«Ազգի» հարցերին պատասխանում է ՀՌԱԿ ատենապետը
¬ Պրն Միրզախանյան, ինձ համար անսպասելի էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն, առանց դաշինքի մասնակցելու ՀՌԱԿ դիրքորոշումը։ Չեմ թաքցնում, ենթադրում էի, որ իբրեւ նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանին սատարած քաղաքական ուժ, Դուք նույնպիսի հոգեհարազատ ուժերի հետ նոր ընտրությունների կգնաք դաշինքով։ Ինչո՞վ էր պայմանավորված ինքնուրույն խորհրդարան վերադառնալու (որովհետեւ Ձեր կուսակցությունը մեր 1-ին գումարման խորհրդարանում մեծությամբ 2-րդ խմբակցությունն ուներ) Ձեր վճիռը։
¬ Պետք է օբյեկտիվորեն նկատեմ, որ ձերՙ իբրեւ լրագրողի ու վերլուծաբանի, տեսակետը բնական էր։ Դեռեւս մեր կուսակցության նախավերջինՙ 10-րդ պատգամավորական ժողովում, 2000 թ. դեկտեմբերին, մենք որոշել, իսկ վերջինՙ 11-րդ պատգամավորական ժողովում, անցյալ տարվա հոկտեմբերին, վերահաստատել էինք մեր ցանկությունըՙ ձեւավորել աջ գաղափարախոսություն կրող ուժերի դաշինք։ Ցավով պետք է նշեմ, որ մեզանում նման դաշինք չկայացավ։ Դա, անշուշտ, չէր կարող պայմանավորված լինել միայն ՀՌԱԿ-ի ցանկությամբ։ Միգուցե նաեւ, ես այստեղ պետք է ինքնաքննադատաբար ասեմՙ ՀՌԱԿ-ը դեռեւս այն քաղաքական ուժը չուներ, որ ի վիճակի լիներ իր շուրջը ձեւավորել նման տեսակի դաշինք։ Խնդիրը մնում է, դա մեր կուսակցության բարձրագույն մարմնի որոշումն է, որը ելնում է մեր քաղաքական համակարգի հետագա զարգացման հասարակական պահանջմունքից։ Կարծում եմ, որ լուծելով խնդրի երկրորդ մասը, այսինքնՙ իրապես դառնալով լուրջ գործոն երկրի քաղաքական կյանքում, մենք կկարողանանք լուծել նաեւ առաջին մասըՙ կդառնանք այն քաղաքական միավորը, որը կձեւավորի աջ գաղափարախոսության մեծ ու երկարատեւ ապագա ունեցող դաշտը։ Դրա կարեւոր նախապայմանը կլինի Ռամկավար Ազատական կուսակցության վերադարձը խորհրդարան, որի մեջ էր, ի դեպ, ոչ միայն Հայաստանի երրորդ, այլեւ առաջի՛ն հանրապետության արշալույսին, 1918 թվականին։
¬Ձեր կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ տեղում, Ձեզնից հետո, հայտնվել է անկուսակցական Գագիկ Աբրահամյանը։ Նա մեր հասարակական լսարանին լավագույնս հայտնի խոշոր գործարարներից մեկն է, խորհրդարանական աշխատանքի մեծ փորձ ունի, եղել է 1-ին եւ 2-րդ գումարումների խորհրդարանների պատգամավոր, ի հավելումնՙ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, հանրահայտ Արա Աբրահամյանի եղբայրն է։ Ձեր ցուցակով խորհրդարան գնալու ցանկությունն ի՞նքն է հայտնել, թե՞ Դուք եք նրան հրավիրել։
¬ Դա երկուստեք ցանկության արդյունք է, եւ ամենեւին ոչ պատահական։ Մենք վերջին 3¬4 տարիների ընթացքում պրն Աբրահամյանի հետ բավական ակտիվ հարաբերությունների մեջ ենք եղել, ունենք փոխադարձ հարգանք եւ մեծ վստահություն։ Պարոն Աբրահամյանի ներկայությունը մեր մեջ, մեր ցուցակում, բավական լուրջ խորհուրդ եւ նշանակություն ունի։ Նախ, դուք ճիշտ նկատեցիք, որ պրն Աբրահամյանը մեր այն խոշոր գործարարների թվին է պատկանում, որը նաեւ հայտնի քաղաքական գործիչ է, 1990¬99 թթ., ամբողջ 9 տարի անընդմեջ, եղել է խորհրդարանի անդամ։ Երկրորդՙ նա դասվում է այն փայլուն եւ հաջողակ գործարարների թվին, որոնք սրբությամբ կատարում են իրենց հարկային պարտավորությունները։ Պրն Աբրահամյանը ոչ միայն բացասական իմաստով մականուն չունի, այլեւ իր ողջ կերպարով համապատասխանում է հաջողակ բիզնեսմենի միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Երրորդՙ այն տնտեսական գործունեությունը, որով նա զբաղվում է, իսկ դա ոսկեգործությունն է, թանկարժեք քարերի վերամշակումը եւ արտադրանքի ստացումը, ունի միջազգային մեծ պահանջարկ եւ հսկայական եկամուտներ է բերում Հայաստանի բյուջեին։ Էլ չխոսելով այն մասին, որ նա արտադրության մեջ է ներգրավում հսկայական թվով մարդկանց, այսինքնՙ շնորհիվ Գագիկ Աբրահամյանի եւ Աբրահամյան ընտանիքիՙ լուծվում է սոցիալական շատ մեծ նշանակության խնդիրՙ աշխատատեղերի ստեղծման խնդիրը։ Վերջապես չորրորդ հանգամանքը, որը դո՛ւք էլ նկատեցիք ձեր հարցի մեջ. Աբրահամյանների ընտանիքը, այո՛, այսօր շատ լուրջ դերակատարում ունի մեր ժողովրդի կյանքում։ Գագիկ Աբրահամյանի կրտսեր եղբայրըՙ Արա Աբրահամյանը, մեր ամենակարեւոր հասարակական կազմակերպություններից մեկիՙ «Ռուսաստանի հայերի միության» նախագահն է։ Նա նաեւ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն գործարարներից մեկն է։ Մենք մեծ խորհուրդ ենք տեսնում այն բանում, որ ՀՌԱԿ-ը, իր այս ցուցակով, կկարողանա մոտեցնել, ինտեգրել սփյուռքի գործարար շրջանակների ուժերը։ Դրա ամենամեծ կարողությունն ունի հենց մե՛ր կուսակցությունը, քանզի հայտնի է, որ սփյուռքի ռամկավարների մեջ մեծ թիվ են կազմում գործարար շրջանակների ներկայացուցիչները։ Սրան կգումարվեն նաեւ Ռուսաստանի Դաշնության գործարարները, որոնք հիմնականում ներառված են «Ռուսաստանի հայերի միության» մեջ։ Վճռական նշանակություն ունեցող այդ տնտեսական ներուժը պետք է ունենա անհրաժեշտ քաղաքական պաշտպանություն խորհրդարանական մակարդակով։ Մեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին եւ ակնկալվող հաջողությունը հենց պայմանավորված է ազգային կարեւորագույն խնդրովՙ քաղաքականապես ապահովել լայնածավալ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ թե՛ ներքին, թե՛ արտաքին սփյուռքիցՙ ի դեմս Ռամկավար Ազատական կուսակցության խորհրդարանական խմբակցության։ Սա կոնկրետ եւ հսկայածավալ գործեր կյանքի կոչելու հստակ նպատակ է, եւ ոչ թե դատարկ ֆրազաբանություն։ Ի դեպ, մեր համամասնական ցուցակում ներկայացված 60 մարդկանցից ոչ մեկը մականուն չունի, ոչ մի ձեւով գող կամ ավազակ չի հանդիսացել եւ չի հանդիսանում, բոլորն ունեն չարատավորված կենսագրություն, աչքի ընկնող մարդիկ են թե՛ նյութական արտադրության ոլորտում, թե՛ մշակույթի ասպարեզում, թե՛ գիտության բնագավառում։
¬ Պրն Միրզախանյան, նախագահական ընտրություններից անմիջապես հետո ենթադրելի էր, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերը, այնպես էլ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները խորհրդարանական ընտրությունների կգնան առավելագույնս համախմբված։ Ընդդիմադիր դաշտում դա կարծես թե կիսով չափ հաջողվեց, «Արդարություն» դաշինքում ներկայացված է 9 կուսակցությունՙ 16-ից։ Իսկ ահա նախագահ Քոչարյանին սատարող ընդհանուր դաշինք չձեւավորվեց։ Դուք դա օրինաչա՞փ եք համարում։
¬ Ես դա համարում եմ դրական երեւույթ։ Որովհետեւ մենք շատ տկար կլինեինք եւ մեկ քայլ հետ կկատարեինք քաղաքական համակարգի ձեւավորման ճանապարհին, եթե մեզանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձեւավորվեին քաղաքական ուժերի դաշինքներ ըստ համակրանքների եւ հակակրանքների։ Դա իրապես սարսափելի կլիներ։ Քաղաքական դաշինքների ձեւավորումը (եւ այդ մասին մենք ասել ենք այս բոլոր տարիների ընթացքում) պետք է կատարվի միմիայն գաղափարախոսական ընդհանրությունների հիման վրա։ Եթե քաղաքական դաշինքը ձեւավորվում է անհատների թեկուզեւ լավ հարաբերությունների, մեկին սիրել-չսիրելու, ընդունել-չընդունելու «սկզբունքով», ապա դա քաղաքական դաշինք չէ՛, դա թայֆա է, խումբ է, որը դուրս է գալիս «խուժան կռվի», ո՛չ թե քաղաքական բանավեճի, քաղաքական մրցակցության։ Որովհետեւ այդպիսի վայ-դաշինքը ոչ թե սկսում է ապացուցել իր գաղափարախոսական մոտեցումների առավելությունները, այլ փնովում է նրան, ում չի ընդունում, փորձելով գովաբանել սեփական անձա՛նց, ո՛չ թե նրանց գաղափարներն ու ծրագրերը։ Մանավանդՙ եթե վերջինները կամ բացակայում են, կամ ուղղակի հակասում են մեկը մյուսին։
¬ Հենց նոր ավարտվել են նախագահական ընտրությունները, որոնք, իմ խորին համոզմամբ, արհեստականորեն հրահրվող մեծ լարվածություն առաջացրին հասարակության մեջ։ Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունների արդյունքները չընդունելու այս ամբողջ գործընթացը։
¬ Նախագահական ընտրությունների արդյունքները չընդունելը ոչ միայն քաղաքական տկարամտության արտահայտություն է, ոչ միայն քաղաքական անհեռատեսություն է, այլեւ (եւ սա չափազանցություն չէ) պարզ ձեւովՙ հայրենասիրության բացակայությո՛ւն։ Ինչի՞ մասին են այսօր խոսում հայտնի ուժերը։ Իբրՙ նախագահական ընտրությունների ժամանակ մեծածավալ կեղծիքներ են եղել, եւ դրանք հիմք են տալիս արդյունքները վիճարկելու։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կեղծիքներ, այո, եղել են։ Բայց դրանց չափն այնքան չէ, որ որեւէ էական ազդեցություն ունենար վերջնական արդյունքների վրա։ Եվս մի հանգամանք. եթե նախկինում կեղծիքները եւ անօրինականության դրսեւորումները հիմնականում արձանագրվում էին իշխանությունը կրողների կողմից, ապա այս անգամ մենք տեսանք, որ շատ դեպքերում ոչ պակաս, իսկ այլ դեպքերումՙ նաեւ շատ եւ շատ ավելի մեծ ծավալներով դրանք հատուկ էին, այսպես կոչված, ընդդիմության ներկայացուցիչներին։ Այդքանից հետո հանրապետությունում անառողջ մթնոլորտ հաստատելու փորձերն արդարացում չունեն։ Դրանք ձեռնտու են այն արտաքին ուժերին, որոնք շահագրգռված չեն Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմամբ, անընդհատ ուզում են Հայաստանի շուրջ ստեղծել լարված մթնոլորտ եւ փորձում են հավասարության նշան դնել Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ժողովրդավարության մակարդակների միջեւ, ինչն ամենեւին չի համապատասխանում իրականությանը։ Տեսեք, թե ովքե՞ր են ամենաշատ մեջբերումներ անում մեր փողոցի կամ հարթակի «հերոսների» անպատասխանատու հայտարարություններից։ Թուրքական եւ ադրբեջանական մամուլը եւ նրանց հավատարիմ աշակերտ ու գործի շարունակող մեր որոշ թերթերը։ Ժողովրդավարության ընթացքը բարդ ճանապարհ է։ Մենք ժառանգել ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացման տկար վիճակ նախկին վարչակարգից։ Ենթադրել, թե մեր ժողովրդավարության զարգացման մակարդակը պետք է անմիջապես համապատասխաներ եվրոպական ստանդարտներինՙ լուրջ չէ։ Մենք պետք է ձգտենք դրան, դա միանգամայն այլ բան է, եւ իրոք ձգտում ենք, իսկ առաջընթացն էլ ակնհայտ է, չտեսնելըՙ անհնար։ Այնպես որ մենք, որպես քաղաքացիներ, պարտավոր ենք գործել սահմանադրության շրջանակներում, շնորհավորել վերընտրված նախագահին եւ ցանկանալ նրան ամենայն հաջողություն, քանզի նախագահի հաջողությունը ժողովրդինն է լինելու։
¬ Ի՞նչ եք կարծում, մայիսի 25-ից հետո ձեւավորվելիք Ազգային ժողովն իր որակական կազմով ավելի լա՞վը, թե՞ ավելի վատը կլինի, քան գործողն է։
¬ Ես կարող եմ միանշանակ ասել, որ մեր ընտրողն այսօր թե՛ մեկ, թե՛ մյուս հնարավորությունն ունիՙ ձեւավորելու ավելի լավ կամ ավելի վատ խորհրդարան։ Ծանոթացեք ընտրությանը մասնակցող 24 կուսակցությունների ու դաշինքների համամասնական ցուցակներին։ Կտեսնեք մի դեպքում մականունների եւ վարկաբեկված չինովնիկների շքերթ, այլ պարագայումՙ հավակնությունների հավաքական դրսեւորումներ, մեկ այլ դեպքումՙ հայրենակցական միություններ, այսինքնՙ մարդկանց միավորումներ ըստ ծագումնաբանության, եւ վերջապեսՙ որոշակի գաղափարախոսություն ունեցող, քաղաքականապես կայացած, այդ թվում նաեւՙ անարա՛տ ուժեր։ Ընտրության հնարավորությունը լայն է, եւ դրա իրավունքն ընտրողի՛նն է։ Ո՛ւմ նախապատվություն տա, այդպես էլ կապրի առաջիկա տարիներին։
¬ Այսօր (հարցազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին- Ռ. Հ.) խոսել երկրի ներքաղաքական զարգացումների, այդ թվում նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին եւ շրջանցել Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության բացահայտման փաստըՙ անհնար է։ Մանավանդ, որ այդ սպանության կազմակերպման մեջ դատախազությունը մեղադրում է սպարապետի եղբորը, իսկ ընդդիմությունը ձգտում է վերջինիս ձերբակալությունն օգտագործել նախընտրական նպատակներով։ Ի՞նչ գնահատական կտաք Արմեն Սարգսյանի ձերբակալության փաստին եւ դրա քաղաքականացման միտումներին։
¬ Տիգրան Նաղդալյանի սպանությունը, ինչպես ցանկացած այլ սպանություն, քրեական ծանր հանցագործություն է։ Սակայն այս սպանության դրդապատճառները կարող են լինել նաեւ քաղաքական։ Ո՞վ է պատվիրատունՙ կարող է պատասխանել միմիայն դատարանը։ Դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները պարտավոր էին գործը բացահայտել, որը եւ արել են, ըստ իրենց հայտարարության։ Որեւէ կողմի ջանքերըՙ ամբոխավարական ձեւերով խափանելու գործի նորմալ ընթացքն ու դատական լուծումը, ինչը հատուկ է հայտնի խմբերին, իհարկե, դատապարտելի են։ Եվ դրա դեմը պետք է առնվի։ Նման հանցագործության կազմակերպիչներն ու իրականացնողները, ովքեր էլ լինեն, պետք է կանգնեն դատարանի առաջ եւ խստագույնս պատժվեն։
¬ Հարցն այն է, թե մինչեւ դատարանի միջոցով հարցի լուծումը մենք կկարողանա՞նք հանդարտեցնել հասարակական մթնոլորտը։ Վերջ ի վերջոՙ տիկին Գրետան նստացույց է հայտարարել, իսկ նա սպարապետի մա՛յրն է...
¬ Ինձ թվում էՙ պետք է հարգել մոր զգացմունքները։ Նա որդի է կորցրել, այն էլ ինչպիսի՜ որդի, եւ նրա մյուս որդին այսօր ձերբակալված է։ Ցանկացած մայր սուբյեկտիվ է։ Իսկ ժողովրդի պահանջն է, որ Նաղդալյանի սպանությունն օբյեկտիվորեն բացահայտվի։ Այս հարցի նկատմամբ հանդես բերել զգացական վերաբերմունքՙ իրավունք չունենք։
¬ Լավ, վերադառնանք մեր այսօրվա զրույցի գլխավոր թեմայինՙ խորհրդարանական ընտրություններին։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞նք նվազագույնի հասցնել այն թերությունները, որոնք արձանագրեցին միջազգային դիտորդները նախագահական ընտրությունների ժամանակ։
¬ Թույլ տվեք միանշանակ չպատասխանել, այլ ուղղակի անդրադառնալ երկու իրողության։ Առաջինն այն է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հետեւող աչքերն ավելի շատ կլինեն։ Երկրորդ իրողությունն էլ այն է, որ մենք գտնվում ենք նույն երկրում, նույն ժողովուրդն ենք եւ ժամանակային առումով ընդամենը մի քանի ամիս է անցել...
¬ Եվ վերջին հարցը, պրն Միրզախանյան, ի՞նչ եք կարծում, նորընտիր խորհրդարանում ուժերի ինչպիսի՞ հարաբերակցություն կհաստատվի։ Նախագահամե՞տ ուժերը գերակշռություն կունենան, թե՞ ընդդիմադիրները։
¬ Անկախ մեր կուսակցության արդյունքներից, պետք է ասեմ, որ երկրի զարգացմանը կնպաստի այնպիսի մի խորհրդարան, որը ներդաշնակ կաշխատի գործադիր իշխանության հետ, վերընտրված նախագահի հետ։ Իսկ եթե մենք ունենանք այնպիսի մի խորհրդարան, որն իր բոլոր գործողություններով հակադրվի գործադիր իշխանությանը եւ նախագահին, այդ դեպքում երկիրն առաջընթաց չի արձանագրի։ Ընտրությունը կրկին մեր ժողովրդինն է...
Հարցազրույցըՙ ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ