«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2003-04-03 | #64, 2003-04-04 | #65, 2003-04-05


ՌԻԵԼՏՈՐՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Երեկ իրենց տարեկան ժողովն անցկացրին Ռիելտորների եւ գնահատողների ազգային ընկերակցության մեջ միավորված ընկերությունները։ Ընկերակցության հռչակած նպատակներից են անշարժ գույքի շուկայի կայացմանն ու զարգացմանը, ոլորտի մասնագետների մասնագիտական մակարդակի բարձրացմանը, մասնագետների եւ ընկերությունների կապերի ընդլայնմանը նպաստելը։ Երեկվա տարեկան ժողովին, բացի ընկերակցության մեջ ընդգրկված ընկերությունների («Տիգրիս», «Բարս», «Ակցեռն» եւ այլն) ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ պետական պաշտոնյաներ։

Անշարժ գույքի միջազգային հիմնադրամի նախագահ Նորման Ֆլինը, ողջունելով հայկական ռիելտորների ստեղծած միության համաժողովը, նշեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը կաջակցի ընկերակցությանը այնպես, ինչպես աջակցում է աշխարհի 65 երկրներում գործող նման կառույցներին։ Նա ընդգծեց, որ դա հնարավոր չէր լինի, եթե չլիներ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորումը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ USAID-ի ներկայացուցիչ Ջոզեֆ Մերին եւ պետական գույքի փոխնախարար Միքայել Մելքումյանը։ Փոխնախարարը որպես անշարժ գույքի շուկայում արդյունավետ գործունեության փաստ բերեց «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերության օրինակը։ Վերջինս ձեռք է բերել 7 նախարարությունների շենքեր 20 հազար քմ մակերեսով, ինչի դիմաց պարտավորվել է ավարտել մի շարք անավարտ օբյեկտների շինարարությունը։ Փոխնախարարը եւս մեկ կարեւոր հարց բարձրացրեց անշարժ գույքի շուկայի մասնակիցների առջեւ։ Նա հարց ուղղեց ռիելտորներին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ իրենք գնեն եւ վաճառեն անշարժ գույքը, դրա առուվաճառքի միջնորդ լինելուց բացի։ Ի դեպ, ընկերությունների ղեկավարները որեւէ կերպ չարձագանքեցին այս հարցին։ Ցանկացած պարագայում նման գործելակերպ առայժմ չկա։ Դա պատճառ է մի կողմից ընկերությունների հնարավորությունների եւ բիզնեսի ծավալների, մյուս կողմիցՙ նրանց դեռեւս ոչ լիարժեք պատրաստվածության, ինչի պատճառով հնարավոր են մեծ կորուստներ։ Ինչեւէ։

Այս եւ ոլորտի մյուս հարցերի առնչությամբ առաջիկայում կներկայացնենք ինչպես ռիելտորների, այնպես էլ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեսակետները։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4