«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2003-04-01 | #62, 2003-04-02 | #63, 2003-04-03


ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՙ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Հայագիտության ներկայիս անկումային եւ լճացած վիճակին քանիցս անդրադարձել ենք մեր հրապարակումներում։ Անվանի հայագետների հետ հարցազրույցների միջոցով փորձել ենք հասարակության եւ կառավարության ուշադրության կենտրոնում պահել հայագիտության զարգացումը կասեցնող հիմնական խնդիրները եւ մատնանշել դրանց լուծման ամենակարճ ուղիներըՙ հաշվի առնելով ազգային գաղափարախոսության ձեւավորման կարեւոր նշանակությունը մեր անկախ պետության ամրացման եւ կայացման գործում։ Հայագիտությունը միջազգայնացված գիտություն է, ուստի պետք է էական վերակառուցում ապրի, այլապես անխուսափելի կդառնան աղետալի հետեւանքները։ Ամենից առաջ պետական հովանավորության ու հոգածության կարիքը կա այսօրՙ ստեղծելու ղեկավարող օղակ, վերահսկելու ուսումնասիրվող թեմաները, արդյունավետ օգտագործելու գիտական ներուժն ու ֆինանսական միջոցները, վերացնելու հայաստանյան եւ սփյուռքյան հայազգի եւ օտարազգի հայագետների միջեւ վերջին տարիներին խորացած հակասությունները։

Եվ ահա, վերոհիշյալ խնդիրներին առավելագույն չափով լուծում տալու նպատակով այս տարվա սեպտեմբերի 15¬20-ը հանրապետության նախագահի հովանավորությամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ կկայանա հայագիտական միջազգային գիտաժողով, որ նախաձեռնել են Երեւանի պետական համալսարանն ու ԳԱ ակադեմիանՙ կրթության եւ գիտության նախարարության մասնակցությամբ։ Գիտաժողովի գիտական եւ կազմակերպական հարցերի մասին զրուցեցինք ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։

«Վաղուց անհրաժեշտություն էր դարձել հայագիտական միջազգային գիտաժողով հրավիրելը։ Վերջին տարիներին ստեղծված մտահոգիչ իրավիճակը շուտափույթ դարձրեց գիտաժողովի կազմակերպումը, որովհետեւ հայ պատմագրության, բանասիրության, մշակույթի պատմության վերաբերյալ հետազոտությունների բնագավառը որոշակի լճացում է ապրում։ Թեեւ այսօր էլ լույս են տեսնում մեծ քանակությամբ աշխատություններ, սակայն դրանց որոշ մասի գիտական արժեքը կարելի է կասկածի տակ առնել։ Մեզ մտահոգող խնդիրներից մեկը սա է, որն էլ ստիպում է նոր զարկ տալ հայագիտության զարգացմանըՙ աշխուժացնելով այս բնագավառի հետազոտություններն աշխարհում։ Երկրորդ խնդիրը վերաբերում է հայագետների միջեւ ծագած հակասություններինՙ հայրենիքում թե սփյուռքում։ Մեր ցանկությունն էՙ սկիզբ դնել այդ հակասությունների հարթեցմանը կամ գոնե օգնել ինչ-որ չափով ընդհանուր հայտարարի գալու որոշակի խնդիրների շուրջ։ Ինչպես ամեն մի գիտաժողով, այս գիտաժողովն էլ կծնի նոր գաղափարներ ու ծրագրերՙ սա էլ կլինի երրորդ խնդիրը։ Հետադարձ հայացք նետելով արված ու չարված գործերինՙ կուրվագծենք հետագա անելիքները», ասաց պրն Սիմոնյանը։

Խոսելով կազմակերպական աշխատանքների մասին նա նշեց, որ դրանք սկսեցին մի փոքր ուշացումով։ Հրավերներ են ուղարկվել արտասահմանում բնակվող 225 հայագետների, որոնցից առայժմ 87-ն են մասնակցելու համաձայնություն տվել։ Հայագետներից 18-ը հրաժարվել են մասնակցել հիմնականում առողջության կամ զբաղվածության, երբեմն էլ միջազգային բարդ իրադրության պատճառներով։ Մերձավոր Արեւելքում ապրող հայագետներից իսրայելցի Մայքլ Սթոունը հրաժարվել է մասնակցելՙ վերջին պատճառը մատնանշելով։ Այսուհանդերձ, այսօր արդյունավետ աշխատող արտասահմանյան հայագետների հիմնական կորիզը ներկա կլինի գիտաժողովին, թեպետ ցանկալի է բոլորի մասնակցությունը, մանավանդ որ պատասխան ուղարկելու ժամկետը դեռեւս չի լրացել։ Ցավոք, զբաղվածության պատճառով չի ներկայանա պրոֆ. Վահագն Տատրյանը։

Առանձին ցուցակ են կազմում սփյուռքի եկեղեցական թեմերի առաջնորդներն ու հայագետ եկեղեցականները, այդ թվումՙ Մխիթարյան միաբանության եւ բողոքական եկեղեցու առաջնորդներն ու գիտնականները։

Հայաստանի հայագիտական օջախներից եւս պահանջվել է ներկայացնել զեկուցումների եւ թեզերի թեմաները։ Գիտաժողովում բանախոսները բացի հայերենից, կարող են ելույթ ունենալ ռուսերենով, անգլերենով եւ ֆրանսերենովՙ սինխրոն թարգմանությամբ։ Գիտաժողովի օրերը հագեցած կլինեն սեկցիոն աշխատանքներով, կլոր սեղանների քննարկումներով, մշակութային ծրագրերով, այցելություններով եւ այլն։ Նախապատրաստական աշխատանքները ղեկավարելու համար ստեղծվել է կազմկոմիտե, որի մեջ մտնում են ԳԱ ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Առաջարկվել է այդ կազմի մեջ ընդգրկել 2 սփյուռքահայ հայագետներիՙ Լեւոն Զեքիյանին եւ Ռիչարդ Հովհաննիսյանին։ Վերջինիս մասնակցության հարցը դեռեւս հայտնի չէ։ Կկազմվի նաեւ ծրագրային կոմիտե, որը կզբաղվի ներկայացված թեզերի եւ զեկուցումների փորձագիտական աշխատանքներով։ Հունիսին կհրատարակվի թեզերի ժողովածուն, իսկ գիտաժողովի զեկուցումներն ու նյութերը կհրատարակվեն առանձին։ Լուծված է նաեւ մասնակիցների կեցության ծախսերի հարցը։ Բացի ճանապարհածախսիցՙ մնացածը հոգում է կազմկոմիտեն։

«Կարծում եմ, հայագիտության զարգացման համար բավական կարեւոր ու խթանիչ քայլ ենք ձեռնարկել, որով հիմք կդրվի հայագիտական կենտրոնների ստեղծմանը թե այստեղ, թե սփյուռքում։ Կամրապնդվեն հայրենիք-սփյուռք գիտական կապերը, կհարթվեն հակասությունները։ Չկարծեք, թե այս գիտաժողովի գաղափարը ողջունեցին մեր բոլոր հայագետները։ Կան այնպիսիք, որոնց համոզմամբ սա ժամանակավրեպ է, եւ անիմաստ է որեւէ դրական արդյունք ակնկալելը։ Համոզված եմ, որ գիտական բանավեճեր ծավալելը լավագույն միջոցն է մեկուսացումից ու լճացումից դուրս գալու համար։ Վերջին հաշվով վեճերից է ծնվում ճշմարտությունը։ Հուսով եմ, այսուհետեւ երկու տարին մեկ գիտաժողով կհրավիրենք եւ կլայնացնենք քննարկվելիք հարցերի շրջանակը», այս խոսքերով ավարտվեց մեր զրույցը։

Գիտական բանավեճերն, անշուշտ, բազում հարցերի պատասխաններ կարող են տալ, բայց գլխավորն այստեղ բանավիճելու կուլտուրա դրսեւորելու, հակադիր կարծիքներն ու տեսակետները հարգելու ու մինչեւ վերջ ունկնդրելու, բարեկիրթ ձեւով հարցերին պատասխանելու հատկությունն է, որ մեզանում հղկման կարիք ունի։ Բանավեճերը գիտական բարձր մակարդակով չարվելու պարագայում առաջ են մղվում անձնական վիրավորանքներ հասցնելու մեթոդները, որոնք էլ հանգեցնում են մեկուսացման խորացմանն ու հակասությունների սրմանը։ Դրա ականատեսը եղել ենք։ Այդ նուրբ խնդիրը վերստին մտածելու տեղիք է տալիսՙ գիտաժողովի համազգային նշանակության կարեւորությունը նկատի ունենալով։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4