«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2003-04-05 | #66, 2003-04-08 | #67, 2003-04-09


ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՉԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ»

ՀՀ նախագահ վերընտրված Ռոբերտ Քոչարյանի պաշտոնակալության արարողության առթիվ երեկ Երեւան ժամանած ՌԴ պատվիրակության կազմում է Ռուսաստանի աշխատավորների ինքնորոշման կուսակցության (ՌԱԻԿ) նախագահ Լեւոն Չախմախչյանը, որը «Իզվեստիային» տված հարցազրույցում մասնավորապես պարզաբանել է ՀՀ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի հանդեպ նախօրոք իր արտահայտած վստահության պատճառները։

Չախմախչյանի խոսքերով, իր կանխատեսումը հիմնված է եղել Հայաստանի ներկա իրողությունների վրա։ Վերջին 5 տարում իրավիճակը լավացել է։ 1998 թ. երկրում տիրում էր զանգվածային գործազրկություն, արդյունաբերությունը հոգեվարք էր ապրում։ 1988 թվականի երկրաշարժի գոտում տասնյակ հազարավոր մարդիկ ծվարել էին ժամանակավոր կացարաններում։

«Նախագահ ընտրվելով նման պայմաններումՙ Քոչարյանը մարդկանց մեջ կարողացավ վերականգնել հավատն ու հույսը», նշում է Չախմախչյանը։ Նախագահն սկսեց զբաղվել կոնկրետ ծրագրերով, տնտեսական հատվածի վերաշխուժացմամբ, նպաստեց օտարերկրյա ներդրումների աճին։ Հինգ տարում ՀՀ ներքին համախառն արդյունքն ավելացավ 1,5 անգամ, ինչը ենթադրում է տնտեսական կայուն աճ տարեկան 10 տոկոսով։

Սերտացան Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունները, զգալիորեն ամրապնդվեցին ՀՀ դիրքերը միջազգային ասպարեզում ակտիվ եւ ճկուն քաղաքականության շնորհիվ։

Իհարկե, մնում են զգալի թվով չլուծված խնդիրներ։ Նման պայմաններում հանրապետության ղեկավարության փոփոխումը բացասաբար կանդրադառնար վերածնման գործընթացի վրա։ Մարդկանց մեծ մասը հասկացավ, որ նախագահին պետք է տրվի գործն ավարտին հասցնելու հնարավորություն։ Բացի դրանից, Չախմախչյանի կարծիքով, ընդդիմությունն այդպես էլ չներկայացրեց քիչ թե շատ հասկանալի ծրագիր։

Իրաքի պատերազմի եւ դրա հնարավոր հետեւանքների կապակցությամբ Չախմախչյանը նշում է, որ ներկա պայմաններում Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական գերակայությունները զուգադիպում են։ Երկու երկրներն էլ ուզում են պահպանել տասնամյակներով ստեղծված աշխարհակարգը, որի փլուզումը կվտանգեր առաջին հերթին փոքր երկրների անվտանգությունը։

«Հայաստանը հետխորհրդային սակավաթիվ պետություններից է, որտեղ Ռուսաստանի հանդեպ ոչ միայն առկա է լավ վերաբերմունք, այլեւ ընդգծվում է այդ համակրանքը»։ ՌԱԻԿ-ն իր ավանդն ունի ռուս-հայկական բարեկամության մեջ. մասնավորապես Երեւանում մասնակցել է նախագահ Քոչարյանին Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան մրցանակի (որի հիմնադիրներից է) եւ «Լուսավորության ջատագովին։ Ա. Ս. Պուշկինի ծննդյան 200-ամյակի առթիվ» մեդալի հանձնման արարողությանը։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4