«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2003-04-09 | #68, 2003-04-10 | #69, 2003-04-11


ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՈՒՄ

«Զվարթնոց» օդանավակայանը կվերակառուցվի 2 փուլով։ Առաջին փուլը կավարտվի մեկ տարի հետո։ Կկառուցվի նոր մասնաշենքՙ 4 կամուրջներով օդանավերի համար եւ 4 հեռավոր կանգառներով։ Այս մասին երեկ հայտնեց Հայաստանի կառավարության իրավախորհրդատու Վահե Յաղուբյանըՙ անդրադառնալով կառավարության նիստում հաստատված «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին։ Մինչ այդ, ինչպես նշեց Վահե Յաղուբյանը, Էդուարդո Էռնեքյանի ներկայացրած նախորդ պլանում ներկայիս շենքի վերակառուցում էր նախատեսվում։ Սակայն հայաստանյան կողմը չէր համաձայնել դրան, քանի որ ներկայիս օդանավակայանը կառուցված չի եղել որպես միջազգային օդանավակայան, եւ կառույցը չի կարող համապատասխանել միջազգային չափանիշներին։ Դրանից հետո «Զվարթնոցի» կոնցեսիոները ներկայացրել է նոր պլանը։

Առաջին փուլի ավարտից հետո կսկսվի երկրորդ փուլը, որի ժամանակ կկառուցվեն եւս երեք մասնաշենքեր։ Ընդհանուր առմամբ կներդրվի 59 մլն դոլար։ Ծրագիրը հիմնականում կավարտվի 5 տարվա ընթացքում, եւ այդ ժամանակահատվածում կարվի ներդրումների զգալի մասը։ Իսկ վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ կավարտվի 8 տարի հետո։ Հին շենքը նոր մասնաշենքերի կառուցումից հետո կդադարի իր նպատակին ծառայելուց։ Վահե Յաղուբյանը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 60 օրվա ընթացքում։

Ակնկալվում է, որ վերանորոգումից հետո օդանավակայանը տարեկան կսպասարկի 1,2¬1,4 մլն ուղեւորի, ներկայիս 800 հազարի փոխարեն։ Միաժամանակ կարող է սպասարկվել առաջին փուլից հետոՙ 8, երկրորդ փուլից հետո 16 ինքնաթիռ։ Ուղեւորափոխադրումների ավելացման համար որպես հիմնական նպաստող գործոն պետք է դառնա «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ դառնալը։ Տարածաշրջանում նման չափանիշներով եւ սպասարկմամբ այլ օդանավակայան չկա։ Երկրորդ նպաստող հանգամանքը փոքր հեռահարության թռիչքների իրականացումն է։

«Ի՞նչ է արվել մինչ այժմ» հարցին կառավարության իրավախորհրդատուն պատասխանեց, որ նորոգվել է թռիչքուղինՙ 600¬900 մ։ Այն վթարային էր եւ այժմ «շատ ավելի լավն է»։ Արդիականացվել է նաեւ թռիչքուղու լուսավորումը։ Այս հանգամանքը հատկապես կարեւորվեց, նկատի ունենալով տարածաշրջանին բնորոշ մառախուղները, որոնց ժամանակ տեսանելիությունը նվազում է։ Վահե Յաղուբյանն ընդունեց, որ որոշ նորոգումներ դեռ պետք է արվեն թռիչքուղու վրա, քանի որ հիմնական վերանորոգման ժամանակ եղել են թերացումներ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4