Ֆրանսիայում «Ռազմավարական խնդիրներ» շարքով լույս է տեսել Փարիզի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն Ֆրանսուա Թյուալի «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը» գիրքը։ Վերջին տասնամյակում Բալկանների թեժ կետերով զբաղվելուց հետո նա անդրադարձել է Կովկասի խնդիրներին, ճամփորդել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, Նախիջեւանում։
Հեղինակը նշում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարին, ԽՍՀՄ-ի փլուզման դրսեւորումներից մեկը դարձած Ղարաբաղի (միջնադարյան Արցախի) խնդիրն այժմեական է մնում 5 պատճառով։
Առաջինը, ըստ Թյուալի, այն է, որ 1989 թ. հայ-ադրբեջանական ճգնաժամի նախօրեին Հայաստանն ու Ադրբեջանը միասին ունեցել են մոտ 10 մլն բնակչություն, հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, հայտնվել են մեկ միլիոն փախստականներ, որ կազմում է ընդհանուր բնակչության 10 տոկոսը։
Ճգնաժամին նվիրված նոր գրքի հրատարակման երկրորդ պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԽՍՀՄ-ի կործանման արմատական գործոններից մեկն է եղել։ «Բալթյան երկրների ազատագրական ձգտումների դրսեւորումից շատ առաջ հայերի պահանջները կատարելու Մոսկվայի անկարողությունն ու կարճատեսությունն առաջացրին ցնցում, որը սասանեց ամբողջ Կովկասը եւ ապա տարածվեց Խորհրդային Միությունում», գրում է հեղինակը։ Թյուալն ընդգծում է, որ թեեւ Ղարաբաղի ճգնաժամը «սոցիալիզմի հայրենիքի» անկման բուն պատճառը չէ, բայց դրա առաջացրած ազգայնական տրամադրությունների աճն ի վերջո փլուզման հանգեցրեց։
Երրորդ պատճառն այն է, որ Ղարաբաղի խնդիրն առ այսօր մնում է չլուծված։ Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչված չէ, իսկ «ադրբեջանական տարածքներում հայկական ուժերի ներկայությունը խոչընդոտում է Կովկասի քաղաքական ու տնտեսական զարգացմանը»։ 1990 թ. 120 հազար հայ եւ 40 հազար ադրբեջանցի բնակչություն ունեցող մարզում բախումների հետեւանքով սրությամբ ծառացավ ինքնորոշման հարցը, որի անտեսումը ճգնաժամեր առաջ բերեց Աբխազիայում, Օսիայում, Չեչնիայում, Դաղստանում։ Հարավային Կովկասը ռազմավարական կարեւոր դիրք է զբաղեցնում Կենտրոնական Ասիա-Բալկաններ ճանապարհին, մոտ է Թուրքիային, Իրանին, արաբական երկրներին։ Ռուսական կայսրության երբեմնի ծայրամասը նավթի պատճառով դարձել է «կայսրությունների ծայրամաս»։
Կովկասից հյուսիս եւ հարավ ճգնաժամերը մնում են չլուծված։ Գրքի լույսընծայման չորրորդ պատճառն այն է, որ ապախորհրդայնացման ժամանակաշրջանի ինքնորոշման ճգնաժամերի լարվածությունը հանգեցրել է Արեւելք-Արեւմուտք հակամարտության, որը ոչ միայն ռազմավարական է, այլեւ տնտեսական։ Ղարաբաղն իր յուրօրինակ պատմության շնորհիվ այսօր իր բնակչությանը եւ տարածքին անհամապատասխան մեծ դեր է խաղում միջազգային հարաբերություններում, նշում է Թյուալը։
Հինգերորդ պատճառն ինքնորոշմանն առնչվող բնիկության հարցն է։ Վերջին երկու հարյուրամյակներում բնակչության տեղաշարժեր հաճախակի են եղել, նշում է հեղինակը, «մոռանալով», որ Արցախի պատմությունը սկիզբ է առել թուրք-թաթարական ներխուժումներից շատ ավելի հին ժամանակներում։ Մյուս կողմից, նա գրքում տալիս է Ստալինի կամայական որոշմամբ Հայաստանից Լեռնային Ղարաբաղի արհեստական բաժանման պատմությունը։
Թյուալի կարծիքով, խոսքն ազգային հակամարտության մասին է, որն ունի կրոնական որոշ տարրեր։ Խնդրո առարկաներն են ինքնորոշումը եւ տարածքը։ «Երբ ռազմական լուծումները բացառված են, իսկ դիվանագիտական միջոցներն անարդյունավետ, մնում է միայն պահպանել ստատուս քվոն», եզրակացնում է հեղինակը։
Պ. Ք.