«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2003-03-25 | #57, 2003-03-26 | #58, 2003-03-27


ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ՄԻԿՐՈՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանում միկրոֆինանսավորման ծառայություններ մատուցող կազմակերպությունները լուրջ խնդիրների են բախվել, ինչը պայմանավորված է ամիսներ առաջ Ազգային ժողովի ընդունած մի քանի օրենքների ուժի մեջ մտնելով։

Այդ կազմակերպություններն առանց գրավի տրամադրում են փոքր չափերի փոխառություններ (մի քանի հարյուր դոլարից մինչեւ մի քանի հազար) մանր ձեռներեցներին, որոնց բանկերի ծառայությունները գրավի առարկաների բացակայության պատճառով հասանելի չեն։ Միկրոֆինանսավորող կազմակերպությունները հանդիսանում են շահույթ չհետապնդող, ոչ առեւտրային կազմակերպություններ, հիմնադրամներ եւ դրամաշնորհներ են ստանում արտասահմանյան դոնոր կազմակերպություններիցՙ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID), Գերմանական տեխնիկական համագործակցություն (GRZ) եւ այլն։ Հիմնադրամներից առանց գրավի փոխառություն վերցնողների թիվը գերազանցում է 25 հազարը, ինչը նշանակում է, որ այդ ծրագրերը նպաստում են մանր գործարարության զարգացմանը եւ ունեն սոցիալական նշանակություն։ Եվ ահա, այդ հիմնադրամների ներկայացուցիչները պնդում են, որ «Վարկային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների ընդունմամբ ստեղծվել է իրենց գործունեության համար անբարենպաստ օրենսդրական դաշտ։

Մասնավորապես, «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունից հետո, այս տարվա հունվարի 1-ից այս հիմնադրամները կամ, ինչպես իրենք են ասում, Զարգացող ֆինանսական հաստատությունները (ԶՖՀ) այլեւս չեն ազատվում այս հարկատեսակից։ Այդ փոփոխությունը, ըստ նրանց, կարող է հանգեցնել հիմնադրամներիՙ փոխառություններից ստացվող եկամուտների նվազմանը, փոխառությունների շատ ցածր տոկոսադրույքների բարձրացմանը, փոխառուների թվի կրճատմանը։ Սակայն հիմնադրամներին հուզող հիմնական հարցն այն է, որ օտարերկրյա դոնորներն օրենսդրական այս փոփոխությունից հետո կարող են դադարեցնել ֆինանսավորումը։

«Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի առնչությամբ հիմնադրամներն արդարացված չեն համարում իրենց գործունեությունը որպես վարկային կազմակերպություն դիտարկելը, հետեւաբար լիցենզավորման ենթակա լինելը։ Նրանք դա հիմնավորում են, նկատի ունենալով «հիմնադրամների առաքելությունը եւ միջոցների ձեւավորման աղբյուրները»։

Վերջապես, «Հիմնադրամների մասին» օրենքում հիմնադրամներն անընդունելի են համարում այն դրույթը, ըստ որի այս հաստատությունների վարչակառավարչական ծախսերի գումարը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը։ Այս առարկությունը բացատրվում է այն հանգամանքով, որ այստեղ գումարները ոչ թե ուղղվում են նպատակային ծրագրերին, այլ տրվում են որպես փոխառություններ, այսինքնՙ միկրոֆինանսավորմանն ուղղված կապիտալը շրջանառվելով, ապահովվում է վարչակառավարչական ծախսերը։ Այդ ծախսերը հիմնադրամների հիմնական մասն են կազմում, որոնք վճարվում են վարկային գործակալներին որպես աշխատավարձ։ Հետեւաբար, այս սահմանափակումը նույնպես, ըստ ԶՖՀ-ի, պետք է վերացնել։ Այստեղ կարծում ենք, որ հնարավոր է մեկ այլ տարբերակ։ Վարկային գործակալներին աշխատավարձերի փոխարեն կարելի է վարձատրել հետեւյալ սկզբունքովՙ յուրաքանչյուր գործարքից նրան թողնելով որոշակի տոկոսադրույք։

Վերոհիշյալ դրույթները փոփոխելու առաջարկներով զարգացող ֆինանսական հաստատությունները դիմել են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին, հարկային ծառայության պետին։ Իսկ այսօր տեղի կունենա այդ հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան, որին հրավիրված են նաեւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։

Կարծում ենք, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե որքանո՞վ են իրավացի հիմնադրամների ներկայացուցիչների առարկություններն ու հիմնավորումները, առկա է կարգավորման ենթակա խնդիր։ Պետք է նկատի առնել, որ այս հարցը շոշափում է տասնյակ հազարավոր մարդկանց շահերը, եւ գտնել այնպիսի լուծումներ, որ համապետական շահերով ղեկավարվելով, չանտեսվեն այդ մարդկանց շահերը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4