«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2003-04-30 | #82, 2003-05-01 | #83, 2003-05-02


ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՈԳՆԵԼ Է ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻՆ ԵՐԱՆԻ ՏԱԼՈՒՑ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Անկեղծ ու սրտաբաց էր իր հայրենի Կողբ գյուղում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ՀՌԱԿ համամասնական ցուցակի երրորդ թեկնածու Լավրենտի Բարսեղյանի խոսքը։ Տավուշի մարզի ամենամեծ գյուղի բնակիչներին երեկ մշակույթի պալատ էր բերել մտերմիկ զրույցի կարոտըՙ հայրենի հողից օտարված չզգալու, ապագայի հանդեպ հավատով լցվելու, երկիրը չլքելու համար։ Ինչպես Հայաստանի մյուս գյուղերում, այստեղ էլ գրեթե նույն խնդիրներն են, որոնց հետեւանքով Կողբի թիվ 1 դպրոցում նախկին 1200 աշակերտից այսօր մնացել է ընդամենը 200-ը։ Լավրենտի Բարսեղյանը, խոսելով ժողովրդի կյանքի դժվարությունների, ՀՌԱԿ-ի գործունեության ու ծրագրերի մասին, նշեց, որ իրենք սին խոստումներ չեն տալու, որպեսզի դրանց չիրականացման դեպքում էլ ավելի չխորանա մարդկանց հիասթափությունը պատգամավորներից։ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հավաստիացրեց, որ նախատեսում են ներդրումային ծրագրեր իրականացնել Կողբում եւ Նոյեմբերյանում, որը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր բացելու։ Արդեն արվում են ծրագրի առաջին քայլերը. Ռուսաստանի հայերի միության հետ իրականացվում է 250 հազար դոլարի արժողության ծրագիր, համաձայն որի Հայաստանի մարզերի ու Երեւանի դպրոցները կստանան համակարգիչներ։

Կողբում 3 համակարգիչ ստացավ թիվ 1 դպրոցը, որի տնօրեն Էմմա Բարսեղյանն իր շնորհակալական խոսքում գոհունակություն հայտնեց ռամկավարներինՙ միաժամանակ հույս հայտնելով, որ այս խորհրդարանական ընտրություններում կընտրվեն արժանիներըՙ երկիրն անկայուն վիճակից դուրս բերելու համար։ Ժողովրդին հուզող հարցերը շատ էին։ Դրանք առնչվում էին հողի մշակման, կրթության, բարձրագույն կրթության վճարովի համակարգի, պատգամավորների անձեռնմխելիության եւ այլ խնդիրներին։ Կողբից Լավրենտի Բարսեղյանը, Ռուբեն Միրզախանյանը շարժվեցին դեպի Ազատամուտ, որտեղ կարճատեւ հանդիպում ունեցան ժողովրդի հետ եւ համակարգիչներ նվիրեցին գյուղի դպրոցին։

Բազմամարդ էր հատկապես Իջեւանի մշակույթի տունը, որտեղ թեկնածուներն արժանացան ջերմ ընդունելության։ Լավրենտի Բարսեղյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրըՙ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ձգտում են ամեն ինչ անել ժողովրդի բարօրության համար, լուծելու կրթական, գիտական, գյուղատնտեսական խնդիրներ, այդ թվում էական փոփոխություններ մտցնել ԱԺ աշխատակազմի մեջՙ պատգամավորի պատվելի անունը խաթարող մարդկանցից ազատվելու համար։ Ահա թե ինչու են իրենք հայցում ժողովրդի ձայնըՙ խորհրդարան վերադառնալու համար։

Ռուբեն Միրզախանյանն առանձնապես կարեւորեց տնտեսական ծրագրերը, վստահեցնելով, որ Ռամկավար կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը միավորում է համայն աշխարհի գործարար մարդկանցՙ Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար, առանց որի անհնարին է հզոր պետության ստեղծումը։ Ռամկավարները ձգտում են խորհրդարանում տեղ զբաղեցնել, որպեսզի պետական լծակներով ապահովեն ներդրումային ծրագրերի վերահսկումը։ Մշակույթի տանը կուսակցության շարքերը համալրեցին 180 նորագիրներ։ Այստեղի միջնակարգ դպրոցում էլ բացվեց համակարգչային դասարան։ Մարդկանց խոսքերով, ռամկավարները կոնկրետ գործով սկսելով իրենց քարոզարշավըՙ մեծ հավատ են ներշնչում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4