Արմեն Սարգսյանի ձերբակալման մասին ասաց Ռոբերտ Քոչարյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ Երեւանի ոսկերչական գործարանում պատասխանելով Իրաքի պատերազմիՙ Հայաստանի եւ տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցության հարցին, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքը չի ցանկանում կանխագուշակել, թե ինչպիսին կլինի այդ ազդեցությունը, բայց հուսով է եւ կարվի հնարավորը, որ այդ ազդեցությունը լինի նվազագույնը։ Նախագահին ուղղված մյուս հարցերն առնչվում էին երկրի ներքաղաքական կյանքին։
¬ Ձեզ մեղադրում են, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի քննությունն օգտագործում եք քաղաքական նպատակներով Ձեր հակառակորդներին չեզոքացնելու համար։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման մեղադրանքներին։
¬ Խոսքը հավանաբար Արմեն Սարգսյանի կալանավորման մասին է։ Բոլորս գիտակցում ենք, որ նրա կալանավորումը նշանակում է լրացուցիչ լարվածություն։ Հավատացեք, որ իշխանությանը ձեռնտու չէ նման լարվածությունը։ Այդ պատճառով էլ, երբ ինձ զեկուցեցին, որ բավարար հիմքեր կան նրան ձերբակալելու համար, դիմեցի դատախազություն, որպեսզի մի քիչ էլ համբերեն, նյութեր հավաքեն եւ կալանավորեն միայն այն ժամանակ, երբ այլ քայլեր ուղղակի կբացառվեն։ Տվյալ դեպքում ապացույցները ոչ թե բավարար էին, այլ այնքան համոզիչ, որ դատախազությունն այլ լուծում ուղղակի չուներ։ Այլ լուծումը կնշանակեր պարտակել հանցագործությունը։ Որոշում կայացնողը դատախազությունն է, դատարանը, եւ այդ առումով բողոքները ճիշտ չեն հասցեագրված։
¬ Ինչպե՞ս եք վերաբերվում այն հայտարարություններին, թե Սարգսյանների ընտանիքից որեւէ մեկին, կոնկրետ Արմեն Սարգսյանին կոնկրետ գործով մեղադրելը բարոյական նորմերի խախտում է։ Հայաստանում կա՞ն անձեռնմխելի ընտանիքներ։
¬ Կարծում եմ, տվյալ դեպքում այդ ընտանիքն ինքը պետք է մտածեր, որ բարոյական պատասխանատվություն է կրում երկրի եւ ժողովրդի առջեւ։ Մասնակից լինելը ծանր հանցագործությանն անհարգալից վերաբերմունք էր երկրի եւ հենց Վազգեն Սարգսյանի հիշատակի նկատմամբ։ Բայց, իհարկե, վերջնական վճիռը դատարանինն է եւ այստեղ որեւէ միջամտության իրավունք չունեմ։
¬ Փորձ է արվում արհեստական լարվածություն ստեղծել նաեւ սփյուռքում։ Դա կազդի՞ սփյուռքի հետ հարաբերությունների վրա։
¬ Մի քանի տարի հետեւողական աշխատանք ենք տանում սփյուռքը միավորելուՙ եւ տվյալ դեպքում այդ քայլերն ուղղված են հայ ժողովրդին պառակտելուն։ Չեմ կարծում, որ եթե Վազգեն Սարգսյանն այստեղ լիներ, գոհ լիներ այդ գործընթացներից։ Ճիշտ հակառակ արձագանքը կլիներ սեփական ընտանիքի նկատմամբՙ շատ խիստ։ Չեմ կարծում, որ այս ամենը շատ մեծ հետեւանքներ կունենա, բայց որոշակի ազդեցություն կունենա։ Անպատասխանատու եւ դատապարտելի քայլեր են։
¬ Երկրի նախագահը պատրաստվո՞ւմ է արձագանքել ընդդիմության նստացույցին եւ հանրահավաքներին։
¬ Քանի որ հիմնական նպատակն ԱԺ ընտրություններն են, ուրեմն նաեւ այդ հանգամանքը փորձելու են օգտագործել։ Օրինականությունից խոսող ընդդիմությունը հետեւողականորեն անօրինական քայլերի է դիմում, եւ այդ քայլերով իշխանությանը հնարավորություն է տալիս օրենքի ուժը կիրառել օրինականությունը հաստատելու համար։ Քանի որ իրենք որդեգրել են այդ ճանապարհը, ուրեմն համարժեք պատասխանը կունենան։
¬ ԱԺ նիստերը տապալվում են։ Կա՞ երաշխիք, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը խորհրդարանը կհասցնի քննարկել, եւ ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու։
¬ Տվյալ դեպքում միջամտությունը միայն մեկն էՙ պատգամավորների հետ աշխատել, որ նրանք մասնակցեն նիստերին։ Խոսքն այստեղ նաեւ վարկային ծրագիր հաստատելու մասին է, որն ուղղված է բյուջեի դեֆիցիտի մարմանը։ Դա նշանակում է մեր ժողովրդին զրկել թոշակներից, աշխատավարձերից, նպաստներից եւ այլ սոցիալական վճարներից։ Նիստ պետք է լինի։ Իսկ սահմանադրական բարեփոխումները պատասխանատու գործընթաց են, եւ կապահովենք համապատասխան քվորում այդ հարցը քննարկելու համար։ Հասկանում եմ այդ մարդկանց տրամադրվածությունը եւ նպատակները, բայց մենք դրանց գերին չենք կարող լինել։
¬ Ի՞նչ է արվելու, որպեսզի նախագահական ընտրությունների ժամանակ եղած թերությունները չկրկնվեն խորհրդարանականի ժամանակ։
¬ Ստեղծված է հանձնաժողով, որն ուսումնասիրում է այդ թերությունները։ Ես պատրաստ չեմ հիմա պատասխանել այդ հարցին։ Հանձնաժողովը ստեղծվեց մեկ պատճառովՙ ինչ որ մենք ստացել ենք դիտորդներից, փորձում ենք մի քանի տեղամասերում համեմատել այն պատկերի հետ, որ եղել է եւ որի վերաբերյալ դիտորդների զեկույցն ու հանձնաժողովի անդամների ասածները չեն համապատասխանում։
¬ Ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան է դիմել Ստեփան Դեմիրճյանը։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
¬ Ես մեկ անգամ արդեն հայտնել եմ իմ վերաբերմունքը, ողջունում եմ, եթե ընդդիմությունը կամ այլ թեկնածուներն ընտրում են պայքարի իրավական ճանապարհը։ Հանրահավաքներով եւ ցույցերով նման հարցեր չեն լուծվում։ Ոչ մի պետության մեջ ցույցերի պատճառով ծանր հանցագործության մեջ մեղադրված անձանց մեկուսարաններից բաց չեն թողնում։ Այդ դեպքում արդարադատության ամբողջ համակարգը կփլուզվի եւ մարդիկ կփորձեն հանրահավաքներով, ցույցերով իրենց հարազատներին ազատել բանտերից։ Եթե որեւէ մեկը հույս է կապում, որ այդ ճանապարհով կարելի է հաջողության հասնել, խորապես սխալվում է, քանի որ դա կնշանակի երկրի հիմքերի քայքայում։