Նշում է «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրենը
Անցյալ տարվա նոյեմբերի 1-ից Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատերը դարձավ բրիտանական «Միդլենդ ռիսորսըզ հոլդինգը»։ Այս ընթացքում համակարգում ընկերության իրականացրած քայլերի որոշ մանրամասներին տեղեկանալու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին։
- Պրն Գլադունչիկ, երբ կնքվում էր բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործարքը, Հայաստանի էներգետիկայի նախարարը համոզմունք հայտնեց, որ մի քանի ամիս հետո համակարգը կդառնա շահութաբեր։ Դա այդպե՞ս է։ Այսօր դուք շահույթո՞վ եք աշխատում։
¬ Այո։ Արդեն այս տարվա փետրվարից մենք աշխատում ենք շահույթով։
¬ Նման աշխատանքի համար կարեւոր հանդիսացող վճարումների եւ գերկորուստների առումով վիճակն ինչպիսի՞ն է։
¬ Դրանք տարբեր բաներ են, բայց, իսկապես փոխկապակցված են։ Այնտեղ որտեղ կորուստները փոքր են, հավաքման մակարդակը բարձր է, որտեղ մեծ կորուստներ են, այնտեղ չեն վճարում։
¬ Անդրադառնանք յուրաքանչյուրին առանձին։ Հավաքման ցուցանիշներն ինչպիսի՞ն են։
¬ Ասեմ, որ մեզ չգոհացրին էլեկտրաէներգիայի վճարների հավաքման ո՛չ փետրվարի, ո՛չ մարտի ցուցանիշները։ Երեւի մեզ խանգարեցին նաեւ քաղաքական գործընթացները, որոշ մարդկանց անպատասխանատու կոչերը։
¬ Չվճարել էլեկտրաէներգիայի դիմա՞ց։
¬ Այդ թվում նաեւ դա։ Երկրորդ օբյեկտիվ պատճառն էլ այն էր, որ բյուջետային կազմակերպությունները հունվարին եւ փետրվարին դեռեւս չէին ստացել իրենց գումարները։ Համենայն դեպս, սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կազմեցին 91 տոկոս։
¬ Այժմ գերկորուստների մասին։ Կարո՞ղ եք ասել, որ դրանք նվազել են եւ որքանո՞վ։
¬ Դժվար է ասել, թե որքան են նվազել։ Դրա համար պետք է համեմատել, ասենք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ինչեւէ, կարող եմ ասել, որ գերկորուստները, այո՛, նվազել են, բայց համեմատություններ չեմ ցանկանում կատարել։
¬ Ցանցերի մաշված լինելու մասին մենք բազմիցս ենք լսել մեր պաշտոնյաներից։ Այս ձմեռն իր հերթին նոր փորձություններ բերեց համակարգի համար։ Ի՞նչ է արվում նորոգելու եւ արդիականացնելու ուղղությամբ։
¬ Կան կոնկրետ ծրագրեր, միջոցառումներ, որոնք իրականացվում են։ Ինձ համար ձմեռը դեռեւս չի վերջացել։ Եղանակը մեղմանալուն պես մեր նախատեսած ծրագրերը կսկսենք իրականացնել ամբողջ թափով։
¬ Իսկ ձեր ստանձնած պարտքերը մարվո՞ւմ են։
¬ Այո, ըստ հաստատված ժամանակացույցի, յուրաքանչյուր կազմակերպության, բանկի հետ փոխհարաբերությունները մշակված են։
¬ Ինչպիսի՞ն է վիճակը ձեր խոշորագույն պարտապանիՙ «Նաիրիտի» վճարումների առումով։
¬ Ես ինքս շատ կցանկանայի իմանալ, թե «Նաիրիտը» երբ կմարի մեզ ունեցած պարտքը։ Ի վնաս մեզ, չունենալով վճարման երաշխիք եւ ընդառաջելով կառավարության խնդրանքին, մենք էլեկտրաէներգիա ենք տալիս այդ ձեռնարկությանըՙ այնտեղ եղած քլորի պահպանման համար։ Ջրամատակարարման համակարգին ամսական անհրաժեշտ է 30 տոննա քլոր։ Անցյալ ամիս դրա պաշարները սպառվել էին, եւ մենք ապահովեցինք արտադրությունը, ինչն արժեցավ 75 մլն դրամ։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, քլորի պահպանումը հնարավոր է որոշակի ջերմաստիճանում, ինչի համար նույնպես ստիպված ենք էլեկտրաէներգիա մատակարարել։
¬ Եվ վերջին հարցը։ Համաշխարհային բանկի պահանջներից էր բաշխիչ ցանցերի կառավարման համար այդ համակարգում հայտնի ընկերության ներգրավումը։ Դուք ընտրեցիք հարավկորեական «Դեու ինջիներինգին»։ Ինչպե՞ս է ընթանում համագործակցությունն այդ ընկերության հետ։
¬ «Դեու ինջիներինգի» հետ 2 տարի ժամկետով պայմանագիր է կնքված։ Այն գործում է։ Ընկերության ներկայացուցիչները եկել են այստեղ, ուսումնասիրել վիճակը, եզրահանգումներ արել եւ վերադարձել հայրենիք։ Մեր համագործակցությունը շարունակվում է։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ