Սոչի քաղաքի հանդիսականների համար անակնկալ դարձավ Ձմեռային թատրոնում կայացած համերգի անվանումը։ Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ Սոչիի ֆիլհարմոնիայի երիտասարդ արտիստուհիներ, երգչուհի Արփինե Սիմոնյանը, դաշնակահարուհի Տատյանա Բալիկոեւան եւ համերգավար Վիկտորիա Շչերբանը հանրությանը ներկայացրել են բարդ եւ պարտավորեցնող ծրագիր, որում միավորվել էին հայ մեծ կոմպոզիտոր եւ բանահավաք Կոմիտասի երգերը եւ նրա ֆրանսիացի ժամանակակիցներ Էմանուել Շաբրիեի, Գաբրիել Ֆորեի եւ Կլոդ Դեբյուսիի դաշնամուրային պիեսները։
Ունկնդիրների համար հայտնություն են եղել դասական երաժշտության անծանոթ էջերը։ Նրանք ոչ միայն նոր բաներ են իմացել հայկական երաժշտական մշակույթի մասին, այլեւ գեղագիտական հաճույք են ստացել նման պատասխանատու ելույթի նկատմամբ երիտասարդ կատարողների իրոք ստեղծագործական մոտեցումից։
Պ. Ք.