Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Եվրոպայում գտնվող ամերիկյան բանակների հրամանատար, գեներալ Փաթոնը Բեռլինի արեւմտյան հատվածում նստած յուրայիններին ասում էր. «Մեր զորքերն այստեղ են գտնվում, մեր հակառակորդներինըՙ նույնպես։ Միեւնույնն է, մի օր մենք պատերազմելու ենք միմյանց դեմ, ուստի ավելի լավ չի՞ լինի, եթե հիմա կռվենք, քանի բոլորս այստեղ ենք»։ Պատերազմից հյուծված Եվրոպան եւ լուրջ վնասներ կրած Մ. Նահանգներն այն ժամանակ մերժեցին խենթուկի համբավ ունեցող ամերիկացի զորապետի այդ «խորհուրդը» եւ աշխարհն այնուհետեւ շուրջ 50 տարի գոյատեւեց Սառը պատերազմի պայմաններում եւ առ այսօր շարունակում է գոյատեւել։
Իրաքյան պատերազմի առաջին օրերին Մ. Նահանգների պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի գլխավոր խորհրդական Ռիչարդ Փեռլը 58 տարի հետո գրեթե նույնությամբ կրկնում էր գեներալ Փաթոնի «խորհուրդը»։ «Մեր ուժերն արդեն գտնվում են տարածաշրջանում, ճիշտ ժամանակն է լուծելու Իրանի, Սիրիայի եւ նման երկրների հարցերը»։
Այժմ Փեռլը նախկին պաշտոնում չէ, սակայն վերջին մի քանի օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնում նա սոլո չէր նվագում։ Բազեները շատ են այնտեղ։ Ապրիլի 10-ին պաշտպանության փոխքարտուղար Պոլ Վոլֆովիցն էր Կոնգրեսում նախազգուշացնում Սիրիային։ Հաջորդ օրը նման նախազգուշացում հնչեցրեց ոմանց կողմից «աղավնի» համարվող պետքարտուղար Քոլին Փաուելը, իսկ կիրակի օրը, ամսի 13-ին, նախագահ Ջորջ Բուշն ստանձնեց գլխավոր դատախազի պարտականությունը։ «Սիրիան պետք է լավ իմանա, ասաց նա, որ չի կարող այդ մարդկանց (իրաքցի լիդերների) ապաստան դառնալ»։ Եվ անմիջապես, կրկին օգտվելով արդեն պատրաստ ամբաստանագրից, շարունակեց. «Սիրիան զանգվածային ոչնչացման զենքեր ունի, ժամանակն է, որ նա համագործակցության ոգի ցույց տա»։
Երեկ շեֆից մեկ աստիճան առաջ անցավ Սպիտակ տան խոսնակ Արի Ֆլեյշերը, որը շատ ավելի հստակ մեղադրեց Դամասկոսին, վկայակոչելով CIA-ի աղբյուրները, քիմիական զենքերի ծրագիր իրականացնելու մեջ։ «Այս երկրի ապագան, ասաց նա, տարբեր պետք է լինի անցյալից։ Սիրիան այժմ ունի նոր, երիտասարդ նախագահ, որը պետք է մտածի, թե իր երկիրն այժմ որտեղ է գտնվում աշխարհում։ Երկար ժամանակ Սիրիան մաս է կազմել ահաբեկչությունը քաջալերող երկրների ցուցակին։ Ժամանակն է հասկանալու, որ իր երկիրը Միջին Արեւելքի փոփոխվող տարածաշրջանում է գտնվում»։
Երեկ հնչեց նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Սթրոուի «մեղմացուցիչ» արտահայտությունը, թե ինքը վստահ չէ, թե Սիրիան զանգվածային ոչնչացման զենքերի է տիրապետում։ Սակայն, նա իր տեղակալին ուղարկեց Դամասկոսՙ հորդորելու համագործակցել կոալիցիայի երկրների հետ։ Սա «մտրակ եւ բլիթ» քաղաքականության վառ օրինակ կարող է դառնալ։
Ո՞րն է Վաշինգտոնի նպատակը։ Իրաքյան պատերազմը Սադդամ Հուսեյնի հարցը լուծելուց անդին բազմաթիվ նոր հարցերի ու խնդիրների ճանապարհ է բացել, ինչպես նախատեսվում էր պատերազմից առաջ։ Առնվազն երկու պետություններՙ Սիրիան եւ Իրանն այժմ իրենց անմիջական հարեւանության մեջ ունեն ամերիկյան հուժկու բանակները, ամենակարող օդուժը եւ նավատորմը։ Այսուհանդերձ, թվում է, որ Իրանը կարող է առայժմ իրեն ավելի անվտանգ զգալ, քան Սիրիան։ Քանզի նա ավելի մեծ պատառ է, եւ երկրորդՙ Իրաքի ազգաբնակչության ավելի քան 60 տոկոսը հոգեւոր կերպով կապված է շիիթական Իրանին, եւ կոալիցիոն երկրներն այժմ խնդիր ունեն սիրաշահելու այդ մեծամասնությանը։ Մինչդեռ Սիրիան բոլոր պատճառներն ունի վերահաս վտանգն անմիջականորեն զգալու։ Չէ՞ որ, դեռեւս իրաքյան պատերազմի առաջին օրերին Վաշինգտոնն ու Լոնդոնը հայտարարեցին Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորման իրենց ծրագրի, ավելի ճիշտՙ «ուղեգծի» մասին։ Նախկինում նման «ուղեգծերը» միշտ էլ մերժվել են Սիրիայի կողմից, քանզի եղել են միակողմանի, միշտ ի շահ Իսրայելի պետության։ Այս անգամ չի կարող տարբեր լինել։ Սակայն Սիրիայի դիրքորոշումն այս անգամ պետք է տարբեր լինի, ա՛յդ է կամքը Մ. Նահանգների։ Այլապես, ամերիկյան բանակն այնտեղ է, հարեւան Իրաքում։
Հ. Ա.