Երեկ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, ի պատասխան մեր թերթի ապրիլի 3-ի համարում «Քարուքանդ փողոցների մայրաքաղաքը» հրապարակման, տեղեկացրին, որ այս տարվա մարտի 15-ից մինչեւ մայիսի 15-ն ասֆալտյա ծածկի նորոգման աշխատանքներ կտարվեն 138 փողոցներում։ Այսպես կոչված փոսային նորոգման ենթակա է 132 հազար քմ մակերես։ Անցյալ շաբաթվանից արդեն նորոգվել է 15 հազար քմ ասֆալտյա մակերեսՙ Թամանցիների, Բաբաջանյան, Պարոնյան, Չարենցի, Աթենքի, Նար-Դոսի փողոցներում։ Նորոգման ընթացքում են Սասունցի Դավթի, Պարույր Սեւակի, Իսակովի, Սեբաստիայի, Ազատության, Տիգրան Մեծի, Սարալանջի, Դավիթաշենի, Դավիթ Բեկի, Զովունի, Նուբարաշենի, Լեոյի, Զաքյան փողոցները եւ պողոտաները։ Հուսանք, որ այս աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում։
Լրատվական ծառայությունից մեզ տրամադրեցին նաեւ այն 13 փողոցների ցանկը, որոնք այս տարի պետք է հիմնանորոգվեն Լինսի հիմնադրամի միջոցներով։ Դրանք են Թումանյան, Տերյան, Սարյան, Ալեք Մանուկյան, Լերմոնտովի, Իսահակյան, Մոսկովյան, Խորենացու, Արշակունյաց, Ագաթանգեղոսի, Հերացու, Աճառյան փողոցները եւ Մյասնիկյան պողոտան։
Ա. Մ.