Իսկ Սադախլոյում հայկական եւ ադրբեջանական պետհամարանիշներով ավտոմեքենաները կանգնում են կողք-կողքիՙ ապրանքներ բեռնաթափելու
Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի վարորդներն առանց դժվարության հասնում են Հայաստանի սահմանային Այրում երկաթգծային կայարան եւ Ռուսաստան մեկնող հայերին առաջարկում իրենց մեքենաներով հասցնել Վլադիկավկազ, Ցխինվալ (չճանաչված Հարավային Օսիայի մայրաքաղաքն է)։
Երեւան-Թբիլիսի գնացքն Այրում է հասնում գիշերըՙ ժամը 4։30¬5։30-ի սահմաններում, եւ օրերս Վրաստանի մայրաքաղաք մեկնող «Ազգի» թղթակիցը տեսավ գնացքի վագոններում շրջող, մատչելի գներով եւ ապահով Վլադիկավկազ, Ցխինվալ հասցնելու պատրաստակամությամբ ադրբեջանցի տաքսու վարորդների։
Հայ-վրացական սահմանային անցակետից մինչեւ Այրում կայարան մոտ 10 կմ է, մինչեւ Նոյեմբերյանՙ մոտ 30կմ։ Տաքսու վարորդ Ադիլը, Ահմեդը, վրաստանաբնակ ադրբեջանցի այլ տաքսու վարորդներ ասում են, որ Ռուսաստան մեկնող հայերն ավելի շատ վստահում են իրենցՙ Վրաստանի ադրբեջանցիներին, քան վրացի եւ հայ վարորդներին։ Նախ, գնի հարցում ադրբեջանցիների հետ ավելի հեշտ է սակարկել, ապա, ի տարբերություն վրացի եւ հայ վարորդների, ադրբեջանցիները վրացական ճանապարհային ոստիկանների հետ կապ չեն պաշտպանում եւ Ռուսաստան մեկնող հայերին չեն «ծախում»։ Այլեւս նորություն չէ այն փաստը, որ վրացի ճանապարհային ոստիկանները «բարոյականության եւ հումանիզմի» շրջանակներում հայերից ու Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներից փող են շորթում։
Նկատենք, որ հայ-վրացական սահմանային Սադախլոյի շուկայում հայերն ու ադրբեջանցիները լավ հարաբերություններ են պահպանում, միմյանց ավելի շատ են վստահում, քան հայերն ու վրացիները կամ վրացիներն ու ադրբեջանցիները։ Տողերիս հեղինակը, հաճախակի կտրելով հայ-վրացական սահմանը, նկատել է, թե ինչպես հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները Սադախլո գյուղում (Վրաստանի այս բնակավայրում ապրում են գերազանցապես ադրբեջանցիներ եւ մի քանի տասնյակ հայ ընտանիքներ) Սեւանա լճի սիգը, Գավառի կարտոֆիլը, Սպիտակի գազարն անմիջականորեն, առանց միջնորդի վաճառում են Սադախլո ժամանած Ադրբեջանի առեւտրականներին։
Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունըՙ առանց երրորդ կողմի միջնորդության, անմիջականորեն առեւտրատնտեսական կապեր հաստատել Ադրբեջանի հետ, արժանանում է պաշտոնական Բաքվի մերժողական պատասխանին։ Մյուս կողմից, Հայաստանի եւ Ադրբեջանի առեւտրականները շարունակում են անմիջական առեւտուրը, ճիշտ էՙ առայժմ Վրաստանի տարածքում։
Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունների ապագան այնքան էլ անհուսալի չէ, ինչպես կթվա շատերին։ Վրաստանի Մառնեուլի շրջանում կան բնակավայրեր, որտեղ խառն ապրում են հայեր եւ ադրբեջանցիներ։ Առիթ եմ ունեցել զրուցելու նրանցից շատերի հետ։ Անգամ ղարաբաղյան պատերազմի տարիներին նրանք չեն ընդհարվել, միմյանց այսօր էլ չեն նայում շեղ աչքերով։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Այրում-Սադախլո-Մառնեուլ