Նշեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի երեկվա հանդիպումը մի քանի լրագրողների հետ նպատակ ուներ նախ եւ առաջ ներկայացնել նորՙ SAC-V վարկային ծրագիրը, ինչպես նաեւ առավել հանգամանորեն զրուցել Համաշխարհային բանկ-Հայաստան համագործակցության մասին։
ՀԲ-ի ներկայացուցիչը հայտնեց, որ նոր վարկային ծրագիրըՙ 40 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, բանկն արդեն պատրաստ է տրամադրել Հայաստանի կառավարությանը։ Դրա առաջին չափաբաժինըՙ 20 մլն դոլար կտրամադրվի անմիջապես Ազգային ժողովի հաստատումից հետո։ Այն կուղղվի բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։ Միաժամանակ, Ռոջեր Ռոբինսոնի կարծիքով, Հայաստանի բյուջեի համար նման վարկերի անհրաժեշտությունը հետզհետե նվազում է։ Կառավարության ունեցած կարողությունները հարկերի հավաքման առումով ավելանում են։ Եթե դա եւ տնտեսական աճը շարունակվեն, ապա հնարավոր է, որ արդեն եկող տարի նման վարկ Հայաստանի համար չլինի։ Սակայն կլինի բյուջետային այլՙ ծրագրային վարկ, որն ուղղված կլինի Աղքատության նվազեցման ծրագրին աջակցելուն, մասնավորապես նրա կրթական եւ առողջապահական բաղադրիչներին։ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ առաջիկա 3¬4 տարիներին բանկի կառույցներից մեկըՙ Միջազգային զարգացման ընկերակցությունը (IDA) այդ նպատակով կտրամադրի տարեկան 60 մլն դոլար։ Այդ գումարների տրամադրումը կպայմանավորվի ներկա վարկերի մարման վճարումներով եւ ծրագրերի հաջող իրականացմամբ։ Այդուհանդերձ, Ռոջեր Ռոբինսոնը նշեց, որ ինքը գումարային կոնկրետ թիվ նշելիս զգոն կլինի եւ կսպասի մինչեւ ներկայացվի Աղքատության հաղթահարման ծրագրի վերջնական տարբերակը։
Մեր հարցը նույնպես առնչվում էր Աղքատության հաղթահարման ծրագրին, նրա իրատեսական լինելուն եւ մասնավորապես այնտեղ նշված այն ցուցանիշին, ըստ որի մինչեւ 2010 թ. աղքատությունը լիովին կվերանա, մինչդեռ եկամուտների անհավասարության ցուցանիշը կնվազի ընդամենը 0,05-ով։ Այս առնչությամբ ՀԲ ներկայացուցիչը պատասխանեց, որ ծրագրի առաջին նախագիծը փորձում էր ներառել ամեն բան, եւ դրույթների մի մասն անիրատեսական էին։ Այժմ փաստաթուղթը վերջնական փուլում է, եւ պրն Ռոբինսոնը հուսով է, որ կլինի ավելի նպատակասլաց եւ իրատեսական։
Ինչ վերաբերում է աղքատության վերացմանը մինչեւ 2010 թ., կարծիք հայտնվեց, որ չքավորությունը կվերանա։ Հաջորդ խավը կարիքավորներն են, որի վերացման ուղղությամբ կտարվեն աշխատանքներ։ Իսկ Ջինի գործակիցը, այսինքնՙ եկամուտների անհավասարության ցուցիչը, Ռոջեր Ռոբինսոնի հավաստմամբ, հնարավոր չէ, որ արագ եւ մեծ չափով փոխվի։ Կարեւորն այն է, որ բարելավումն այստեղ շարունակական լինի։ Եթե շարունակվեն աշխատատեղերի ստեղծման ներկա տեմպերը, ապա դժվար է կանխատեսել, թե Ջինի գործակիցն ինչպիսին կլինի 2010 թ.։
Միջազգային կյանքի գլխավորՙ Իրաքի պատերազմի վերաբերյալ հարցին ՀԲ ներկայացուցիչը պատասխանեց, որ այն որեւէ կերպ չի կարող ազդել այս կառույցի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վրա։ Այդ պատերազմը հնարավոր է, որ ազդի Հայաստանի տնտեսական կյանքի վրա։ Ամբողջ տարածաշրջանում իրավիճակը կլինի անորոշ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ, օրինակ, ներդրումների առումով։ Այդուհանդերձ, Ռոջեր Ռոբինսոնը չցանկացավ կանխագուշակել, թե ինչպիսին կլինի Հայաստանի վրա այդ պատերազմի ազդեցությունը։
Ներքաղաքական լարվածությունը եւս չի ազդի ՀԲ-ի ծրագրերի վրա։ Եթե կառավարությունն ուշադրությունն ուղղի այլ հարցերի եւ շեղվի բարեփոխումներից, ապա դա արդեն համապատասխան չափով կազդի բանկի ծրագրերի վրա։ Համաշխարհային բանկը որոշ երկրներում չի աջակցում կառավարությանը, որովհետեւ գտնում է, որ սոցիալական ծրագրերը խելամիտ եւ օգտակար չեն։ Մինչդեռ Հայաստանում իրավիճակն այլ է։
Հայաստանի էներգետիկայի վիճակի վերաբերյալ բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ վերջին 2 տարում այս ոլորտում լուրջ փոփոխություն կա։ Նա դրական համարեց ռուսական ընկերությունների մուտքը այս ոլորտ։ Կարեւորն այստեղ այն է, որ համակարգը լինի ֆինանսապես կայուն եւ ինքնաբավ։
Նոր ծրագրերի մասին խոսելիս Ռոջեր Ռոբինսոնը մատնանշեց ջերմամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի նախատեսված են բնակելի շենքերի ջերմամատակարարման արդյունավետ տարբերակներ, օրինակՙ գազի միջոցով։ Սակայն պրն Ռոբինսոնը ասաց, որ ծրագիրը մշակման փուլում է եւ հաստատման կոնկրետ ժամկետը չի կարող ասել։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ