«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2003-04-09 | #68, 2003-04-10 | #69, 2003-04-11


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ՎՐԱ

Իր կարծիքն է հայտնում «Անելիք» բանկի վարչության նախագահը

Քաղաքական գործընթացների, տվյալ դեպքում ընտրություններիՙ բիզնեսի վրա ունեցած ազդեցության մասին խոսելիս, նախորդ անգամ անդրադարձել էինք անշարժ գույքի շուկային։ Այս անգամ մեր զրուցակիցը Հայաստանի բանկային համակարգում ամենաճանաչված մարդկանցից մեկն է։ «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանն, անդրադառնալով մեր արծարծած հարցին, հետեւյալն ասաց.

-Իհարկե, բիզնեսում ընտրությունների շրջանում որոշակի սպասողական վիճակ ստեղծվում է։ Տարբեր հավակնություններ են լինում, մեկն իր հույսերը կապում է մի թեկնածուի, մյուսըՙ երկրորդի հետ եւ այլն։ Ասեմ, որ այս միտումը միայն Հայաստանում չէ։ Դա ընդհանուր միտում է, որը բերում է բիզնեսի որոշակի սառեցման տվյալ ժամանակահատվածում։

Բացի դրանից, սովորաբար առաջին եռամսյակն ամենադժվարն է լինում։ Բոլոր տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում բանկերը, այդ ժամանակահատվածում փոքր շահույթ են ունենում կամ շահույթ չեն ունենում։ Սակայն կարող եմ ասել, որ վերոնշյալ գործոնները մեր բանկի վրա գործնականում ազդեցություն չթողեցին։ Ասածիս ապացույց ներկայացնեմ 2002 թ. առաջին եռամսյակի, 2002 թ. տարեվերջի եւ 2003 թ. առաջին եռամսյակի ցուցանիշները։ Ակտիվները կազմել են համապատասխանաբար 6 մլրդ 800 մլն դրամ, 10 մլրդ 300 մլն դրամ եւ 10 մլրդ 550 մլն դրամ։ Աճը վերջին եռամսյակում կազմել է 250 մլն դրամ։ Վարկային ներդրումներըՙ 3 մլրդ դրամ, 5 մլրդ դրամ եւ 5 մլրդ 420 մլն դրամ։ Աճըՙ 420 մլն դրամ։ Բանկի շահույթը, համեմատած 2002 թ. առաջին եռամսյակի հետ, աճել է գրեթե կրկնակիՙ 33 մլն դրամ եւ 61 մլն դրամ։

Անցյալ տարի շահույթը կազմել է 401 մլն դրամ։ Ընդհանուր կապիտալը հետեւյալ շարժն է ունեցելՙ 1 մլրդ 240 մլն դրամ, 1 մլրդ 620 մլն դրամ եւ 1 մլրդ 685 մլն դրամ։

¬ Դա նշանակո՞ւմ է, որ 2005 թ. կհասցնեք Կենտրոնական բանկի սահմանած 5 մլն դոլարին համարժեք դրամ ընդհանուր կապիտալ ունենալու պահանջին։

Կհասցնենք։ Պարզապես ցանկանում ենք հասցնել մեր բնականոն աճով, այլ ոչ թե դրսի ներդրումներով։ Թեեւ դա չի բացառվում։ Եթե այս տարի շահույթը կազմի 500 մլն դրամ, մյուս տարիՙ 700¬800 մլն դրամ, իսկ 2005 թ.-ի առաջին կեսին 100¬200 մլն դրամ, ապա կհասցնենք։ Բազմաթիվ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ցանկանում են դառնալ մեր փայատերերը։

Շարունակելով ընտրությունների ազդեցության թեման, նշեմ, որ այն մեր պարագայում որոշակի ազդեցություն գործեց ավանդների վրա։ Վերոնշյալ ժամանակահատվածներում դրանք կազմել են 1 մլրդ 360 մլն դրամ, ապա 2 մլրդ 580 մլն դրամ եւ հիմաՙ 2 մլրդ 350 մլն դրամ։ Սակայն դա չի անդրադարձել բանկի գործունեության վրա։

Ներկայումս Արաբկիրում նոր մասնաճյուղ բացելու աշխատանքներ են տարվում։ Այն հագեցած կլինի նորագույն սարքավորումներով եւ սպասարկման որակով։ Նախատեսվում է, որ մասնաճյուղը կսկսի գործել հունիսից։ Բացի այդ, Վանաձորում մեր մասնաճյուղը ստեղծելու բանակցություններ են ընթանում։ MASTER CARD-ի, ARCA-ի անդամ ենք, ունենք 2 բանկոմատ, եւս 5-ը գնել ենք եւ պետք է տեղադրենք։

Համաշխարհային բանկի, Գերմանա-հայկական հիմնադրամի, Լինսի հիմնադրամի, «Եվրասիա» հիմնադրամի եւ վերջերս նաեւ Եվրաբանկի վարկային ծրագրերով ենք աշխատում։ Ամենակարեւորը, որ մենք ստեղծում ենք դուստր բանկ Ռուսաստանումՙ մաքուր հայաստանյան կապիտալով, բանկի Մոսկվայի մասնաճյուղի հիման վրա։

¬ Գործելո՞ւ եք Ռուսաստանի վարկային շուկայում։

¬ Դեռեւս դրան պատրաստ չենք։ Իրականացնում ենք ֆիզիկական անձանց դրամային փոխադրումներ։ Անցյալ տարի շրջանառությունն այստեղ կազմել է 251 մլն դոլար։ Փոխադրումների «Անելիք» համակարգը գործում է 80 երկրներումՙ 160 բանկերի միջոցով։ Այսինքնՙ փոխանցումները կատարվում են ոչ միայն Ռուսաստան-Հայաստան կամ հակառակ ուղղությամբ, այլեւ Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Մոլդովա, Մոլդովա¬Ղազախստան եւ այլն։ Այդ 251 մլն դոլարից միայն 95 մլն դոլարն է Հայաստան-Ռուսաստան փոխադարձ փոխադրումները։

¬ Պրն Ճզմաչյան, ոսկու գրավադրման առումով Ձեր բանկում խնդիրնե՞ր են առաջացել։

¬ Ոչ, պարզապես ոսկու վարկային ծրագրից գումարներ ենք հանել եւ ուղղել ապառիկ վարկավորման շուկա։ Մենք, հետաքրքրվելով մեքենաների գնման ապառիկ վարկավորմամբ, ծրագրեցինք այստեղ 7¬8 ամսվա ընթացքում ներդնել 1 մլն դոլար։ Սակայն մոտ 1 ամսում արդեն այդքան գումար ներդրվեց եւ եւս 500 հազար դոլարի պահանջ կար։ Այդ պատճառով ոսկու վարկավորման պորտֆելներից, որը կազմում է 2 մլն դոլար, 100 հազար դոլարը հանեցինք եւ ուղղեցինք ապառիկի շուկա։ Պատճառըՙ վերջինս ավելի շահութաբեր է։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4