Մեզանից յուրաքանչյուրը, մասնակցելով ընտրություններին, հատկապես նախագահական, անպայման որոշակի հույսեր փայփայում է։ Հույսեր, որ հերթական անգամ չի խաբվի, հերթական անգամ իշխանություն ձեռք բերելով ընտրված թեկնածուն չի կտրվի հասարակ ընտրողից, ժողովրդից եւ հերթական անգամ նրա կողմից հասարակության ու պետության շահերը չեն ստորադասվի անձնական, խմբային, կլանային շահերին։ Եվ ընտրված նախագահը պարտավոր է իրականացնել իրեն ընտրած եւ չընտրած մարդկանց այդ հույսերը։
Համեմատեք ինքներդ
2003 թ. նախագահական ընտրություններում հաղթեց եւ երկրորդ անգամ այդ պաշտոնում վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտոնավարման առաջին հինգ տարիներին արձանագրված դրական փոփոխությունների մասին երկար չենք խոսի։ Ընդդիմախոսներին կառաջարկեինք ընդամենը զուգահեռներ անցկացնել նախորդ նախագահի իշխանության տարիներիՙ 1991-1997 թթ. եւ ներկա նախագահի իշխանության տարիներիՙ 1998-2003 թթ. ցուցանիշների միջեւ ցանկացած, հատկապես տնտեսության բնագավառում։ Առավելագույնս անաչառ լինելու համար կառաջարկեինք համեմատել հատկապես 1994-97 թթ.-երը, երբ ղարաբաղյան պատերազմում զինադադար կնքվեց, 2000-2003 .թ. հետ, երբ ներքաղաքական ցնցումներից դուրս եկանք։ Այսինքն դրանք այն տարիներն էին, երբ մեր երկրի նախորդ եւ ներկա նախագահները կարող էին, այսպես ասած, լիարժեքորեն ինքնադրսեւորվել։ Թե ով ինչպես դրսեւորվեց, մենք բոլորս ականատես ենք։ Բավական է միայն հիշատակել երկրի տնտեսության մեջ կատարված բագրատյանական գիտափորձը, ինչի հետեւանքով Հայաստանում ըստ էության փակվեցին 600 հազ. աշխատատեղեր, եւ ինչի հետեւանքները հաղթահարում ենք մինչ օրս եւ հաղթահարելու ենք առաջիկա տարիներին։ «Դրանց ո՞ր մասը վերականգնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերջին տարիներին» հարցին նախկին վարչակարգը պատասխան չունի։ Փոխարենը ծաղրում են գործող նախագահի իշխանության տարիներին բացված աշխատատեղերի փաստը։ Կարեւոր չէ, թե դրանք ճիշտ այնքան են, որքան հայտարարվում է, թե ոչ։ Կարեւորը փաստերն են։ Տնտեսության ամբողջական ճյուղեր են (հանքարդյունաբերություն, սննդի եւ գյուղմթերքների վերամշակման արդյունաբերություն, ադամանդագործություն եւ ոսկերչություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ) վերագործարկվել եւ հարյուրավոր ձեռնարկություններ սկսել աշխատել, ինչն անհնար է ժխտել։ Սակայն խնդիրն այսօր այլ է։
Օրենքը պետք է գործի նաեւ օլիգարխների եւ արտոնյալների համար
Ակնհայտ է, որ արձանագրված դրական տեղաշարժը բավարար չէ երկրի բնակչության մեծ մասի կենսամակարդակի էական բարելավման համար։ Դեռեւս ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող մարդկանց համար գործող նախագահի մատնանշած տնտեսական աճի երկնիշ թվերը որեւէ արժեք չունեն, եթե իրենց կյանքում դա չի զգացվում։ Հետեւաբար վերընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնային խնդիրներից է տնտեսական աճը ժողովրդին հասցնելը։ Սա սերտորեն կապված է մեկ այլ կարեւորագույնՙ օրենքի առաջ բոլորի հավասարության խնդրի հետ։
Գաղտնիք չէ, որ ներկայումս առկա է տնտեսական անհավասար մրցակցային դաշտ։ Ընդ որում, առանձին դեպքերում դա ամրագրված է օրենսդրորեն (օրինակՙ տոնավաճառների շրջանառության չհարկվելը), իսկ հիմնականում օրենսդրության շրջանցմամբ։ Խոսքն այսպես կոչված օլիգարխների գործնականում անսահմանափակ իրավունքների մասին էՙ սկսած պետությանը վճարելիք հարկերն ըստ սեփական ցանկության վճարելուց կամ չվճարելուց, վերջացրած նրանց ավտոմեքենաների համար ճանապարհային երթեւեկության կանոնների չգոյությամբ։ Սա լրջորեն հարվածում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ մարդկանց հավատին իշխանությունների եւ մասնավորապես նախագահի հանդեպ։ Վերջինիս կողմից օլիգարխներին սանձելն ու օրենքի շրջանակներ վերադարձնելն էապես կփոխի հասարակության ինչպես սոցիալական, այնպես էլ հոգեբանական վիճակը։ Հատկապես եթե նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարյանի համար այլեւս վերընտրվելու խնդիր չկա (երրորդ անգամ անընդմեջ վերընտրվելն արգելված է սահմանադրությամբ), ապա դա այս ուղղությամբ գործելու համար առավել նպաստավոր հնարավորություններ է ստեղծում։ Ավելի կոնկրետՙ ի՞նչ պետք է արվի։
Կարծում ենք, օրենսդրությունը, չհաշված մեր հիշատակած օրինակը, հնարավորություն է տալիս ապահովելու հավասար մրցակցային դաշտ։ Անհրաժեշտ է միայն նախագահի քաղաքական կամքը, որպեսզի գործարարության մեջ չլինեն արտոնյալներ, արհեստական մենաշնորհներ ունեցողներ։ Հաջորդըՙ հատկապես գերշահույթ ապահովող ոլորտները, որոնք չեն ստեղծում հավելյալ արժեք (տոնավաճառներ, կազինոներ, սրճարաններ, երթուղային տաքսիներ եւ այլն), պետք է գտնվեն խստագույն հարկային վարչարարության ներքո։ Մինչդեռ հենց սրանք են այժմ արտոնյալ վիճակում, քանի որ այս դեպքերում էլ իշխանության տարբեր օղակների պաշտոնյաներն են «տերերը» կամ «տանիքները»։ Համոզված ենք եւ պատրաստ ենք հաշվարկներով ապացուցել, որ այս քայլերի դեպքում բյուջեի մուտքերն էապես կավելանան, որ բյուջետային աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները հնարավոր կլինի զգալիորեն բարձրացնել։
Ունենալ քաղաքակիրթ կենցաղ եւ արդար դատարաններ
Տնտեսական աճին զուգահեռ եկամուտների ճիշտ վերաբաշխման հարցն առաջնայինն է, որ մեր համոզմամբ պետք է ձեռնարկի վերընտրված նախագահը։ Իսկ քաղաքակիրթ կենցաղ ապահովելը, որը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի խոստումներից է, անհրաժեշտ է նախ եւ առաջ բարեկեցիկ կյանք ապահովելու դեպքում։ Առանց դրա շուրջօրյա ջրամատակարարում, գազամատակարարում, ջերմամատակարարում ունեցող բնակիչը շատ շուտ կզրկվի դրանցից այն պարզ պատճառով, որ չի կարող վճարել այդ ծառայությունների դիմաց։ Եվ, ի վերջո, բարեկեցիկ հասարակությունը, չսպասելով պետական հատկացումներին կամ վարկային ծրագրերին, ինքը կձգտի քաղաքակիրթ կենցաղի։ Մի խոսքով, բարեկեցության եւ քաղաքակիրթ կենցաղի ապահովումը պետք է տարվի զուգահեռ։ Իր անմիջական կյանքում դա զգալով, շարքային քաղաքացին այլեւս չի կասկածի երկրի տնտեսական աճի երկնիշ թվին։
Կցանկանայինք առանձնացնել եւս մեկ համակարգ, որը վերափոխումների լուրջ կարիք ունի եւ որտեղ կատարված բարեփոխումները ցարդ էական արդյունք չտվեցին։ Դա դատաիրավական համակարգն է։ Դարձյալ անմիջականորեն մարդկանց վերաբերող, նրանց ճակատագրերը տնօրինող այս համակարգում իշխում է կոռուպցիան։ Դատական համակարգի անկախության վճիռներ ընդունելիս արդարադատության սկզբունքներով եւ օրենքով դատավորների առաջնորդվելուն հասնելու համար կտրուկ քայլեր են անհրաժեշտ, ինչի համար կարելի է օգտագործել միջազգային փորձը եւ իրավական դաշտը։ Այստեղ առաջնային եւ միակ քայլը աշխատավարձերի բարձրացումը չպետք է լիներ, ինչը դեռեւս հեռու է դատական համակարգի մարդկանց պահանջները բավարարելուց, հետեւաբար եւ կաշառակերությունը զսպելուց։
Ինչ խոսք, սրանք մեր սեփական տեսակետներն են, որոնք, համոզված ենք, համընկնում են մեր համերկրացիների գերակշիռ մասի տեսակետներին։ Եվ դարձյալ վստահորեն կարող ենք պնդել, որ մարդիկ սպասում են նախագահի այս եւ նման գործողություններին, եւ նա պարտավոր է արդարացնել այդ սպասումներն ու հույսերը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ