«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2003-04-22 | #77, 2003-04-23 | #78, 2003-04-24


ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՐԱՐԱՏ

Նրա գերեզմանի հողը խառնվեց հայոց հողին...

«Ֆրիտյոֆ Նանսենի մասին հայերը խոսում են օսմանյան Թուրքիայի իրագործած 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր եւ կշարունակեն խոսել այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է հայ ժողովուրդը», ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանըՙ անվանի նորվեգացու գերեզմանից բերված հողի ամփոփման արարողության ժամանակ, որ տեղի ունեցավ երեկ։ Հայկական դուդուկի մեղեդիների ուղեկցությամբ թանգարան-ինստիտուտի սրահ բերվեց մեծ մարդասերի եւ հայանվիրյալի գերեզմանից բերված աճյունասափորը, որն իբրեւ սուրբ մասունք Նորվեգիայից Հայաստան է հասցրել «Ճշմարիտները հայերի համար» միջազգային կոմիտեի նախագահ Պիետրո Քուչուկյանը։ Վերջինիս ջանքերով Մեծ Եղեռնի հուշահամալիրի հուշապատի մեջ ամփոփվել են Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին փրկության ձեռք մեկնած Արմին Վեգների, Հենրի Մորգենթաուի, Անատոլ Ֆրանսի եւ նշանավոր այլ գործիչների աճյունասափորները։

Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ակնածանքի ջերմ խոսքեր ասաց Նանսենի մարդկային բարձր նկարագրի մասին, նրան անվանելով փոքր ազգերի իրավունքների պաշտպան, մեծ անձնավորություն, որի ընկալմամբ մեր մոլորակը մարդկային մի մեծ սիրտ էրՙ կարոտ սիրո ու նվիրումի։

Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը երբեք չի մոռանա թե՛ իր հանդեպ իրականացված ոճիրը, թե՛ Հայ դատի արդար պաշտպաններին։

Նանսենի անվամբ փողոց կա Երեւանում, կա նաեւ դպրոց, որտեղ սովորող սաները գթասրտության ամենօրյա դասեր են առնում նրանից։ Դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը նանսենյան շնչով տոգորված իր ելույթում նշեց, որ մեծանուն նորվեգացին առանձնահատուկ սեր է տածել հայ ժողովրդի հանդեպՙ գնահատելով համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ունեցած տեղն ու դերը, նրա ստեղծած մշակութային բարձր արժեքները։ Նա մեջբերեց Նանսենի զավակի խոսքերը. «Հայրս մահացավ Հայաստան բառը շուրթերին»։

Նանսենը հավատացել է եղեռն ապրած մեր ժողովրդի վերապրելու կարողությանը, ազատ ու անկախ ապրելու նրա հաստատակամությանը։

Մասնակիցները շարժվեցին դեպի Մեծ Եղեռնի հուշահամալիրում կառուցված հուշապատը, որտեղ հոգեհանգստյան արարողությունից հետո ամփոփվեց Նանսենի աճյունասափորը եւ տեղադրվեց հուշատախտակը։

Նանսենը ընդմիշտ վերադարձավ Հայաստան...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4