«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2003-03-20 | #54, 2003-03-21 | #55, 2003-03-22


ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի վերջին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման եւ քաղաքաշինության նախարարությունը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ սահմանել էր կոմունալ ծառայությունների նոր սակագներ, որոնք պիտի ուժի մեջ մտնեին ս. թ. մարտի 1-ից։

Նոր սակագներով անհամեմատ բարձրացել էին բնակարանային, ջրամատակարարման, ջրահեռացման, կենցաղային աղբի հեռացման եւ ավտոտնակների սպասարկման վարձավճարները։ Սակագնային տարբերությունն այնքան մեծ էր, որ հարուցել էր ոչ միայն բնակչության, այլեւ օրենսդիր իշխանության դժգոհությունը։ Ազգային ժողովի մշտական գործող հանձնաժողովներում խնդրո առարկան անցած օրերին դարձել էր ակտիվ քննարկման նյութ, իսկ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Աղաբեկյանն այդ որոշումն ուղղակի որակել էր անկանխատեսելի հետեւանքներով հղի, նկատելով նաեւ, որ «նմանատիպ որոշումները գործադիր իշխանության զինապահեստում բացառություններ չեն»։

Հատկանշական է, որ նոր սակագների վերաբերյալ որոշումը օրինականացրել էր ԼՂՀ արդարադատության պետվարչությունն իր թիվ 177 գրանցման թվանիշով։

Իշխանական բարձրադիր օղակներում ի հայտ եկած այս տարաձայնությունն, անկասկած, խիստ դրսեւորում կստանար օրեր առաջ կայացած խորհրդարանի հերթական լիագումար նիստում, եթե դրան չնախորդեր հանրապետության նախագահի միջամտությունը։ Արկադի Ղուկասյանի մարտի 18-ի հրամանագրով բեկանվել է կոմունալ ծառայությունների սակագների վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտը, որով այն անհիմն ու գործող օրենսդրությանը հակասող է ճանաչվել։ Նույն հրամանագրով հանձնարարվել է կառավարությանըՙ կոմունալ ծառայությունների սակագների վերաբերյալ նորմատիվ ակտերը համապատասխանեցնել օրենսդրությանըՙ հիմնավորված հաշվարկներով։

Որ որոշ սակագներ վերանայման կարիք ունեն, ընդունում են նաեւ խորհրդարանում, սակայն նման հապճեպ կարգով եւ չհիմնավորված վարձաչափերով խնդրի լուծումն անհանդուրժելի են համարում։

Իսկ ընդհանրապես, սա այն սակավաթիվ իրավիճակներից մեկն է խորհրդարան-գործադիր հարաբերություններում, երբ «աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը»։ Ուստի եւ նախագահի միջամտությունը ժամանակին ու տեղին էր։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4