Չնայած իրականացվող բազմաթիվ ծրագրերինՙ քաղցկեղով հիվանդների թիվը մեր հանրապետությունում անընդհատ աճում է։ Բացառություն չէ նաեւ Լոռու մարզը։ 2000 թվականին մարզի ուռուցքաբանական դիսպանսերում գրանցված էր 1000 քաղցկեղով հիվանդ, իսկ այս տարի այդ թիվը հասել է 1906-ի։
Ի՞նչն է հիվանդության անսովոր աճի պատճառը, ի՞նչ հիմնահարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն։ Զրուցեցինք դիսպանսերի տնօրեն Սվետլանա Զարգարյանի հետ։
Նա տեղեկացրեց, որ գրանցված հիվանդների 64 տոկոսը կանայք են, որոնք հիմնականում կրծքագեղձի քաղցկեղ ունեն։ Քիչ չեն նաեւ չարորակ գոյացությունները կանանց սեռական օրգաններում։
Տղամարդկանց շրջանում գերակշռում է թոքերի քաղցկեղը, որով տառապողների 60 տոկոսը ծխողներ են։ Ընդհանուր առմամբ հիվանդության վաղեմությունը 1¬20 տարի է։ Այս տարվա անցած 4 ամսում դիսպանսերում արդեն 90 հիվանդ է գրանցվել, որոնցից 82-ը չարորակ ուռուցք ունի։
Ավելի հաճախադեպ է դարձել հիվանդությունը երիտասարդների, նույնիսկ երեխաների շրջանում։ Օրինակ, անցած տարի գրանցված 384 չարորակ քաղցկեղով հիվանդներից 11-ը եղել են երեխաներ, որոնցից մեկըՙ 3 տարեկան։
Տիկին Զարգարյանը հիվանդության առաջացման բազմաթիվ պատճառներից ընդգծեց մթնոլորտի աղտոտվածությունը, սննդի մեջ պարունակվող վնասակար քիմիական բաղադրությունները եւ սթրեսային իրավիճակները, որոնք անխուսափելի են բնակչության մեծ մասի համար։
Եթե հիվանդությունն ախտորոշվում է վաղ շրջանում, հաճախ հնարավոր է լինում կանխել հետագա զարգացումը։ Իսկ Վանաձորում ախտորոշման հնարավորություն չկա։ Դիսպանսերում գոյություն չունի որեւէ ախտորոշիչ սարք, անգամՙ սոնոգրաֆիկ, որով հնարավոր լինի հետազոտել հիվանդին։
Համաբուժարանում բժիշկը հիվանդության կասկածանքով քաղաքացուն ուղարկում է դիսպանսեր, այստեղից էլՙ հյուսվածքաբանական հետազոտության, որի հնարավորությունը կա միայն Երեւանում եւ Գյումրիում։ Նյութական դժվարությունների պատճառով բազմաթիվ հիվանդներ չեն կարողանում մեկնել այդ քաղաքներ, լիարժեք հետազոտությունը ձգձգվում է այնքան, որ հաճախ այլեւս հնարավոր չի լինում փրկել նրանց կյանքը կամ գոնե երկարաձգել։
Դիսպանսերի հիմնահարցերը չեն սահմանափակվում բուժսարքավորումների բացակայությամբ։ Այն արդեն 15 տարի գործում է տնակներում, ուր չկան աշխատանքային տարրական պայմաններ, անգամ չի գործում կոյուղին։ Իսկ հիվանդների հոսքն անընդհատ ավելանում է։
Ավելորդ է խոսել նաեւ ստացիոնար բուժման մասին։ Շուրջ 400 հազար բնակիչ ունեցող Լոռու մարզը վաղուց արդեն պետք է ունենար ուռուցքաբանական ժամանակակից դիսպանսերՙ ախտորոշման եւ բուժման բոլոր հնարավորություններով։ Սակայն նմանատիպ հաստատությունները հիմնականում կենտրոնացված են մայրաքաղաքում, քանզի այս ոլորտում եւս անտեսված են բնակչության շահերը։ Նույնիսկ այս տիպի բուժհիմնարկները դիտվում են միայն որպես շահութաբեր բիզնեսի աղբյուր (բոլորին է հայտնի, թե ինչ ասել է պետպատվեր եւ ինչպես է իրականացվում)։
Տարաբնույթ գիտաժողովների, ծրագրերի շնորհանդեսների, երկար ու ձիգ սեմինարների պակաս չզգացող մեր հանրապետությունում միայն պակասում է այն իրողության գիտակցումը, որ Հայաստանը միայն մայրաքաղաք Երեւանը չէ։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ