«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2003-05-03 | #85, 2003-05-06 | #86, 2003-05-07


ԺՎԱՆԻԱՅԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾԵՑԻՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՀԱՄԱԽՈՀԻՆ

Վախթանգ Ռչեուլիշվիլին խորհրդարանի նախկին նախագահին մեղադրել էր արվամոլության եւ հայ լինելու մեջ

Վրաստանի խորհրդարանը հուսալքված հասարակությանը զվարճանալու նոր պահ պարգեւեց. երկուշաբթի երեկոյան խորհրդարանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիայի կողմնակիցներ Գեորգի Բարամիձեն, Միխայիլ Մաճավարխանին, Զուրաբ Ծղիտիշվիլին, Դավիթ Թղեշելաշվիլին, Զազա Շերեզադաշվիլին եւ Վասիլ Մաղլափերիձեն դաժանորեն ծեծեցին խորհրդարանի փոխնախագահ Վախթանգ Ռչեուլիշվիլուն։

Ծեծը շարունակվել է մոտ կես ժամ, կռվի մասնակիցներն օգտագործել են նոր զենքՙ խորհրդարանի կահկարասին։ Սոցիալիստ Ռչեուլիշվիլին, որը նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հատուկ ներկայացուցիչն է վրաց-օսական հակամարտության կարգավորման հարցում, գլխին ստացած մոխրամանի, ծաղկամանի հարվածներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։

Շաբաթ օրը, երիտասարդ սոցիալիստների կոնգրեսում, ելույթի ժամանակ Ռչեուլիշվիլին «Միացյալ ժողովրդավարների» առաջնորդ Զուրաբ Ժվանիային մեղադրել էր արվամոլության եւ հայ լինելու մեջ, ինչը եւ առաջացրել էր Ժվանիայի կողմնակիցների զայրույթը։

Վերջիններս Ռչեուլիշվիլուն «բռնեցրել» են խորհրդարանում եւ առաջարկել հրապարակավ ներողություն խնդրել իր ասածների համար։ Բնականաբար, որպես իսկական ջիգիթ, Ռչեուլիշվիլին կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել, հակառակըՙ կրկնել է, որ վրացական ընդդիմության առաջնորդների մի մասը արվամոլ է։

Ծեծը տեղի է ունեցել խորհրդարանի սենյակներից մեկում, որտեղ «Միացյալ ժողովրդավարներն» արյունլվա են արել Շեւարդնաձեի համախոհին։ Վրացական լրատվամիջոցներն արձանագրում են, որ այդ սենյակից լսվել են սարսռազդու բղավոցներ, հայհոյանքներ։

Երեկոյան վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը կազմակերպեց «թոք-շոու», որի ընթացքում հեռուստալսարանին հնարավորություն էր ընձեռվել տեսակետ արտահայտելՙ քվեարկելով երեք հարցերից մեկի օգտին. քաղաքական հաշիվներ մաքրելու համար նախընտրելի է ծեծկռտո՞ւքը, միմյանց վիրավորանքներ հասցնե՞լը, թե՞ երկխոսությունը։

Հեռուստադիտողների 70 տոկոսը ձեռնամարտին կողմ արտահայտվեց։ Սա, անշուշտ, զարմանալի չէ, քանզի ծեծկռտուքը վրացական քաղաքական մշակույթի անքակտելի բաղադրամասն է։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4