«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2003-04-17 | #74, 2003-04-18 | #75, 2003-04-19


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՃՈՒՄ Է

Իսկ քիմիայում «հուսախաբված վիճակ է»

Հայաստանի արդյունաբերությունն այս տարվա առաջին եռամսյակում 32 տոկոս աճ է ունեցել։ Այս մասին երեկ հայտարարեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանը, վկայակոչելով 243 ձեռնարկություններից ստացած օպերատիվ տվյալները։ Անձնական կարծիք հայտնելով, փոխնախարարը հավանական համարեց, որ ընդհանուր տնտեսական աճն այդ ժամանակահատվածում կկազմի մոտ 10 տոկոս։

Արդյունաբերական արտադրանքի աճին զուգահեռ ավելացել են նաեւ իրացման (61 տոկոսով) եւ արտահանման (54,8 տոկոսով) ծավալները։ Աշոտ Շահնազարյանն այդ ցուցանիշների հիմնական «մեղավորներ» համարեց ակնագործությունը եւ լեռնամետալուրգիան։ Մասնավորապես ադամանդագործության արտադրանքի ծավալները կազմել են 30 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18 մլրդ դրամի փոխարեն։ Տոկոսային առումով աճը կազմել է 48 տոկոս։ Ելնելով դրանից կարող ենք ասել, որ շարունակվում է մեկ ճյուղի առաջանցիկ աճըՙ մյուսների խիստ դանդաղ զարգացման պայմաններում։

Քիչ թե շատ արագ զարգացող մյուս ճյուղիՙ լեռնամետալուրգիայի հաջողություններն այս ընթացքում փոխնախարարը պայմանավորեց իրաքյան պատերազմով, որի ժամանակ մետաղների գները միջազգային շուկայում բարձրացել էին։ Փոխարենը տնտեսության այն ճյուղերի վրա, որոնց հումքային բազան միջինարեւելյան երկրներն են, ազդեց արտասովոր թոքաբորբի ի հայտ գալը։ Քանի որ մեր թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունների օտարերկրյա պատվիրատուներն առայժմ ձեռնպահ են մնում այդ երկրներից հումք գնելուց, մեր ձեռնարկությունները ստիպված են դադարեցնել աշխատանքը։ Այդուհանդերձ, նշվեց, որ ոչ մեծ աճ են արձանագրել թեթեւ արդյունաբերությունը, մեքենաշինական համալիրը, ինչը հատկապես ուրախալի համարվեց։

Առավել հանգամանորեն առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը կանգ առավ քիմիական արդյունաբերության կացության վրա։ Նա ընդունեց, որ այստեղ «հուսախաբված վիճակում ենք»ՙ կապված «Նաիրիտի» եւ Վանաձորի քիմհամալիրի բաժնետեր բրիտանական «Ռանսատ գրուպի» պարտավորությունները չկատարելու հետ։ Տեղեկացվեց, որ «Ռանսատն» արդեն համաձայնել է «Նաիրիտի» արժեթղթերը փոխանցել «Հայկապբանկին», պայմանով, որ դատական գործընթաց չսկսվի իր դեմ։ Դա ձեռնտու է նաեւ հայկական կողմին, որովհետեւ հնարավորություն է առաջանում նոր ներդնող գտնել «Նաիրիտի» համար եւ հնարավորինս արագ վերագործարկել։ Կան ռուսական ընկերություններ, որոնք ցանկանում են ձեռք բերել ինչպես «Նաիրիտի», այնպես էլ Վանաձորի քիմհամալիրի բաժնետոմսերը։ Վերջինիս դեպքում խոսքը այն 50 տոկոսի մասին է, որը «Պրոմեթեւսը» վաճառել էր «Ռանսատին»։

«Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցվելիք ձեռնարկությունների փոխանցման գործընթացը որոշակի ժամանակով հետաձգվում է։ Ռուսաստանի Պետդումայում այդ հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ հունիս։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4