«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


VISA ՔԱՐՏԵՐ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ» ԿՈՂՄԻՑ

Հայկական եւս մեկ բանկՙ «Կոնվերս բանկը» այսուհետեւ կթողարկի եւ կսպասարկի անկանխիկ վճարման VISA քարտերը։ Այդ կապակցությամբ Ժուռնալիստների միությունում երեկ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ բանկի վարչության նախագահ Սմբատ Նասիբյանը նշեց, որ աշխարհում կատարվող անկանխիկ գործարքների 2/3¬ը կատարվում է հենց VISA քարտերով։ Ճիշտ է, բանկը բավականին թանկ է վճարումՙ 350 հազ. դոլար բանկոմատների տեղադրման, համակարգի անդամավճարի համար, սակայն Սմբատ Նասիբյանը վստահ է, որ 1-2 տարում այդ գումարները հետ կգան։

«Կոնվերս բանկի» պլաստիկ քարտերով գործառնությունների բաժնի պետ Բենիամին Թադեւոսյանը հայտնեց, որ հնարավորություն ունեն տարեկան 8-10 հազ. VISA քարտեր սպասարկելու։ Իսկ «Արմենիան քարտ» (ArCa) ՓԲԸ տնօրեն Շահեն Հովհաննիսյանն այն կարծիքը հայտնեց, որ VISA¬ն եւ ArCa¬ն կգործեն առանց միմյանց խանգարելու։ Նա գոհունակություն հայտնեց հայկական եւս մեկ բանկի VISA համակարգում ընդգրկվելու համար, նշելով, որ «Կոնվերսն» այսօր ամենից շատ ArCa թողարկողն է։

Իսկ թե ի՞նչ սպասելիքներ ունեն VISA-ի տարածման առումովՙ Սմբատ Նասիբյանը պատասխանեց, որ իրենք ավելի շատ հույսեր են կապում տնտեսվարող սուբյեկտների հետ։ VISA համակարգի ղեկավարի կարծիքը վկայակոչելով, տեղեկացվեց, որ այս պահին Հայաստանում շուրջ 40 հազ. քարտի թողարկման հնարավորություն կա։ Ընդ որում, առավել շահավետ է մի քանի բանկերով համատեղ ստեղծել պլաստիկ քարտերի սպասարկման ցանց։

Ինչ վերաբերում է պլաստիկ քարտեր սպասարկող կետերին, ապա դրանք անցնում են 200-ից, սակայն միայն մայրաքաղաքում առնվազն 700 սպասարկման կետ ունենալու անհրաժեշտություն կա։

«Կոնվերս բանկի» ցուցանիշների մասին խոսելով, շնորհանդեսի վերջում Սմբատ Նասիբյանը հայտնեց, որ վարկային ներդրումների տեսակարար կշիռը 46 տոկոս է, ակտիվներն այս տարի կհասնեն 30 մլրդ դրամի, իսկ շահույթը կկազմի 1 մլն դոլար կամ մոտ 600 մլն դրամ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4