Կամՙ ո՞վ ումի՞ց «պակաս տղա է»
Ինչպես ողջ հանրապետությունում, Լոռու մարզում նույնպես ԱԺ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուները նախընտրական եռուզեռի մեջ են։
Մարզի ընտրատարածքներում իրենց թեկնածությունն առաջադրելու հայտ ներկայացրած 61 մարդուց, վերջին տվյալներովՙ 23-ը հրաժարվել են ընտրապայքարի մեջ մտնելուց։ Ըստ մեր ունեցած տվյալներիՙ մինչեւ սահմանված ժամկետը կլինեն նաեւ այլ հրաժարվողներ։ Իսկ առայժմ պատգամավորական 6 մանդատի հավակնող 38 թեկնածուներից մի մասը ճշտում է ուժերի հարաբերակցությունը, մյուսներն արդեն սկսել են ընտրարշավը։
Թիվ 35 ընտրատարածքում գրանցված 7 թեկնածուներից ընտրվելու առավել մեծ հավանականությունը ԱԺ «Ագրոարդյունաբերական ժող. միավորման» ղեկավար, անկուսակցական Վոլոդյա Բադալյանի կողմն է։ Այս ընտրատարածքում միակ կուսակցական թեկնածուն ՀՀԿ անդամ Վարազդատ Դանիելյանն է։
«Ամենաբարդը» թերեւս թիվ 36 ընտրատարածքն է, ուր պայքարը կշարունակի 9 թեկնածու։
Ըստ «ընտրամասնագետների»ՙ այստեղ հիմնական պայքարը կծավալվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, «Կանակա» ԲԲԸ-ի նախագահ Հայկ Հովիվյանի, «Մարինյանի նշխար» ՍՊԸ տնօրեն Արմեն Սարուխանյանի եւ ՀՅԴ անդամ Զոհրապ Թորոսյանի միջեւ։ Այս ընտրատարածքը բավականին «կուսակցականացված» է։ Թեկնածուներ կան նաեւ «Ազգային միաբանությունից», ՀԴԿ-ից եւ ՀԿԿ-ից, որոնց ընտրվելու հնարավորությունները բավականին սակավ են։
Թիվ 37 ընտրատարածքում գրանցված 4 թեկնածուներից թեժ պայքար է սպասվում ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եւ ՀՀԿ անդամ, ազատամարտիկ, նախկինում «Վրեժ» ջոկատի հրամանատար Կարեն Սարիբեկյանի միջեւ։
Բավականին «բարդ» ընտրատարածք է նաեւ թիվ 38-ը։ Այստեղ բուռն քարոզարշավ են ծավալել ԱԺ պատգամավորներ, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Վռամ Գյուլզադյանը եւ ՀՅԴ անդամ Մարտուն Մաթեւոսյանը։ «Մարտականորեն» են տրամադրված, սակայն դեռեւս «հապաղում են» «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Վահան Ղույումչյանը եւ ՀՌԱԿ ներկայացուցիչ Ֆերդինանդ Հարոյանը։
Հետաքրքրական է, որ այս ընտրատարածքում «Օրինաց երկիրը» ունի եւս մեկ թեկնածու։ Իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ «Ազգային միաբանության», ՀՀԿ ներկայացուցիչները, մեկ նախկին ՀՀՇ-ական եւ մի քանի անկուսակցական։
Մարզի «ամենախաղաղ» ընտրատարածքը թերեւս թիվ 39-ն է, ուր 4 թեկնածուներից 3-ը հրաժարվել են ընտրապայքարից, եւ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը մայիսի 25-ին ընտրվելու համար մեծ ջանքեր չի գործադրի։
40-րդ ընտրատարածքում գրանցված 8 թեկնածուներից հավակնորդներ են համարվում ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ անդամ Հովհաննես Քոչինյանը, անկուսակցական Համլետ Թամազյանը եւ ՀԺԿ անդամ Լարիսա Փարեմուզյանը։ Վերջինս ԱԺ նախորդ ընտրություններում պարտություն է կրել, եւ այժմ էլ, ըստ մեր տվյալների, հիմնական պայքարը կծավալվի առաջին երկու թեկնածուների միջեւ։ Այստեղ գրանցված են նաեւ թեկնածուներ ՀԺԱՄ, «Ազգային միաբանություն», ՀՀՇ կուսակցություններից։
Ինչ վերաբերում է համամասնական տեղերի համար պայքարին, առաջադրված կուսակցություններն ու միավորումները մարզում դեռեւս ակտիվ քարոզարշավ չեն սկսել, բացառությամբ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հզոր հայրենիքի»։
Դեռեւս շարունակվում են «բանակցությունները որոշ թեկնածուների միջեւՙ մեկը մյուսին «չխանգարելու», թեկնածությունը առավել «ուժեղի» օգտին հանելու վերաբերյալ։
Ամենահետաքրքրականը եւ երբեմն էլ զավեշտականը «վերեւներից» ստացած «դաբրոների» մասին խոսակցություններն են, որոնց հեղինակ թեկնածուների մի ստվար մասը ուղղակի «զոռ է տալիս» երեւակայությանը, չունենալով ընտրվելու որեւէ հնարավորություն։
Նույնիսկ ըստ այդ արկածախնդիրներիՙ երեւանյան միեւնույն բարձրաստիճան պաշտոնյան նույն ընտրատարածքում «դաբրո» է տվել մի քանի թեկնածուի, որոնք իրարից անկախ պարծենում են այդ իրողությամբ։
Որոշ թեկնածուներ էլ, ստանալով թերթում քարոզչություն տպագրելու առաջարկը, խնդրում են նախ իրենց համար նախընտրական ծրագիր գրել։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են ուզում պատգամավոր դառնալ, պատասխանում են.
¬ Ապեր, կարո՞ղ ա ես էդ հիմիկվա պատգամավորներից պակաս տղա եմ։
Ավել կամ պակասը պարզ կդառնա մայիսի 25-ից հետո, իսկ նման տրամաբանություն ունեցող թեկնածուներից շատերը չեն կարողանում նույնիսկ առանց կոպիտ տառասխալների իրենց կենսագրությունը գրել։
Ինչեւէ, մարզում, անշուշտ, կան պատգամավոր դառնալու արժանի թեկնածուներ։ Մնում է, որ ժողովուրդը քվեարկի հենց նրանց օգտին, չխաբվելով մյուսների խոստումներով եւ լոբի-ալյուր-ձեթ-մակարոնային «բարեգործություններով»։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ