Կառավարության նիստում երեկ քննարկված եւ հաստատված հարցերից էր ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը, որը լրագրողներին փորձեց ներկայացնել քաղաքաշինության փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը։ Նրա նախնական ելույթն անհնար եղավ հասկանալ տերմինախեղդ եւ խճողված լինելու պատճառով։ Լրագրողների հարցերից հետո հնարավոր եղավ պարզել, որ այս փաստաթղթում նշվում են Հայաստանի տարածքների ու ռեսուրսների հնարավորությունները եւ կարողությունները։ Ըստ այդմ, փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանում առկա հողային, ջրային եւ այլ ռեսուրսների կայուն օգտագործման դեպքում այստեղ կարող է բնակվել 5 մլն մարդ։ Տեղեկացվեց նաեւ, որ նախագծի հիմնական նպատակը թերբեռնված բնակչություն ունեցող տարածքների բնակեցումն ու յուրացումն էՙ ի հաշիվ գերբեռնված տարածքների։
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ տեղեկացրեց երկրի հանրային հատվածի հիմնարկների հաշվապահության համակարգի միջազգային չափանիշներին անցնելու մասին։ Մինչ այժմ այդ չափանիշներին են անցել մասնավոր ընկերությունները։
Ա. Մ.