Սոցիալական բարենպաստ միջավայրի ստեղծումը մեր երիտասարդ պետության համար գերխնդիր է դարձել։ Այդ միջավայրն այսօր ծայր բեւեռացված է, նրա մի հատվածում արտոնյալ պայմաններում հայտնված հարուստների վերնախավն է, մյուսումՙ իր հայրենիքում օտարի զգացողությամբ, երկրից ու իշխանություններից նեղսրտած աղքատ բնակչության մի մեծ զանգված։ Սոցիալական զգայաչափի նիշերն իջել են այնքան, որ այլեւս դարձել են հասարակական զարգացումը խոչընդոտող լրջագույն գործոն։ Բնակչության մի ստվար մասն ապրում է դրսում աշխատանք գտած մերձավորների ուղարկած դրամով։
Սոցիալական միջավայրի առողջացումը բնակչության կենսամակարդակի բարձրացման միջոցով ՀՌԱԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթների առանձին բաժնեմաս է։ Կուսակցությունն ընտրում է մարտավարության այնպիսի մեթոդ, որը հիմնված է սոցիալական քաղաքականությանը հասցեագրված մոդելի վրա։ Այդ մոդելի էությունն ու բաղադրամասերը կազմվել են բավական հետաքրքրական տրամաբանությամբՙ նաեւ սոցիալական ոլորտում պետական մենաշնորհի վերացմամբ։ Այսինքնՙ սոցիալական ծանրացած խնդիրների լուծման մեջ կներառվեն միաժամանակ ե՛ւ պետության, ե՛ւ հասարակական կազմակերպությունների, ե՛ւ բիզնեսի ուժերը։ Իհարկե, այսօր էլ հասարակական կառույցի այս տարբեր խմբերից ամեն մեկն իր մասով, կարեցածի ու կամեցածի չափով մասնակցում է սոցիալական խնդիրների լուծմանը։ Սակայն համագործակցության բացակայությունը, շատ անգամ մեկը մյուսից անտեղյակ լինելու իրողությունը զարգացումները մղում են տարերային հունով, չկա կանոնակարգող, միջոցների շարժը խելամիտ ուղղորդող մեխանիզմ, եւ եթե այս կառույցներից որեւէ մեկին հաջողվում է ինչոր նպաստ բերել սոցիալական որեւէ հիմնահարցի լուծմանը, այդ ձեռնարկները մեծ մասամբ կրում են կարճատեւ բնույթ։ Այս գործընթացը հիշեցնում է այն մարդկանց, ովքեր բավարարվում են ծանր հիվանդ իրենց մերձավորին ստեպ-ստեպ ցավերը հանգստացնող դեղ տալով։
Սոցիալական քաղցկեղի վերացման հարցում հասարակական համերաշխության այս մոդելի հեռանկարը բավական գայթակղիչ է եւ կարող է խոստումնալից լինել։ Եվ, ի դեպ, սա նաեւ նորույթ է, որ հաջողելու դեպքում կարող է վերակենդանացնել սոցիալական օրգանիզմի քայքայման ենթակա հատվածները։ Հենց վերջերս այս դրույթը պետական եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության կտրվածքով փորձեցին կիրառել պետական առողջապահական կազմակերպությունները։ Ասել է թեՙ մարտավարական այս նոր շարժիչի անհրաժեշտության զգացողությունն արդեն թեւածում է օդում։
ՀՌԱԿ նախընտրական ծրագիրը բարեփոխումների դրույթներ է առաջարկում նաեւ աշխատանքային հարաբերությունների եւ զբաղվածության ոլորտում։ Աշխատողների մի մեծ բանակ աշխատաշուկայից դուրս է մղվել ոչ միայն տնտեսական փլուզումների եւ ձեռնարկությունների պարապուրդի հետեւանքով։ Աստիճանաբար առողջացման նշաններ ցուցաբերող տնտեսության շատ ճյուղեր մասնագետ կադրերի խիստ կարիք են զգում։ Հենց թեկուզ «Լինսի» հիմնադրամի միջոցներով ընթացող լայնածավալ շինարարության ոլորտը։ Այդ մասին պարբերաբար տեղեկացվում է ԶԼՄ-ով։ Գործազուրկների մեծամասնությունը, տարիներ ոչինչ չանելով, մասնագիտական պատրաստվածության մակարդակով դարձել է անհամապատասխան ու անպաշտպան սրընթաց արշավող տեսական ու տեխնիկական նորություններին հանդիման։ Այդ մարդկանց հոգեկան ու ֆիզիկական ճահճացումից դուրս բերելու, այդ խավի տնտեսական ներուժն օգտագործելու համար ռամկավարները մտադիր են ապահովել ուսուցողական ծրագրերի ներդրում, միջազգային չափանիշների համապատասխան մասնագիտական կրթական համակարգի աշխուժացում եւ արդյունավետ գործունեություն։ Գործատուի եւ աշխատողի միջեւ շատ ոլորտներում ստրկական կախվածության մակարդակի հասած հանցավոր հարաբերությունները կարող են կարգավորել միայն աշխատանքային օրենսդրության մեջ բարեփոխումները, ինչը եւ նախատեսում է ձեռնարկել ՀՌԱԿ-ն Ազգային ժողով մտնելուց հետո։ Կարծում ենք, որ այս ասպարեզում բեկումնային դերակատարում կարող է ունենալ հատկապես թաքնված ստվերային զբաղվածության դեմ պայքարն առաջնայնություն դարձնելը։ Ստվերային գործունեություն իրականացնող գործատուները եւ ֆիզիկական անձինք խուսափում են հարկերից, սոցիալական ապահովագրության մուծումներից։ Արատավոր միջավայրի ծաղկման սկզբնապատճառը թաքնված զբաղվածության դեմ պայքարի օրենսդրության բացակայությունն է, որ բումերանգի պես անդրադառնում է բնակչության սոցիալական շահերի վրա։
Միայն ստվերային ոլորտն օրինական դաշտ բերելու պետության վճռականությունը կարող է կենսաթոշակները զավեշտականից աստիճանաբար բերել բավարար վիճակի, տանելի դարձնել պետական հովանավորությունից զրկված տարեցների ու ծերերի անուրախ առօրյան։ ՀՌԱԿ ծրագիրը այս ասպարեզում եւս ուշագրավ բարեփոխում է առաջարկումՙ այլընտրանքային ոչ պետական հիմնադրամների զարգացում։ Աշխատաշուկայի կարգավորմանն ուղղված պետական անկամ, պասսիվ քաղաքականությունը վաղուց ակտիվացման ու նախաձեռնությունների կարիք ունի։
ՀՌԱԿ-ի կրթական բարեփոխումները մատնանշում են ոլորտի խոցերի բուժման հիմնական ուղղությունները, օրինակ, կրթական համակարգիՙ սոցիալ-տնտեսական պայմաններին ու տնտեսական պահանջներին համապատասխանեցումը։ Այս հիմնադրույթն առանցքային է այնքանով, որ այսօր հանրապետությունում առկա է ներկա եւ ապագա տնտեսագետների, իրավաբանների, բժիշկների ուռճացած բանակ։ Հատկապես ոչ պետական բուհերը նորաձեւ ֆակուլտետները խայծի նման առաջարկում են դիմորդներին, ովքեր ընդունում են այնՙ առանց աշխատաշուկայում սեփական տեղն ունենալու որեւէ երաշխիքի։
Հանրակրթական հատվածը եւս վաղուց նահանջել է ե՛ւ բովանդակային, ե՛ւ ուսուցիչ կադրերի որակի, ե՛ւ նրանց հեղինակության առումով։ Ցանկացած երկրի անվտանգությունը ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ու սոցիալական առումներով կախված է նրա կրթական ասպարեզում վարած քաղաքականությունից։ Մեզնից առաջ այս ճշմարտությունը գիտակցած շատ երկրներում պետբյուջեից կրթական ոլորտին հատկացումները հաճախ հավասարվում են ռազմական, պաշտպանության ասպարեզի հատկացումներին։ Ոչ ոքի գաղտնիք չէ, որ կաշառակերությունն ու կաշառատվությունը կրթական շատ հաստատություններում վարքի նորմա են դարձել։ ՀՌԱԿ-ն առաջարկում է կրթության ոլորտի աշխատողների վարձատրության նոր համակարգ, որը, ենթադրաբար, պիտի մեղմացնի չարիքի գործողության ակտիվությունը։ Կարծում ենք, որ դիտարկելի հիմնախնդիր է նաեւ ոչ պետական բուհերի եւ արդեն իսկ այդ բուհերն ավարտած երիտասարդների կարգավիճակի հստակեցման գործընթացների արագացումը։
Անկասկած, սոցիալական բոլոր հիմնախնդիրները փոխկապված են, բխում են մեկը մյուսից, լրացնում կամ հարվածում են մեկը մյուսին։ Եվ առողջապահական բնագավառը սոցիալական իրականության համատեքստում չի կարող նպաստավոր վիճակում հայտնվել։ Արդեն 10 տարի խոսվում է ապահովագրական բժշկության անցնելու մասին, բայց հանրապետությունում առ այսօր ընդամենը 1¬2 կառույցներ են ստեղծվել։ Աշխարհի փորձն ապացուցում է, որ արդյունավետ առողջապահական սպասարկման երաշխավորն այս համակարգին տիրապետելն է։ ՀՌԱԿ նախընտրական պլատֆորմը եւս խնդրին մոտենում է այս դիտանկյունից։ Ի դեպ, բնակչության լայն զանգվածների համար բուժօգնության մատչելիությունն ապահովելու համար դարձյալ առաջարկվում է նոր սկզբունքՙ ստեղծել առողջապահության ֆինանսավորման այնպիսի համակարգ, որի հիմքում ընկած լինի անձիՙ ֆինանսավորման սկզբունքը։
Իբրեւ ասպարեզին ուղղված օժանդակ ենթադրույթ, ավելացնենք նաեւ հետեւյալը. նախատեսել պետպատվերային սպասարկումների ֆինանսավորման այնպիսի մեխանիզմ, որ ոչ միայն հրապարակային ու բաց լինի (բնակչության 90 տոկոսն անտեղյակ է պետպատվերային սպասարկումների տեսակի, ծավալների ու տրամադրման կարգի մասին), այլեւ ձերբազատված խաբուսիկ, երեւութական աջակցության պատյանիցՙ իրապես հովանավորելու անվճար բուժօգնության կարիք ունեցողներին։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ