«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2003-04-10 | #69, 2003-04-11 | #70, 2003-04-12


«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ»

Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելուց հետո էլ չի դադարում տեսակետների բախումը դրա դրական եւ բացասական հետեւանքների մասին։ Այս հարցի շուրջ լրացուցիչ պարզություն մտցնելու նպատակ էր հետապնդում երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ ներկայացվեցին այդ կազմակերպության պատմությունը, սկզբունքները եւ Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը։

Հիմնական ելույթ ունեցողը Bering Point/Barents Group-ի ԱՀԿ հարցերով խորհրդատու Ալեն Մորլին էր, որին նախորդել էին առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանում ներկայացուցիչ Քիտ Սիմոնսի ներածական ելույթները։

Անդրադառնալով Հայաստանի անդամակցմանն Ալեն Մորլին մեր երկրի գլխավոր առավելությունը համարեց այն, որ նրան վստահում են։ Հայաստանն ապացուցել է, որ բոլոր պահանջները բավարարում է եւ ընդունել է բոլոր անհրաժեշտ օրենքները։ Ուշադրության հիմնական ոլորտներն են հարկային օրենսդրությունը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, առեւտրի սերտիֆիկացման պահանջները, մաքսային արժեքի որոշումը։ Նշվեց, որ վերջինիս առնչությամբ դեռեւս խնդիրներ կան, որոնք կարգավորվում են աստիճանաբար։ ԱՀԿ-ի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն ունեցող օրենքներ չկան, Հայաստանին մնում է միայն համապատասխանեցնել ենթաօրենսդրական ակտերը։

Մեր երկրի համար մտահոգություն հարուցող գլխավորՙ գյուղատնտեսությունն ավելացված արժեքի հարկով հարկելու հարցի կապակցությամբ Ալեն Մորլին նախ վերստին հիշատակեց, որ դրա համար սահմանված է 6 տարվա անցումային շրջան մինչեւ 2009 թ. սկիզբը։ Այդ ընթացքում, ըստ նրա, պետք է մշակվի այն մեխանիզմը, որով պետք է հարկվեն գյուղացիական տնտեսությունները։ Սակայն ելույթ ունեցողն այստեղ լուրջ խնդիր չի տեսնում, քանի որ, նրա հավաստմամբ, որքան հարկվի գյուղատնտեսությունը, ճիշտ նույն չափով էլ պետությունը պետք է լրավճար (դոտացիա) հատկացնի։ Այս հավաստիացումն այնքան էլ արժանահավատ չի թվում, որովհետեւ նույն հարցի առնչությամբ մեր պետական պաշտոնյաներից մեկից որոշակի ժամանակ առաջ ստացված պատասխանն այլ էր։ Մասնավորապես նա խորհուրդ տվեց դեռեւս չնշել, որ հարկվող գումարն ու հատկացվող լրավճարը նույն չափի կլինեն, որովհետեւ այստեղ առայժմ ամեն ինչ հստակ չէ։ Ինչեւէ։

Շարունակելով արդեն ԱՀԿ-ի առավելությունների մասին խոսել, ելույթ ունեցողն առանձնացրեց, որ այն նպաստում է խաղաղության պահպանմանը։ Դա բացատրվեց նրանով, որ վաճառողները սովորաբար հակված չեն պատերազմելու իրենց գնորդների հետ։ Որպես օրինակ նշվեց Եվրամիությունը, որի անդամ երկրների միջեւ 60¬70 տարի առաջ պատերազմներ էին լինում։

ԱՀԿ-ի առեւտրային համակարգի կարեւոր առավելություններից մեկն այն է, որ անդամ պետություններին պայմաններ չեն թելադրվում, եւ որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Դա, ըստ Ալեն Մորլիի, ձեռնտու է հատկապես Հայաստանի նման փոքր երկրներին, քանի որ կարեւորվում է նրանց ձայնը։

Այս ելույթից հետո Ալեն Մորլին եւ առեւտրի ու տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը պատասխանեցին սեմինարի մասնակիցների հարցերին։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4