը բնակավայր է հասնում կանաչած եւ կիսանեխած։
Խարբերդ գյուղն ու այգեգործական հողամասերը միացնող կամուրջը կիսաքանդ է, եւ բոլորը համոզված են, որ մի օր փորձանք է բերելու իրենց գլխին։ Բնակավայրի հենց սկզբում, կամրջի մոտ այցելուին դիմավորում են աղբի գունագեղ բլուրները։ Հետո դրանք 20¬30 քայլը մեկ հանդիպելու են ամեն անկյունադարձում։ Նույնիսկ խարբերդցիներից շատերը սովորույթ են դարձրել կենցաղային աղբը թափել հենց բնակատեղու մուտքի մոտ, կամրջի գլխին։ Աշխարհից ու իշխանություններից մոռացված այս անկյունը դպրոց էլ չունի։ Ամեն օր 2¬3 կմ քայլելով երեխաները հասնում են Խարբերդի դպրոցը։ Նրանց գործազուրկ ծնողները բնակատեղուն սպասարկող միակ ավտոբուսին ու երթուղայինին ամեն օր փող տալու հնարավորություն չունեն։ Կարիքավոր ծնողների երեխաները դպրոց ընդհանրապես չեն գնում, եւ գողությունները ծաղկում են հենց անչափահասների շրջանում։
Բնակիչների մի զգալի մասը նաեւ ծերացած, միայնակ թոշակառուներ են, որոնք, իրենց պատմելով, խորթացել են զավակներից, կամ նրանք հայտնվել են դրսի աշխարհում։ Իրենց խղճուկ թոշակը ստանալու համար ստիպված են հաճախ մի քանի անգամ քաղաք գալ ու գնալ, ոչ փոստ ու կապի հանգույց, ոչ հեռախոս կա։ Միակ բուժկետը (սեփական տան մեջ) տեղադրված է բնակատեղու անհարմար, բնակիչներին անմատչելի մի անկյունում։
Իհարկե, Խարբերդի այգեգործական կոոպերատիվների տարածքը տարերայնորեն է մշտական բնակատեղի դարձել։ Այս իրողությունը ընդամենը, վերջին տասնամյակում մեր ապրած դժվար կյանքի տեսանելի անդրադարձներից է։ Այդ մարդիկ մեղավոր չեն, որ հայտնվել են այս իրավիճակումՙ օրենքի ու իշխանությունների տեսադաշտից դուրս։ Նրանց ուզածն ընդամենը բնակատեղուն բնակավայրի կարգավիճակ շնորհելն է։ Այն գտնվում է Շենգավիթ համայնքի վարչական տարածքում, եւ խելամիտ կլիներ միավորել համայնքի հետ։ Դա հնարավորություն կտա հաջորդաբար ձեռնարկել կուտակված հիմնախնդիրների լուծումը։ Ոչ հեռավոր ապագայում խորհրդարանական ընտրություններն են։ Բնակիչներն առայժմ որեւէ հույս չունեն նաեւ դրանց մասնակցելու։ Մինչ այժմ դիմել են իշխանության վերին ու ստորին բազում ատյանների, բայց կասկածում են, որ գործադիր կառույցները նույնիսկ տեղյակ են իրենց մասին։ 6¬7 ամիս առաջ նրանց խնդիրներով սկսեց հետաքրքրվել նաեւ IFESՙ ընտրական համակարգերի միջազգային կազմակերպությունը, որը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ծրագիր է իրականացնում։ Առայժմ այն բնակիչների եւ սոցիալական տարբեր ենթակառուցվածքների պատասխանատուների միջեւ փորձում է համագործակցության եզրեր ստեղծել։ Հիմնախնդրի գործնական լուծումներն իշխանություններին է վերապահված։ Բնակիչները հավատը չեն կորցնում։