«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2003-04-30 | #82, 2003-05-01 | #83, 2003-05-02


ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՀԱՍՏԱՏԵԼ... ԻՐԱՔՈՒՄ

7000 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել

Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը երեկ հայտարարեց, որ Վրաստանը կարող է ակտիվ մասնակցություն ունենալ Իրաքի հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաեւ այդ երկրում կարգ ու կանոն հաստատելու նպատակով Բաղդադ ուղարկել ոստիկանական ուժեր։

Դեսպան Մայլսը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հնարավոր է նաեւ վրացական գումարտակի ուղարկումն Իրաք։ «Վրաց զինվորականներին Իրաք ուղարկելու հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել։ Մայիսի 10-ից հետո, երբ ավարտվի վրացական երկրորդ գումարտակի ուսուցման ծրագիրը, կընդունվի վերջնական որոշում։ Այս հարցով խորհրդակցություններ եմ ունենում Վրաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ», ասել էր Մայլսը։

«Ուսուցում եւ հանդերձավորում» ծրագրով ԱՄՆ զինվորական մասնագետներն արդեն պատրաստել են վրացական մեկ գումարտակ։

Երեկ Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն հաստատեց տեղեկությունը, որ մայիսի կեսերին կարճաժամկետ այցով Թբիլիսի է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը։ Նախօրեին Վրաստանի արտգործնախարարությունը եւ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը չէին հաստատել Փաուելի Վրաստան այցելության մասին տարածված տեղեկությունը։

Մինչ Վրաստանը պատրաստվում է կարգ ու կանոն հաստատել Իրաքում, վրացական բանտերում շարունակվում է նախօրեին հայտարարված համընդհանուր հացադուլը։ Ըստ տարբեր հաղորդագրությունների, 4500¬7000 կալանավորներ պահանջում են վերանայել իրենց նկատմամբ ընդունված որոշումը եւ կայացնել արդար դատավճիռ։

Սա վրացական բանտերում արտակարգ իրավիճակի առաջին դեպքը չէ։ Հունվարի վերջերին Թբիլիսիի բանտում կազմակերպվել էր ապստամբություն, որի ընթացքում մոտ 60 բանտարկյալներ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բախումներից տուժել էին երեք ոստիկաններ։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4