Նիստում ներկայացվեցին նաեւ ստացված դիմում-բողոքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ միաձայն հաստատելով իր նիստի օրակարգը, առաջին կետով լրացումներ եւ փոփոխություններ կատարեց «Զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու, ընտրական տեղամասեր կազմավորելու կարգը սահմանելու մասին» ԿԸՀ նոյեմբերի 20-ի որոշման մեջ։ Համաձայն այդ փոփոխությունների, որոնք տեխնիկական էին, որոշման տարբեր կետերում ավելացվեցին հանրաքվեին վերաբերող բառեր։
Օրակարգի երկրորդ հարցը «Արդարություն» նախընտրական դաշինքի եւ «Սահմանադրական իրավունք միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ընտրացուցակներում ընդգրկված պատգամավորության թեկնածու Արամ Կարապետյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին էր։
Համաձայն ներկայացված որոշման նախագծի, Արամ Կարապետյանի գրանցումն անվավեր ճանաչելու հիմք էր ընդունվում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ապրիլի 30-ի տրված գրությունը, համաձայն որի «Արամ Կարապետյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում»։ Նաեւ առաջարկվում էր ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի մարտի 13-ի տված տեղեկանքըՙ վերջին 5 տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին, համարել անվավեր։
Խնդիրն այն է, որ 1992 թ.-ին Արամ Կարապետյանը հաշվառվել է Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 26 շենք, բն. 64 հասցեում։ 1997 թ.-ի հունվարի 13-ից Արամ Կարապետյանը հաշվառվել է նաեւ Մոսկվայի Վերնանդսկու պողոտայի տուն 15, բն. 342 հասցեում, մշտական բնակության հիմունքներով։ Եվ, հաշվի առնելով ՀՀ կառավարության 1998 թ.-ի դեկտեմբերի 25-ի «ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը, ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» որոշումը, համաձայն որի հանրապետության քաղաքացիների հաշվառումը կատարվում է միայն մեկ հասցեով, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ պրն Մահտեսյանի ստորագրությամբ տեղեկանքում նշվում է, որ Արամ Կարապետյանի 1997 թ.-ից Մոսկվայում հաշվառվելուց հետո անվավեր է նաեւ վերջինիս հաշվառումը Երեւանում։
ԿԸՀ է ներկայացվել նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը, համաձայն որի Արամ Կարապետյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում։
ԿԸՀ անդամ Զավեն Պլուզյանը ներկայացված որոշման նախագծի կապակցությամբ նշեց, որ փաստաթղթերից իսկապես պարզվում է, որ Արամ Կարապետյանը չէր կարող գրանցվել որպես թեկնածու։ Սակայն, ըստ պրն Պլուզյանի, դեռ նախագահական ընտրությունների ժամանակ այդ մասին իր բարձրացրած հարցն ուշադրության չարժանացավ։ Եվ ինչպես ենթադրեց Զավեն Պլուզյանը, դա արվեց Արտաշես Գեղամյանից Արամ Կարապետյանի միջոցով ձայներ տանելու համար։
Նախագիծը ներկայացնող ԿԸՀ անդամ պրն Սինանյանը բացատրեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ Արամ Կարապետյանի թեկնածության գրանցումը կարելի է բացատրել նրանով, որ, օրինակ, վերջին 10 տարուց սկզբնական 7 տարին Հայաստանում, ապա 3 տարի այլ տեղ ապրելու դեպքում համարվում է, որ քաղաքացին վերջին 10 տարում բնակվել է Հայաստանում։ Սակայն այդ նույն դեպքում, եթե վերցնում ենք վերջին 5 տարին, ստացվում է, որ քաղաքացին 2 տարի է մշտապես բնակվել Հայաստանում, ապա 3-ըՙ այլ պետությունում։ Այսինքնՙ վերջին 5 տարվա կտրվածքով քաղաքացին մշտապես չի բնակվել Հայաստանում։
«Արդարություն» նախընտրական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե ըստ իրեն ի՞նչ է նշանակում մերժել Արամ Կարապետյանին որպես պատգամավորության թեկնածուի գրանցումը։ Պրն Խաչատրյանը նշեց նաեւ, որ Արամ Կարապետյանը ինչ-որ ժամանակ փոխել է անձնագիրը եւ պարզ էլ չէ, թե մշտական գրանցում ասվածն ինչ է նշանակում Ռուսաստանի Դաշնության համար։
Հանձնաժողովի անդամները նշեցին, որ ԿԸՀ-ն առաջնորդվում է ստացած տեղեկանքներով։ Իսկ թե քանի՞ անգամ է անձնագիր փոխել Արամ Կարապետյանը, ԿԸՀ¬ի խնդիրը չէ։ Հարցը դրվեց քվեարկության։ Միաձայն որոշվեց, որ պատգամավորության թեկնածու Արամ Կարապետյանի գրանցումը համարվում է անվավեր։
Հանձնաժողովն անցավ օրակարգի երրորդ հարցին, որը վերաբերում էր Հանրային հեռուստատեսության կողմից ընտրությունների մասնակիցների նախընտրական քարոզչությունն իրականացնելու կարգը պահպանելուն։ Հարցը ներկայացնում է Պավել Եդիգարյանը։ Օրակարգի երրորդ հարցի կապակցությամբ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանն առաջարկեց հրավիրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներիՙ միասին քննարկելու առաջացած խնդիրները։
Նախագիծը ներկայացնող Պավել Եդիգարյանը համաձայնեց, ուստի հանձնաժողովն անցավ օրակարգի վերջին հարցին։ ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը ներկայացրեց ԿԸՀ ստացված դիմում-բողոքները եւ դրանց քննարկման արդյունքները։
Առաջին բողոքը վերաբերում էր թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Վերջինս տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու համար ԱԺՄ ներկայացուցչի ներկայացրած ցուցակը չէր հաստատել։ Պատճառաբանությունն այն էր, որ ցուցակը ստորագրել էր ոչ միայն թիվ 16-ի անդամ ԱԺՄ ներկայացուցիչը, այլեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը։
Պրն Աբրահամյանը նշեց, որ ընտրատարածքային հանձնաժողովը ճիշտ է վարվել, մինչդեռ, ըստ Պավել Եդիգարյանի, հանձնաժողովը ցուցաբերել է կամայական մոտեցում։ Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանափակում չի դնում ստորագրությունների հարցում։
Տարբեր կարծիքներ եւ առաջարկներ անելուց հետո ԿԸՀ-ն երկու ձեռնպահ եւ 7 կողմով որոշեց, որ վերացնում է թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ԱԺՄ ներկայացուցչի տված ցուցակները չհաստատելու մասին։
Համլետ Աբրահամյանը ներկայացրեց երկրորդ դիմում-բողոքը, որը ստացվել էր Արամ Կարապետյանից։ Այս հարցին ԿԸՀ-ն չանդրադարձավ, քանի որ խնդրի կապակցությամբ կա դատարանիՙ Արամ Կարապետյանի հայցը մերժող վճիռ։ Եվ երկու դիմում-բողոք վերաբերում էին թիվ 11 ընտրատարածքին, այն կապակցությամբ, որ մայիսի 3-ին ԱԺՄ-ն նշված ընտրատարածքի հանձնաժողովում փոխել է իր ներկայացուցչին։ Իսկ վերջինս պահանջում է միայն նշված լիազորության համար ժամկետը լրանալուց հետո չեղյալ հայտարարել նախորդ ներկայացուցչի ներկայացրած ցուցակներըՙ տեղամասերում հանձնաժողովների անդամների նշանակման համար։ ԿԸՀ-ն որոշեց, թե նման հնարավորություն տալու իրավունք չունի։ Իսկ այն, որ թիվ 11 ընտրատարածքի հանձնաժողովում ԱԺՄ ներկայացուցիչն իր հաջորդից որակվել էր հանցավոր համագործակցության կողմ, ըստ Պավել Եդիգարյանի, չի համապատասխանում իրականությանը։
Ա. Հ.