Երեկ Երեւանում տեղի էր ունենում Սեւծովյան տնտեսական համագործակցության (BSEC) գործարար խորհրդի 25-րդ նիստը։ Նախագահողըՙ Սամսոն Օզարարատը, որը նաեւ Հայաստանի ներկայացուցիչն է այդ կազմակերպությունում, անդրադարձավ մեր երկրում իրականացված շուկայական բարեփոխումներին։ Նա նշեց, որ BSEC-ի տնտեսական գոտում Հայաստանի տնտեսության ինտեգրացմանը նպաստելու նպատակով նախատեսվում են համաժողովի մասնակիցների մի շարք հանդիպումները տեղի գործարարների հետ։
Հայաստանի գործարարների տեսակետները ներկայացրին Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Առաջինը կարեւորեց Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի դերը տարածաշրջանային, տեղական ներդրումային ծրագրերի առումով։ Արսեն Ղազարյանի անգլերեն ելույթը փաստորեն ապահովված չէր թարգմանությամբ։ Առժամանակ հետո լրագրողները տեղեկացան, որ համաժողովի ժամանակ պետք է մշակվի BSEC-ի գործարար խորհրդի նոր կանոնադրությունը, ինչը պայմանավորված է շուկայի դինամիկ զարգացմամբ։ Բացի այդ, գործարար խորհուրդը մշակում է հայ գործարարներին աջակցության ծրագիր։ Այդ մասին էլ հայտնեց կազմակերպության գլխավոր քարտուղար Կոստաս Մասմանիդիսը։ Նա նշեց, որ Հայաստանի շրջափակումը դժվարություններ է ստեղծում գործարար կապերի հաստատման եւ աշխուժացման համար։ Այդ պատճառով էլ այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է վիզաների տրամադրում գործարարներին։
Նիստի ընթացքում նախատեսվում էր նաեւ գլխավոր քարտուղար Կոստաս Մասմանիդիսի այդ պաշտոնում եւս 3 տարով վերընտրվելու, սեւծովյան ավազանի երկրների գործարար կապերի ամրապնդման, գլխավոր քարտուղարության կատարած աշխատանքի եւ առաջիկա ժամանակաշրջանի հարցերը։
Ա. Մ.