«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2003-04-11 | #70, 2003-04-12 | #71, 2003-04-15


«ԿՅԱՆՔՆ ԻՆՔՆԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է»

«Հովեր» երգչախմբի խմբավար Սոնա Հովհաննիսյանի հետ մեր հանդիպման առիթը շուտով թողարկվելիք նոր սկավառակն էՙ միջնադարյան առակագիր Վարդան Այգեկցու «Առակների» հիման վրա։ «Հայկական ձայներ» առաջին սկավառակով երգչախումբը ունկնդիրներին ներկայացրեց Կոմիտասի, Արզաս Ոսկանյանի, Բենջամին Բրիթենի, Ջորջ Գերշվինի եւ այլոց ստեղծագործությունները։

Տասնամյա գործունեության ընթացքում երգչախմբի երգացանկում ընդգրկվել են հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ավելի քան 170 խմբերգեր։ Նշենք, որ 2000 թ. երգչախումբը մասնակցեց Ավստրիայի Լինց քաղաքում կայացած երգչախմբերի համաշխարհային առաջին մրցույթինՙ արժանանալով ոսկե մեդալի։

- Ինչպե՞ս կբնութագրեք երգչախմբի տասնամյա ուղին եւ այսօրվա ստեղծագործական կյանքը։

- Երգչախմբի տասնամյա գոյության սկզբնական շրջանը կարելի է բոհեմական համարել, որին հաջորդեցին ռոմանտիկականը, հետո ռեալիստականը... Կազմն այսօր բավականին փոփոխված է, խմբերգային նյութըՙ նույնպես։ Ինչպես ամեն մի կենդանի օրգանիզմ, երգչախումբը շարունակ փոփոխվում է։ Իսկ եթե կա փոփոխություն, ուրեմն կա կյանք։ Այս ժամանակահատվածում ձեռք բերեցինք կենսագրություն, որը մեր միակ հարստությունն է։ Չմոռանամ ասել, որ մեր գործունեության սկզբից մեզ շատ է օգնել Ռոբերտ Ամիրխանյանը, իսկ վերջին տարիներին արժանացել ենք մի քանի գործարարների եւ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությանը։

Շուտով կավարտենք մեր երկրորդ սկավառակը, որի նյութն է Վարդան Այգեկցու «Առակները»։ Դեռ տարիներ առաջ Ստեփան Բաբաթորոսյանի հետ մտադրվել էինք բեմադրության տեսքով իրականացնել այդ աշխատանքը, քանի որ մեր երգչախումբն առաջին իսկ ելույթից հանդես է եկել բեմադրական ժանրում, այսինքնՙ առանձին կատարումներ բեմադրվել են։ Այս առումով երգչախումբն առաջինն է հանրապետությունում։ 1992 թվականին, երբ կազմավորվեցինք, մի տեսակ պահանջ առաջացավ բեմադրությամբ ներկայացնելու նաեւ հայկական խմբերգերը։ Սկսեցինք կոմիտասյան պարերգերից, մի լավ քարկոծվեցինք, բայց մինչ օրս շարունակում ենք պահպանել այդ գիծը։ Ընտրում ենք մեղեդայնությամբ ու բովանդակությամբ հարուստ ու բարձրարժեք ազգային ստեղծագործություններ, երկար ժամանակ աշխատում, հղկում եւ հանձնում ունկնդիրներին։ Մեր երրորդ սկավառակում տեղ կգտնեն հայ հոգեւոր խմբերգերը։ Նախատեսել ենք դրանք կատարել որեւէ եկեղեցում։

- Իսկ ի՞նչ դժվարություններ կան խմբերգային արվեստում եւ ի՞նչն է հատկապես խանգարում ստեղծագործելիս։

- Խմբերգային արվեստը, ցավոք, մեզանում չունի այն ժողովրդականությունը, ինչ երաժշտական մյուս ճյուղերը, չնայած հայկական խմբերգային ավանդույթները բավականին խորն են։ Այսօր էլ ունենք հրաշալի խմբավարներ, որոնց աշխատանքը հերոսական եմ համարում, որովհետեւ ամուր կամք է պահանջվում ներկայիս դժվարին պայմաններում երգչախումբ ղեկավարելու համար։ Ծանր է, երբ գործ ունես ոչ թե երաժշտական գործիքի, այլ ամենօրյա հոգս ու կարիք ունեցող մարդկանց հետ, քանի որ իրական դժվարությունները ստեղծագործող մարդու ներսում են։

Ինձ խանգարող ամենամեծ դժվարությունը հայաստանյան կյանքի դանդաղ ռիթմն է։ Այն, ինչ կարելի է արագորեն անել կարճ ժամանակում, չգիտես ինչու դառնում է երկարատեւ լուծելի խնդիր, չարչրկվում այնքան, որ նույնիսկ կորցնում է այն կարեւորությունը, որ կունենար անհրաժեշտ պահին։ Մինչ ապրում ես քեզ այրող գաղափարովՙ անսպասելիորեն պարզում ես, որ դրա իրականացումը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Կազմակերպական հարցերի երկարաձգումն ուղղակի անտանելի երեւույթ է։

- Իսկ ի՞նչն է, ձեր կարծիքով, խիստ պակասում այսօրվա երաժշտական կյանքում։

- Կուզենայի, որ հնարավորինս շատանային երաժշտական ակադեմիական հեռուստահաղորդումները, քանի որ հասարակության աչքերն այսօր ամենից շատ ուղղված են հեռուստատեսությանը։ Անկեղծ ասած, երաժշտական կյանքում շատ բան է պակասում, սակայն բողոքելով ու դժգոհելով բան դուրս չի գա։ Մեր երաժշտագետները առավելապես ընդունում են կարծրացած ու չապրող երեւույթները։ Նրանք ուղղակի սվիններով են դիմավորում ամեն մի նորություն, փոփոխություն։ Մինչդեռ կյանքն ինքնին փոփոխություն է, թարմություն։

Դասական երաժշտության ասպարեզում քիչ աշխատանք է կատարվում, իսկ էստրադայում, առհասարակ, չի կատարվում մի բան, որ արժանի լինի ուշադրության։ Շատ եմ սիրում այդ ասպարեզը, սակայն բարձրարժեք արվեստ առայժմ չեմ տեսնում։ Համոզված եմ, որ դեռ կգան մարդիկ եւ կստեղծեն հրաշալի երգեր ու կատարումներ։ Միայն թե անընդունելի է, երբ իբրեւ հայկական երգեր են ներկայացվում հնդկական, արաբական, թուրքական ու այլ հնչեղություն ունեցող մեղեդիները։ Ցավալի է նաեւ, որ մեր ժողովրդի մի շերտը դա ընդունում է, գնահատում։ Բայց պետք է նկատի ունենանք, որ այդ երեւույթը տարածված է ամենուր եւ չարժե առանձնապես սեւեռվել դրա վրա, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Ամենագլխավորը մեր մանուկների երաժշտական դաստիարակության մասին հոգալն է, որովհետեւ երաժշտությունը մարդուն բարեկիրթ է դարձնում։ Երգչախմբում հումորով մի խոսք ունենք, որի մեջ ճշմարտության հատիկ կա թաքնված։ Երբ նախագահական ընտրությունների ժամանակ դաժան քաղաքական պայքար էր ընթանում եւ սաստիկ անհանդուրժողական մթնոլորտ էր, մենք ասում էինք. «Գիտեք, թե ինչո՞ւ են մեր քաղաքական գործիչներն իրենց այդպես պահում, որովհետեւ երգչախմբում չեն երգել»։

Մանուկների երաժշտական դաստիարակության գործում շատ եմ կարեւորում եկեղեցու դերը։ Չէ՞ որ դասական երաժշտության հիմքը հոգեւորն է, իսկ մենք երկար տարիներ կտրվել ենք մեր հոգեւոր երաժշտությունից։ Չմոռանանք, որ մեր նշանավոր երաժիշտները երգել են եկեղեցական երգչախմբերում։ Կարծում եմ, որ մեր եկեղեցին պիտի ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի այս խնդրին եւ հնարավորության դեպքում մանկական երգչախմբեր ստեղծի Երեւանի եւ մարզերի բոլոր եկեղեցիներում։ Առայժմ գործում է միայն «Մանկունք» երգչախումբը։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր հայ մանուկ ամեն կիրակի եկեղեցի այցելի եւ շարականներ ու Կոմիտաս երգի, ի՜նչ սերունդ կունենանք։ Կտրվել ենք մեր երաժշտության արմատներից, մոռանալով, որ երաժշտությունը լեզու ունի, կա հնչյունամտածողություն, որի անտեսումից ծնվում են խորթ ու հոգի չպարուրող մեղեդիներ։

Թեեւ ստեղծագործական դժվարություններ շատ եմ ունեցել, սակայն մեծ լավատես եմ։ Համերգասրահները բացվելուն պես կսկսենք համերգներով հանդես գալ։ Տիկնիկային թատրոնի ներսում կբացվի 50 տեղանոց նոր դահլիճ, ուր կունենանք մշտական համերգներ։ Ամռանը կմեկնենք շրջագայությունների։

Եկել եմ այն համոզման, որ աշխարհն ինքնակառավարվող, ինքնամաքրվող, հարմոնիկ մի բան է, որին պետք չեն սուր միջամտություններ։ Պետք է ամեն ինչ անել նրբորեն, զգուշությամբ եւ բարեկրթությամբ։ Եթե ամեն մի գործի հիմքում ճիշտ ու անկեղծ գաղափար է դրված, եւ գործում է արժեքների համակարգը, ուրեմն անհանգստանալու առանձնակի կարիք չկա, ամեն ինչ իր հունով կընթանա...

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4