«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2003-05-08 | #88, 2003-05-09 | #89, 2003-05-10


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԸ «ԶՈՀՎՈՒՄ» Է

Իսկ SOS-ը չի լսվում

Դպրոցն ու հանրակրթությունը մշտապես եւ մեծապես կարեւորվում են։ Ամենուր յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն, որ այսպես թե այնպես, անգամ անըմբռնելիորեն մի փոքր կապված է կամ շփվում է հանրակրթական դպրոցների հետ, ամեն հնարավորություն օգտագործում է բարձրացնելու մատաղ սերնդին կրթելու կարեւորությունն ու նշանակությունը։

Իհարկե, սերունդ դաստիարակելու խնդիրը կարեւոր է գիտակից մարդու համար։ Բայց այս եւ նմանատիպ բոլոր հարցերում անհրաժեշտ է ոչ թե մեծ-մեծ խոսել, այլ կոնկրետ, թեկուզ փոքր-փոքր գործ անել։

Այն, որ դպրոցի նկատմամբ ուշադրությունը ե՛ւ վերեւից, ե՛ւ ներքեւից պակաս է, հավաստիացանք, երբ եղանք Բյուրականի միջնակարգ դպրոցում։

Նախ, դպրոցն ուղղակի անմխիթար վիճակում էր, շենքըՙ կիսաքանդ, պատուհանների որոշ մասնՙ առանց ապակի։ Միջանցքներում պատերն ու դռներն այնպիսի վիճակում են, կարծես վերջին 10-ամյակում դպրոցի շենքում որեւէ շունչ չի եղել, եղածն էլՙ ավերել ու տարել են պատահական անցորդները։

Դպրոցն ամբողջապես խոնավ է եւ առաջին հայացքից ոչ թե վատ պայմաններ ունեցող շինության տպավորություն է թողնում, այլ հակասանիտարական վիճակում գտնվող մի լքված տարածքի։ Եվ ամենահետաքրքրական հանգամանքն այն է, որ այդ դպրոցում ոչ թե մյուս ոչ մեծ բնակավայրերի դպրոցների նման մի քանի 100 աշակերտ է սովորում, այլ մոտ 1000։

Դպրոցի տնօրեն Խաչատուր Գրիգորյանի խոսքերով, դպրոցի տնօրենությունը մի քանի անգամ դիմել է համապատասխան գերատեսչությունների, բայց պատասխան այդպես էլ չի ստացվել։ Առնվազն տարօրինակ եւ չարդարացված կարելի է համարել վերադասների անտարբերությունը։ Բայց պակաս տարօրինակ չէ եւ այն հանգամանքը, որ տնօրենությունն ու համայնքն էլ, ըստ էության, չեն անում հնարավորը, մանավանդ որ Բյուրականը մեր հարուստ բնակավայրերից է համարվում։

Ինչ-ինչ կոսմետիկ հարդարանքի գործեր, ըստ տնօրեն պրն Գրիգորյանի, կատարվել են աշակերտների ծնողների միջոցով, սակայն դրանք վստահաբար չափազանց քիչ են։

Եվ այս ամենն այն դեպքում, երբ գրեթե ոչ մեկը չի ալարում խոսել դպրոցի ռազմավարական նշանակությունից։ Իսկ որ դպրոցի շենքը խիստ անհրապույր է եւ անգամ վտանգավոր աշակերտի առողջության համար, երեւի ոչ մեկին չի հուզում։

Ցավոք, Բյուրականի միջնակարգ դպրոցը եզակի դեպք չէ, բայց երեւի ինչ-որ տեղից սկսել պետք է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ «շահագրգիռ» կողմերը շատ են. կրթության եւ գիտության նախարարությունը, հասարակական եւ քաղաքական տարբեր կազմակերպությունները, դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կազմը, աշակերտներն ու նրանց ծնողները։ Հարցը, թերեւս, այն է, թե ով եւ որքան է շահագրգռված իրականում։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բյուրական


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4