«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


«ՎԱՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԼԱՎ Է»

Ադրբեջանցի քաղաքական գործչի կարծիքները...

«Միր» հեռուստաընկերությունում ուղիղ կապի միջոցով երեկ հայ լրագրողների հարցերին պատասխանեց Ադրբեջանի քաղաքական գործիչ Ասիմ Մոլլազադեն, որը 1992¬1993 թթ. եղել է նախագահ Հեյդար Ալիեւի տեղեկատվական ծառայության աշխատակիցը եւ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցություններում նրա հատուկ ներկայացուցիչը։ 1993 թ. դեկտեմբերից «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահն է, «Ժողովրդավարության զարգացման ֆոնդի» համահիմնադիրը եւ «Եվրատլանտյան կենտրոնի» նախագահը, պատգամավոր է եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի պատվիրակության անդամ։

Իրաքյան խնդրի հանդեպ Ադրբեջանի կառավարության եւ վերլուծաբանների հակադիր դիրքորոշումների վերաբերյալ նա միանշանակ արտահայտեց այն կարծիքը, որ ադրբեջանցիները աջակցում են անգլո-ամերիկյան կոալիցիայի գործողություններին, քանզի դրանք բխում են տարածաշրջանում ժողովրդավարություն հաստատելու եւ ահաբեկչությունը վերացնելու անհրաժեշտությունից։ Պատերազմի առաջին փուլը նա համարեց հաջողված։ Իրաքի նավթային ռեսուրսների զավթումը, ըստ նրա, միջազգային շուկայում չի նվազեցնի Ադրբեջանի նավթի եւ գազի մեծ պահանջարկը, քանի որ 21¬րդ դարում մարդկությունը կկանգնի բնական պաշարների վերացման ճգնաժամի առջեւ։

Ղարաբաղյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու ադրբեջանցիների կոչերին Ասիմ Մոլլազադեն դեմ է, քանի որ «վատ խաղաղությունը պատերազմից լավ է»։ Մի կողմից նա շեշտեց, որ դեռեւս գործի չեն դրվել խաղաղության հասնելու բոլոր հնարավոր միջոցները, մյուս կողմից վկայակոչեց միջազգային ատյաններում վաղուց ծեծված «1 մլն փախստականների» գոյության փաստը, որպես միջազգային հանրության կարծիքի վրա ճնշում գործադրելու կարեւոր գործոն։ Այս ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում, հաջողության հասնելու հույսերը մեծ են, քանի որ «Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առաջնորդվում են եվրոպական չափորոշիչներով, հավակնում են դառնալ ժողովրդավարական պետություններ, հետեւաբար հակամարտությունը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով»։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ապա դա այնքան էլ այժմեական խնդիր չէ իրենց երկրի համար, եւ պահանջվող սկզբունքներին համապատասխան կլուծվի ապագայում։

Հայաստանի ներքաղաքական անկայունությունը, նրա խոսքով, բնավ ձեռնտու չէ Ադրբեջանին, որովհետեւ գերադասելի է բանակցություններ վարել կայուն երկրի պատասխանատու նախագահի հետ. «Մեզ հարկավոր չէ ձեր երկրի քաոսը», ասաց նա։

Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների առիթով նա անդրադարձավ Հայաստանի նախագահական ընտրություններին տված միջազգային դիտորդների խիստ գնահատականին, որից դասեր կքաղեն իրենք եւ հարեւան վրացիները։ Ադրբեջանում, նրա կանխատեսմամբ, թեեւ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի, այդուհանդերձ, թեկնածուների պակաս չի զգացվի, կլինեն սպասվածից ավելի։

Նախիջեւանի Ջուղա քաղաքում դաժանաբար ավերված խաչքարերի մասին տեղեկությունը նա համարեց ոչ հավաստի եւ քաղաքական միտումներ կրող։ Նա, իհարկե, շտապեց քաղաքակիրթ երեւալու առիթը բաց չթողնելՙ դատապարտելով նմանատիպ երեւույթները նույնիսկ թշնամու նկատմամբ։ Ինքն անձամբ դատապարտում է հայերին, քանի որ «Երեւանում եղած բազմաթիվ ադրբեջանական հուշարձանները համարվում են թուրքմենական»։

Հանդիպումը, ինչպես եւ պետք էր ակնկալել, ավարտվեց նրա բոցաշունչ խոսքերով, որ քանի դեռ Հայաստանը չի վերադարձրել զավթած տարածքները, թե մշակութային, թե տնտեսական համագործակցության մասին խոսք լինել չի կարող։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4