«Լրատվամիջոցների դերը միջազգային ճգնաժամերի լուսաբանման գործում» թեմայով երեկ քննարկում անցկացվեց «Կոնգրես» հյուրանոցումՙ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի եւ Երեւանի մամուլի ակումբի աջակցությամբ։ Զեկուցումներով հանդես եկան Գերմանիայի «Ազատ ժողովրդավարական կուսակցության» Բադեն¬Վյուրտեմբերգի վարչության անդամ Միխայիլ Լինկը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամ, Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի խորհրդատու Ասպարուխ Պանովը (Բուլղարիա), «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը եւ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Արիս Ղազինյանը։ Քննարկման գլխավոր նյութը իրաքյան խնդիրն էր։
Առաջին բանախոսը նախ ներկայացրեց միջազգային ճգնաժամերի լուսաբանման ընդհանուր մոտեցումները գերմանական լրատվամիջոցներում, մատնանշելով, որ դրանցում ավելի մեծ տեղ է հատկացվում ազգային անցուդարձին, քան միջազգային խնդիրներին։ Միջազգային հայտնի լրատվամիջոցների պեսՙ CNN, BBC, «AL Jazeera» եւ այլն, գերմանականներն էլ իրաքյան պատերազմը լուսաբանելիս ելնում են կառավարության դիրքորոշումից եւ խուսափում համարձակ որեւէ միտք արտահայտել։ Կարեւորելով քաղաքական մեկնաբանների դերը պատերազմական իրադրությունները վերլուծելու գործում, նա առանձնացրեց միջազգային լրատվական տարբեր աղբյուրներից օգտվելու հնարավորությունը, որը բացակայում է Հայաստանում։ «Ազգ»-ի թղթակցի հարցին, թե օտար լեզուների իմացությամբ հայաստանյան մեկնաբանների համար բավարար չէ՞ ինտերնետը, նա պատասխանեց. «Եթե այդպես է, ուրեմն դուք մեզանից առաջ եք անցել»։
Իրաքյան խնդրի վերաբերյալ Բուլղարիայի լրատվամիջոցների լուսաբանումների մասին խոսեց պրն Պանովը, նախապես հայտնելով, որ գերադասում է արտահայտել ոչ թե կառավարության, այլ իր անձնական տեսակետները։ Միջազգային լրատվամիջոցները, նրա կարծիքով, չեն պահպանում լրագրողական էթիկան, որի վառ դրսեւորումն է դիվանագիտական հարաբերություններում պարզորոշ նկատելի կոշտ խոսելաձեւը։ Բուլղարական ԶԼՄ¬ներում մի քանի տարի առաջ արտաքին քաղաքականությանը առանձնակի կարեւորություն չէր տրվում, սակայն իրաքյան պատերազմի ընթացքում, ըստ նրա, լրագրողները դրսեւորեցին բարձր պրոֆեսիոնալիզմՙ թեժ կետերից հաղորդելով ամենաթարմ լուրերը։ Իրաքյան խնդիրը լուսաբանելիս մեկնաբանները ինչպես հարկն է չբացահայտեցին Սադդամի վարչակարգի էությունը, ճիշտ չներկայացվեց Բուլղարիայի դիրքորոշումը, որն էլ առիթ տվեց կատակների, թե «փոքր Բուլղարիան խառնվել է մեծ¬մեծ խնդիրների լուծմանը»։
Թե իրաքյան պատերազմն ի՞նչ արտացոլում գտավ հայաստանյան լրատվամիջոցներում, հարցի վերաբերյալ երկու բանախոսների կարծիքները համահունչ էին այն կետում, որ ներքաղաքական անկայուն վիճակը զգալիորեն խոչընդոտեց խնդրի բազմակողմանի լուսաբանմանը։ Պրն Ենոքյանը փաստեց, որ հարցումների համաձայն, արտաքին քաղաքականության նկատմամբ մեր հասարակության հետաքրքրությունը աճել է, սակայն տեղական մամուլն ու հեռուստատեսությունը լուսաբանման բավարար մակարդակ չեն ապահովում։ Հեռուստատեսությունը, ըստ նրա, օտար աղբյուներից տեսանյութեր է քաղում առանց արտոնությանՙ խախտելով լրատվության օրենքները։ Իսկ թերթերում չեն նշվում աղբյուները։ Մեկնաբանների վերլուծություններում շեշտված էին ռուսական տեսակետները եւ հակաթուրքական ուղղվածությունը։ Չքննարկվեցին նավթի խնդիրն ու Հայաստանի դերը տարածաշրջանային քաղաքական նոր տեղաշարժերի պայմաններում։ Խմբագիրները քիչ տեղ են հատկացնում միջազգային անցուդարձին։ Անհասկանալի էր, թե ինչու իր դիտարկումներն անելիս պրն Ենոքյանը որեւէ հեռուստաընկերության կամ թերթի անուն այդպես էլ չնշեց։ Հասկանալի չեղավ, նա մեր թերթերը կարդո՞ւմ է։
Ի տարբերություն նրա, Արիս Ղազինյանը իր դիտարկումները համեմեց օրինակներով եւ ավելի հստակ արտահայտեց իր դիրքորոշումն ու տեսակետները։ Նա շեշտեց, որ եթե զարգացած երկրներում արտաքին քաղաքականությունն է ազդում ներքաղաքական կյանքի վրա, ապա Հայաստանում իրաքյան դեպքերը, հատկապես «Հայկական ժամանակ» թերթում, ներկայացվեցին ներքաղաքական իրավիճակի համադրությամբ։ Իրականում ստեղծվեց 2 ճակատ, որտեղ հանրապետության նախագահին աջակցողները դեմ էին իրաքյան պատերազմին, իսկ ընդդիմադիրներըՙ կողմ։ Մինչդեռ, իրաքյան խնդրի բարդությունը պարտադրում էր ծանրակշիռ եւ բազմակողմանի քննարկումների մի ամբողջ շարք։ Նրա գնահատմամբ, արժանահիշատակ են «Ազգ»-ի մի քանի հրապարակումները։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ