«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2003-04-10 | #69, 2003-04-11 | #70, 2003-04-12


ՄԻ ՏԱՇՏԱԿ ՋՈՒՐ, ԷՆ ԷԼՙ ԵՐԿՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ

Ստեփանակերտի համար ջրամատակարարման հարցը միշտ էլ եղել է առաջնահերթ։ Տասնամյակներ շարունակ ամենատարբեր մակարդակներով հոլովվելով, այն այդպես էլ չի լուծվել։ Ջրաբաշխման ժամանակացույցը քաղաքի տարբեր թաղամասերում նույնպես տարբեր էՙ բնակչության մեջ խտրականության տպավորություն ստեղծելով։

Ոլորտի պատասխանատուները խնդրի չլուծվելը բացատրում են զտիչ կայանի հնացածությամբ։ Շուրջ 50 տարի առաջ կառուցված ավազորսիչը, կարելի է ասել, այլեւս իր նպատակին չի ծառայում։ Կայանի աշխատակիցների խոստովանությամբ, ջուրը զտիչ կայան է հասնում առանց լրիվ մեխանիկական մաքրման։ Իսկ ինքըՙ զտակայանը, ավելի քան 70 տարվա կենսագրություն ունի։

Այս ամենը չի խանգարում, որ կայանում պնդեն, թե քաղաքի բնակչությանը մատակարարվող ջուրը միանգամայն անվտանգ է առողջության համար։

Ստեփանակերտում խմելու ջրի հիմնախնդիրը զգացնել է տալիս առանձնապես գարնան ամիսներին, երբ ձնհալից ու անձրեւներից վարարած Ղայբալու գետը, որը մայրաքաղաքի հիմնական ջրատարն է, իր հետ տիղմ է բերում, պղտորելով խմելու համար նախատեսված ջուրը։ Զտակայանը տեխնիկապես ի վիճակի չէ ջուրը ցեխազերծել, իսկ բնակիչներն էլ մխիթարվում են այն հույսով, թե վարարումը ժամանակավոր է։

Այս տարվա գարունը ոչ միայն բացառություն չէ, այլեւ առանձնահատուկ է նրանով, որ այս ձմռանը անհամեմատ շատ տեղացած ձյունը սարերում սկսել է հալչել, ավելացրած նաեւՙ հորդառատ անձրեւները։ Գետաբերուկների պատճառով այս օրերին խցանվել է զտիչ կայան տանող ջրատարի խողովակը։ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Վլ. Արզումանյանի խոսքերով, անհրաժեշտ ամեն ինչ արվում է մայրաքաղաքում ջրամատակարարումը անխափան դարձնելու համար։ Բայց, միեւնույն է, ջրատարում գոյացած տիղմի պատճառով ջուրը դարձել է անօգտագործելի։ Անհրաժեշտ են հորդառատ տեղումներ, որպեսզի ջրատար խողովակը աղբից մաքրվի։ Իսկ եղանակի քմահաճույքներից կախված չլինելու եւ դրա հետ կապվածՙ բնակչությանն առանց ջրի չթողնելու նպատակով, այս օրերին գործի են դրվել Ստեփանակերտի 3 պոմպակայանները եւ 7 արտեզյան ջրհորները։ Դրանք սովորաբար գործի են դրվում ամռան ամիսներին, երբ տեւական շոգերի պատճառով ջուրը պակասում է։ Ըստ նոր ժամանակացույցի, այժմ ստեփանակերտցիներին ջուր տրվում է առավել սահմանափակված ժամկետով։

Թե ինչքան կտեւի այս վիճակը, կախված է եղանակից։ Իսկ գարունն Արցախում նոր է թափ առնումՙ անձրեւային անակնկալներով հանդերձ։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4