Վրացական ԶԼՄ-ները հաղորդում են արտառոց գողության մասին, որը գրանցվել է Իմերեթի երկրամասում։ Շաբաթ օրը Վրաստանի ՆԳ նախարարության երկու ոստիկաններ եւ Աբխազիայից մի փախստական կենտրոնական Վրաստանիՙ Իմերեթի Վարծիխե գյուղում տեղակայված զորամասից գողացել են «Երկիր-երկինք» մակնիշի թեւավոր մեկ հրթիռ։
Երկու իրավապահները եւ փախստականը ձերբակալվել են թեւավոր հրթիռը ապամոնտաժելու եւ թանկարժեք պալադիում մետաղը հրթիռից առանձնացնելու ժամանակ։
Վրաստանի ՊՆ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի բաժանմունքի պետ Միրիան Կիկնաձեն «Ազգի» հետ զրույցում հաստատեց գողության փաստըՙ միաժամանակ որոշ ճշգրտումներ անելով։ Այսպես, ըստ Կիկնաձեի, «չարագործները չէին կարող հրթիռն օգտագործել որեւէ այլ նպատակով, բացառությամբ գունավոր մետաղն առանձնացնելու եւ վաճառելու համար»։
«Նրանք սովորական գունավոր մետաղներ գողացողներ են։ Թե ինչպես է նրանց հաջողվել ներս մտնել զորամաս եւ այնտեղից դուրս տանել անպետք հրթիռ, կպարզի նախաքննությունը», ասաց Կիկնաձեն, ավելացնելով, որ այնքան էլ սովորական մետաղագողեր չեն։
Միրիան Կիկնաձեն ասաց, որ, բարեբախտաբար, ապամոնտաժելու ժամանակ հրթիռը չի պայթել։
«Երկիր-երկինք» մակնիշի թեւավոր հրթիռը զորամասից գողանալու փաստն ուշագրավ է նաեւ նրանով, որ Վրաստանը պաշտոնապես ցանկություն է հայտնել միանալ ՆԱՏՕ-ին։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի