Զարգացման հայկական գործակալությունում երեկ տեղի ունեցած Հունաստանի փոխարտգործնախարար Իոաննիս Մագրիոտիսի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեց Սեւծովյան եւ միջբալկանյան բիզնես-կենտրոնի կողմից Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում իրագործվելիք ծրագիր։ Այն կսկսվի 2003 թ.-ից եւ կտեւի 3 տարի։ Հունաստանի պետական բյուջեից հատկացվող 6 մլն եվրո սկզբնական գումարին հավանաբար կավելանա Հունաստանի առեւտրային բանկի, այլ կառույցների մասնակցությունը։
Բոլոր երեք երկրներում ծրագիրը կունենա երեք ուղղություն։ Առաջինՙ առողջապահություն եւ բժշկական ծառայություններ։ Նախատեսվում է բժշկական օգնություն տրամադրել հատկապես այն մարդկանց, որոնք հեռավոր վայրերում են ապրում։ Փոխարտգործնախարարը նշեց, որ իրենք այդ փորձն ունեն։ 1998 թ.-ից երկու բժշկական կենտրոններ են գործում Ալավերդիում եւ Երեւանում։
Երկրորդՙ կրթություն եւ մշակույթ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթության եւ գիտության նախարարության, օտար լեզուների համալսարանի եւ տեղի հունական համայնքի հետ Հայաստանում հունական մշակույթի եւ լեզվի կենտրոն ստեղծելու մասին։
Եվ վերջապես երրորդ ուղղությունը բիզնեսին աջակցելն է։ Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանում 30¬60 փոքր, ընտանեկան ձեռնարկություններ։ Այժմ ուսումնասիրություններ են կատարվում։ Իոննիս Մագրիոտիսը նշում է, որ թեեւ առաջին անգամ են նման ձեռնարկման գնում, բայց համոզված են հաջողության մեջ։
Որքա՞ն գումար պետք է տրամադրվի այդ երեք երկրներից յուրաքանչյուրինՙ հարցին Հունաստանի փոխարտգործնախարարը պատասխանեց, որ դա կախված է տվյալ երկրի հնարավորություններից եւ ցուցաբերվող հետաքրքրություններից։ Պրն Մագրիոտիսի կարծիքով, Հայաստանի պարագայում կօգտագործվի այդ գումարից 1¬1,5 մլն եվրոն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ներկայացուցիչը նշեց, որ իր երկիրը միջազգային շրջանակներում մշտապես աջակցում է Հայաստանին, ինչը բխում է դարերի խորքից եկող երկու ժողովուրդների ամուր բարեկամությունից։ Տեղեկացվեց նաեւ, որ Հունաստանն այս տարի շուրջ 100 հազար եվրո օգնություն կցուցաբերի Հայաստանինՙ ցրտահարության վնասները փոքր-ինչ փոխհատուցելու համար։
Ա. Մ.