Արցախում ՌԱԿ ղեկավարներից Լ. Քեբաբջյանը պարգեւատրվեց «Երախտագիտություն» մեդալով
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Մայիսիննյան տոներին նվիրված միջոցառումները Արցախում սկսվել էին դեռեւս մայիսի 7-ից։ Այդ օրը Շուշիում Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես 11 տարի առաջ նոր ազատագրված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, վերստին մատուցեց սուրբ պատարագՙ ոգեկոչելով ազատության համար նահատակվածների հիշատակը։
Տոնական միջոցառումները շարունակվեցին հաջորդ օրը մայրաքաղաք Ստեփանակերտում եւ հանրապետության շրջկենտրոններում։ Արցախյան գոյամարտի փառավոր տարեգրությանը նվիրված ցերեկույթներ եւ այլ միջոցառումներ կազմակերպվեցին ինչպես զորամասերում, այնպես էլ բարձրագույն եւ միջնակարգ կրթական հաստատություններում։
Նույն օրը ԼՂՀ կառավարության նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ նաեւ արցախյան ազգային-ազատագրական պայքարն արտացոլող գեղարվեստական գործերի Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը 2002 թ. հաղթողներին։
Իսկ երեկոյան Ստեփանակերտի սպայի տան դահլիճում կայացավ հանդիսավոր ժողովՙ նվիրված Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան։ Հանդիսավոր ժողովին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, պաշտպանության բանակի, հոգեւոր եւ մշակութային ոլորտի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
Հայ ժողովրդի համար մայիսյան Եռատոնի պատմական մեծ նշանակության մասին զեկուցումով հանդես եկավ ԼՂՀ ՊԲ հրամանատարի դաստիարակության գծով տեղակալ, գնդապետ Վլադիմիր Խաչատրյանը։ Հրապարակվեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ողջույնի հեռագիրը։
ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը նույնպես շնորհավորելով տոների առիթովՙ պետական պարգեւներ հանձնեց ռազմական եւ հասարակական-քաղաքական գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձանց։ Այդ շրջանակում «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնվեց Անգլիայի Լորդերի պալատի փոխնախագահ, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Քերոլայն Քոքսին։ Բարոնուհու պարգեւատրումը համընկավ նրա Արցախ կատարած 54-րդ այցին։
«Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվեց նաեւ Ֆրանսիայից ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Լեւոն Քեբաբջյանը եւ տիկինըՙ Նադյան, որոնք ԼՂՀ տնտեսական զորացման գործում իրենց անուրանալի ավանդն ունեն։
Մայիսիննյան տոնական ծրագիրն առավել հագեցած էր հաջորդ օրը։ Միջոցառումները սկսվեցին Ստեփանակերտի կայազորի զինծառայողներից բաղկացած զորասյուների շքերթով մայրաքաղաքի փողոցներով։ Այնուհետեւ մարդկանց հոսքն ուղղվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրվեցին նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատվանդանին։ Ժամը 11-ին հուշահամալիր այցելեցին նախորդ օրվա երեկոյան Ստեփանակերտ ժամանած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի եւ ԼՂՀ ղեկավար այրեր։ Նրանք ծաղիկներ դրեցին նաեւ Շուշին ազատագրած առաջին տանկի պատվանդանին եւ Շուշիումՙ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։
Տոնական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում կազմակերպվեցին մարզական մի շարք միջոցառումներ եւ համերգային ելույթներ Արցախի եւ Հայաստանի գեղարվեստական խմբերի կատարմամբ։ Երեկոյան մայրաքաղաքում տեղի ունեցավ տոնական հրավառություն։