ԱԳՆ դեսպան Ժղենտի. «Անվերահսկելի տարածքներըՙ ահաբեկչության բարեբեր օջախ են»
Իրաքում ամերիկյան ագրեսիան Վրաստանի պետական, քաղաքական շրջանակներում հավանության արժանացավ։ Բացառությամբ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի «Աղորձինեբա», Խորհրդային Վրաստանի կոմունիստական վերջին առաջնորդ Ջումբեր Պատիաշվիլու «Էրթոբա» եւ արդի Վրաստանի կոմկուսի ղեկավար Պանտելեյմոն Գեորգաձեի, Վրաստանի մյուս կուսակցությունները եւ պաշտոնական Թբիլիսին յուրաքանչյուր ընձեռված առիթով գովաբանում են Բուշի իրաքյան քաղաքականությունը։
Թբիլիսիում հույս ունեն, որ մի գեղեցիկ օր ԱՄՆ-ը կարգ ու կանոն կհաստատի անվերահսկելի Աբխազիայում, Հյուսիսային Օսիայում եւ, անշուշտ, Լեռնային Ղարաբաղում։
Վրացական պաշտոնական մամուլը, պաշտոնական Թբիլիսիի տեսակետներն արտահայտող պաշտոնյաները Ղարաբաղի խնդրին մինչեւ վերջերս անդրադառնում էին նրբորենՙ ենթադրաբար հաշվի առնելով հայ-վրացական դարերից եկող բարեկամական կապերը։ Այսպես, պաշտոնական մամուլն օգտագործում էր «դե ֆակտո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյան» «դե ֆակտո անկախ Ղարաբաղ» եւ նմանօրինակ արտահայտություններ։
Թվում է, փոխվել են ժամանակները, եւ Իրաքում ամերիկյան ագրեսիայի հաջողությունը որոշակի ճշգրտումներ է մտցրել պաշտոնական Թբիլիսիի եւ վրացական ընդդիմության դիվանագիտական, քաղաքական բառապաշարում։
Ընդդիմադիր «Նոր աջեր» կուսակցության ղեկավար Դավիթ Գամկրելիձեն Բաքվի «Էխո» թերթին (ապրիլի 8) տված հարցազրույցում ասում է. «Մենք պետք է Աբխազիայի եւ Ղարաբաղի հարցի լուծումը գտնենք ինքնուրույն։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն աջակցելու է, այդ տարածքներում բնակվող ժողովրդի ազատագրության պայքարին։ Այդ տարածքներում ժողովուրդը փոքրիկ դիկտատորների լծի տակ է»։
Վրաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կոնստանտին Ժղենտին Բաքվի «Զերկալո» թերթին (ապրիլի 9) տված հարցազրույցում ասում է. «Անվերահսկելի տարածքներն ահաբեկչության բարեբեր օջախ են, այդ թվումՙ ինքնահռչակ Աբխազիան, Ղարաբաղը, Հարավային Օսիան։ Եվ քանի որ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչության դեմ, ապա առաջին քայլերից մեկը պետք է լինի այդ հակամարտությունների կարգավորումը»։
Կոնստանտին Ժղենտին Վրաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է, հետեւաբար ներկայացնում է պաշտոնական Թբիլիսիի տեսակետները։
«Ո՛չ Աբխազիան, ո՛չ Ղարաբաղը ճանաչված պետություններ չեն։ Հետեւաբար, միջազգային հանրության կողմից չվերահսկվող այդ տարածքները կարող են դառնալ ահաբեկչության, զենքի, թմրանյութերի, մարդագողության բարեբեր օջախ։ Եթե Աբխազիան Ռուսաստանի վերահսկողության տակ է, ապա դա չի նշանակում, որ վերահսկում է Ռուսաստանը», «Ազգի» հետ զրույցում ասաց դեսպան Ժղենտին։
Մեր այն հիշեցմանը, որ չճանաչված Ղարաբաղում չկա Պանկիսի կիրճ եւ այնտեղ (Ղարաբաղում) դիվանագետներին, օտարերկրյա քաղաքացիներին չեն գողանում, իսկ, ասենք, ճանաչված Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին համարվում է վտանգավոր քաղաք, դեսպան Ժղենտին պատասխանեց. «Մարդկանց առեւանգում են ե՛ւ Թբիլիսիում, ե՛ւ Նյու Յորքում, ե՛ւ ամենուր։ Ինչ վերաբերում է Պանկիսին, ապա ժամանակին այնտեղ գրոհայիններն անցել էին Ռուսաստանի տարածքից»։
1999¬2002 թ. միջազգային հանրության կողմից ճանաչված Վրաստանում գրանցվել է մարդագողության 239 դեպք։ Այս ընթացքում միջազգային հանրության կողմից չճանաչված Ղարաբաղում չի գրանցվել մարդագողության ոչ մի դեպք։
Վրաստանի տարածքում, ինչպես տարբեր առիթներով նշել են ուժային նախարարներ Կոբա Նարչեմաշվիլին եւ Վալերի Խաբուրձանիան, գործում են զինված խմբավորումներ։ Չճանաչված Ղարաբաղում նման զինված խմբավորումներ չկան։
Համեմատությունները միջազգային հանրության ճանաչած Վրաստանի եւ չճանաչած Ղարաբաղի միջեւ կարելի է շարունակել։ Կարեւորը, սակայն, հայ-վրացական բարեկամական կապերն են։
Ի դեպ, մոտ ապագայում սպասվում է ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Թբիլիսի։ Սովորության համաձայն, բարեկամ եւ հարեւան հանրապետությունների ղեկավարներն ամեն տարի այցելում են միմյանց։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի