«Հունաստանի» առեւտրային բանկ (Հայաստան)» ՓԲԸ իրավաբանական վարչության պետ, իրավագիտության թեկնածու Վահագն Փիլիպոսյանը ՀՌԱԿ համամասնական ցուցակում 20-րդն է, նաեւ մեծամասնական ընտրակարգով թիվ 16 ընտրատարածքում առաջադրել է իր թեկնածությունը։ Զբաղվում է փաստաբանական գործունեությամբՙ հիմնականում օտարերկրյա ընկերություններին աջակցելով մուտք գործելու Հայաստան։ Նաեւ իր մեծ նպաստով վերջին տարիների ընթացքում Հայաստան են ներհոսել 3¬3,5 մլն դոլարի ներդրումներՙ արդյունաբերության եւ սպասարկման ոլորտներում։ ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ է։
¬ Ձեր նախընտրական պլատֆորմն առանձնանո՞ւմ է կուսակցության հիմնադրույթներից, լրացնո՞ւմ, թե՞ մասնավորեցնում է դրանք։
¬ Էությունը, ընդհանուր առմամբ, նույնն էՙ բավական իրատեսական։ Շատ կարեւորում եմ գաղափարները ընտրողներին հասցնելու, ընկալելի դարձնելու հանգամանքը։ Հենց դա հնարավորություն կտա մեղմացնելու ընտրակեղծիքների, ընտրանվերների ու ընտրակաշառքների հավանականությունը, որ կիրառում են շատ քաղաքական ուժեր։ Մենք ունենք ե՛ւ իրական ֆինանսական բազա, ե՛ւ մասնագիտական ռեսուրսներ, որոնց օգնությամբ հնարավոր է իրականացնել այն, ինչ խոստանում ենք։ Կուսակցության համար երկարամյա իր ծրագրերից շատերն իրացնելու եզակի հնարավորություն է ստեղծվել, եւ բնակչության համար էլ այդ իրողությունից օգտվելու հնարավորությունը բացառիկ է։ Ռեալ պլաններ կան, որոնք կարող են իրապես բարեփոխել տնտեսության, ուրեմն եւ ընտրողների սոցիալական վիճակը։
¬ Ձեր ծրագիրն ի՞նչ խնդիրների առաջնայնություն է նշում։
¬ Բնականաբար, իբրեւ իրավաբանի, իմ ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է իրավական օրենսդրական համակարգի բարեփոխումը հատկապես տնտեսական ասպարեզում։ Մասնավորապես, բանկային ոլորտի հետ վերջին մի քանի տարիների աշխատանքն ինձ համոզեց, որ այս դաշտում օրենսդրական փոփոխությունների խիստ կարիք կա։ Եվ շատ ավելի էական է, որ ոչ միայն այս, այլեւ մյուս դեպքերում եւս օրենսդրական փոփոխություններ նախաձեռնի տվյալ ասպարեզի թե դրական, թե բացասական միտումներին տեղյակ մեկը։ Կոնկրետ ես գտնում եմ, որ այսօր հակասություններ են առկա բանկային եւ հարկային օրենսդրությունների միջեւ, հանգամանք, որ խիստ բացասաբար է անդրադառնում նրանց գործունեության վրա։ Կենտրոնական բանկը (ԿԲ) երբեմն այնպիսի որոշումներ, ենթաօրենսդրական ակտեր է նախաձեռնում, որոնք գուցե եւ միտված են կարգավորումների, բայց շատ կետերով բախվում են հարկային օրենքներին։ Եվ լինում է այնպես, որ կատարելով հարկային տեսչության հանձնարարականը, բանկը ենթարկվում է ԿԲ-ի տուգանքներին արժանանալու սպառնալիքին, եւ հակառակը, կատարելով վերջինիս հրահանգը, տուգանվում է հարկայինի կողմից։ Միեւնույն խնդրի հանդեպ երկակի մոտեցումներ են գործում, որոնք անպայման պիտի ճշտվեն ու հստակեցվեն օրենսդրորեն։
¬ Դուք արդեն 11 տարի ԵՊՀ-ի «Ինտելեկտուալների միություն» հասարակական կազմակերպության նախագահն եք, կազմակերպությունը մասնակցելո՞ւ է քաղաքական դերակատարումների։
¬ Մեր կազմակերպության կազմում այսօր ֆիզիկոսներ են, մաթեմատիկոսներ, բանասերներ, պատմաբաններ, իրավաբաններ ու փիլիսոփաներ։ Տարիների ընթացքում աստիճանաբար հասունացավ նաեւ քաղաքականությանը մասնակցելու միտումը։ Անցած տարի մենք հայտարարեցինք ռամկավարներին միանալու մեր մտադրության մասին, ստեղծվեց առանձին ակումբ, կազմակերպության տասնյակ ներկայացուցիչներ կուսակցության անդամ դարձան եւ, իհարկե, մասնակցելու են ՀՌԱԿ-ի ծրագրերի իրականացմանը։
¬ Ընտրողներին խորհրդարանը նվաճելու հավակնորդները բազմազան հրապուրիչ ծրագրեր են հրամցնում։ Ինչպե՞ս նա ճիշտ ընտրություն կատարի։
¬ Ես համոզված եմ, որ մեր քաղաքական իրականությունը հստակեցվելու, բեւեռները տեսանելի դարձվելու կարիք ունի. ովքե՞ր են ի վերջո աջերն ու ձախերը, աջ ու ձախ կենտրոնամետները եւ այլն։ Այս իրավիճակը նախորդ իշխանությունների (մինչեւ 1998 թ.) քաղաքականության հետեւանքն է. ամեն ինչ արվում էր, որ կուսակցական համակարգը փլուզվի, ոչ թե կայանա, որովհետեւ շատ ավելի հեշտ է տրոհված մասնիկների ղեկավարումը։ Վերջին ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, նկատելի է դարձել կուսակցությունների քանակի նվազումը, գոնե նախկին տեմպերով չեն ավելանում։ Սա, այսպես ասած, նաեւ «ձախություն» հիվանդության նման մի բան է, մանկության շրջան քաղաքականության մեջ, եւ մենք էլ պիտի անցնենք։ Այս իրավիճակում ընտրողների գործն իսկապես դժվար է լինելու։ Սակայն ընտրություններն ապացուցեցին, որ ընտրողների մի մեծ զանգված բավական ակտիվ է (նկատի ունեմ նրանց մասնակցության մեծ ցուցանիշը), եւ այդ ակտիվությունը պարզապես պիտի ուղղորդել ճիշտ հունով, ակտիվ քարոզչական աշխատանքի կարիք կա։ Որովհետեւ եթե իսկապես ցանկանում ենք ժողովրդավարական երկիր կառուցել, մեկ ձայնի արժեքն էլ կարեւոր է։ Ընտրողների ակնկալիքները պիտի միասնականանան մեկ ընդհանրական գաղափարի մեջ։ Բոլորը խոսում են քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին, սակայն կոնկրետ ի՞նչ է այն, ոչ ոք չի ասում։ Ընդամենը ներկայացվում է տեսական գաղափարը։
¬ ՀՌԱԿ ծրագիրը եւս ընդգծում է ազդեցիկ հասարակություն կառուցելու հիմնադրույթը։
¬ Դրա համար կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ մեր հոգեբանության մեջ, օրինակՙ բոլշեւիկյան այն մտածողությունը, որ մերժում է հարուստների գոյությունը, մեր գիտակցությունից պիտի դուրս գա։ Շատ ավելի ցանկալի է, որ աղքատներ չլինեն։ Կարծում եմ, հենց դրան է միտված ռամկավարների գաղափարախոսությունը, որովհետեւ այդ դեպքում միջին խավի ձեւավորումն ավելի հեշտ կընթանա։
¬ Կա նաեւ այն իրողությունը, որ ժողովուրդը մերժում է ոչ թե հարուստներին ընդհանրապես, այլ անազնիվ ճանապարհով ձեռք բերվածը։
¬ Ֆորդին երբ հարցնում են, թե կարո՞ղ է երդվել, որ իր միլիոններն ազնիվ ճանապարհով է վաստակել, ասում էՙ այո, բացի առաջին 1 միլիոնից։ Ղազախստանը յուրօրինակ համաներում հայտարարեց իր երկրի հարուստների նկատմամբՙ խոստանալով ոչ քննել, ոչ պատժել նրանց, եթե անազնիվ են վաստակել կապիտալը, պայմանով, որ ազնվորեն հայտարարագրեն իրենց ունեցվածքը, վերադառնան հարկային դաշտ եւ կանոնավոր վճարումներ անեն։ Հոգեբանական նման ռեֆորմների կարիք ունի եւ մեր հասարակությունը, որը, ցավոք, այս պահին դեռ պատրաստ չէ դրանց։ Բայց նման նախաձեռնություն գուցե մեզ մոտ էլ պիտի լինի։
¬ Ո՞ւմ եք համարում լուրջ մրցակից թիվ 16 ընտրատարածքում։
¬ Թերեւս Շավարշ Քոչարյանին, Արարատ Զուրաբյանին եւ Վլադիմիր Բադալյանին։ Ընդ որում, առաջին 2-ինՙ քաղաքական շահաբաժնով, 3-րդինՙ ֆինանսական ռեսուրսներով։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակում իմ տեղին, նման ուժեղ թիմում իմ դիրքը դրական եմ գնահատում։ Դա ինձ ինքնավստահություն է տալիս առավել լուրջ պայքարելու մեծամասնական տեղի համար։ Կարեւորն ընտրատարածքի բոլոր ընտրողների հետ շփվելու հնարավորությունն է, որի դեպքում վստահ եմ իմ հաղթանակին։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ