«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2003-05-01 | #83, 2003-05-02 | #84, 2003-05-03


ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՀԱՇԻՎՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

«Աշխարհի ոչ մի երկրում հայ համայնքը չի հակադրվում իշխանությանը»

Թբիլիսիի հայերի միության նախագահ Միխայիլ Թաթեւոսովը պաշտոնական տեսակետներ արտահայտող «Սվոբոդնայա Գրուզիա» օրաթերթին տված հարցազրույցում (2-ը մայիսի) խստորեն դատապարտել է Ախալքալաքից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանին եւ Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանին։

Ապրիլի 24-ին խորհրդարանում Համլետ Մովսիսյանը գործընկերներին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչը զայրացրել էր ադրբեջանցի պատգամավորներին։

Նույն օրը Խոջիվանքի պանթեոնում կազմակերպված հիշատակի արարողության ժամանակ Հենրիխ Մուրադյանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վիրահայերի անունից նամակներ էր հղել երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին։

Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալը հայ վրիժառուների ձեռքով սպանվել է հենց Թբիլիսիում, իսկ «Թուրքիան Հայոց ցեղասպանությունը վաղ թե ուշ ճանաչելու է», Թբիլիսիի հայերի միության նախագահն ասում է. «Աշխարհի ոչ մի կետում հայ համայնքը չի հակադրվում իշխանություններին»։

«Մուրադյանին խորհուրդ եմ տալիս վերջ տալ այս կասկածելի խաղերին, որոնք Վրաստանին եւ հայկական համայնքին լավ բան չեն տալու։ Թբիլիսիի հայության բացարձակ մեծամասնությունը Մուրադյանի գործողությունները որակում է վտանգավոր, որն ուղղված է խորհրդարանական ընտրություններից առաջ իրադրության ապակայունացմանը», նշում է Թաթեւոսովը։

Վրաստանի, մասնավորապես Թբիլիսիի, հայ համայնքը պառակտված է, եւ սա առաջին դեպքը չէ, երբ մի խմբավորումը մյուսից հաշիվներ է մաքրում վրացական մամուլում։ Թբիլիսիի հայ համայնքի թեւերից մեկը, որը գլխավորում են Թաթեւոսովն ու «Սայաթ-Նովա» կազմակերպության ղեկավար Սեյրան Գաբրիելյանը, հակառակորդ թեւինՙ Հենրիխ Մուրադյան, Վան Բայբուրդյան, մեղադրում են զանազան հարցերում։ Օրինակ, կրքերը բորբոքվեցին, երբ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի տանիքին տեղադրվեց թուրքական «Գեոսել» ընկերության գովազդային պաստառը, որի համար թուրքական ընկերությունը տարեկան 2000 դոլար գումար է փոխանցում հայկական թատրոնին, կամ Խոջիվանքի պանթեոնը ֆինանսավորելու եւ վերանորոգելու ժամանակ։

Մ. Թաթեւոսովը «Սվոբոդնայա Գրուզիա» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, թե խորհրդարանի ապրիլի 24-ի միջադեպը կազմակերպել էին նախագահ Շեւարդնաձեի ընդդիմադիրները, որպեսզի ադրբեջանական ընտրազանգվածը, որը «հիմնականում կողմնորոշված է դեպի իշխանություններ», հակադրվի հայկական համայնքին, եւ «հայկական ընտրազանգվածի մի մասը, չցանկանալով լինել «հակառակորդի» (ադրբեջանական) ճամբարում, անցնի ընդդիմության կողմը»։

Հետեւելով վիրահայ համայնքի գործունեությանը, պետք է նկատել, որ համայնքի ներսում ծագած խնդիրներն ավելի շատ անձնական հավակնությունների հետեւանք են։ Ցավալի է, որ հավակնություններին հագուրդ տալու ակնկալիքով երբեմն շահարկվում է Հայոց ցեղասպանությանՙ Վրաստանի ճանաչել-չճանաչելու հարցը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4